Հենց սկզբից նշենք, որ թռչնատեսակներից յուրաքանչյուրի ձագի խնամքն իր առանձնահատկություններն ունի:
Առավել հաճախ օգնության կարիք են ունենում այն ձագերը, որոնք նոր են սկսել թռչել բնից (ճնճղուկները, ագռավները, կաչաղակները, սարյակները և այլն): Եթե նրանք անվտանգ տեղում են, պետք չէ նրանց ձեռք տալ, քանի որ դա թռչունի կայացման բնական ճանապարհն է: Ձագուկի ծնողները միշտ կողքին են` նրանք կերակրում են և պաշտպանում են ձագին մինչ անհրաժեշտ հմտությունների ձևավորումը: Սակայն դա չի վերաբերում մանգաղաթևին, որի ձագերը ձվից դուրս գալուց 40 օր հետո արդեն ինքնուրույն են թռչում բնից` ծնողները ստիպված չեն լինում նրանց թռչել սովորեցնել:
Եթե մանգաղաթև եք գտել, փորձեք օգնել, որ թռչի, քանի որ նրանք իրենց կառուցվածքի առանձնահատկությունների պատճառով չեն կարողանում թռչել գետնից` կարճ թևեր ու երկար ոտքեր ունեն: Ուստի, բարձրացրեք նրան ձեր գլխավերևում և մի փոքր վեր նետեք: Եթե թռչունը չի կարողանում թռչել, ապա դա բնից վայր ընկած ձագ է, կամ հիվանդ թռչուն: Ի դեպ, մանգաղաթևներին խնամելը շատ յուրահատուկ գործընթաց է` կապված նրանց նուրբ կառուցվածքի և սննդակարգի հետ:
Առանձին թեմա են բնից վայր ընկած ձագերը: Որպես կանոն, այդ ձագերն իրենք են անզգուշությամբ վայր ընկնում կամ ընկնում են ուժեղ քամու ժամանակ: Դա տեղի է ունենում փորք ձագերի դեպքում, որոնք դեռ փետուրներ չունեն, կամ որոնց փետուրները դեռ քիչ են` նրանք պոչ չունեն, իսկ թևերին գերակշռում են խողովակները: Վայր ընկած ձագերը նորմալ ակտիվություն չեն ցուցաբերում, այլ, որպես կանոն, պառկած են մնում գետնին և ծվծվում են: Հաճախ այդպիսի ձագուկները վնասվածքներ են ստացած լինում և բնության մեջ չեն ապրում` քանի որ շտապ բուժման և տևական վերականգնման կարիք են ունենում:
Կարելի է մի փոքր թեստ անցկացնել ստուգելու համար ձագի տարիքը` փորձեք նրան նստեցնել ձեր մատին: Եթե ձագուկը վստահորեն բռնում է այն, ապա, հավանաբար, նա նոր է սկսել թռչել: Եթե թռչունը դժվարությամբ է թափահարում թևերը, ապա, հավանաբար, վիրավոր է: Նաև, եթե թռչունը դողում է, դա կարող է հիվանդության կամ ջրազրկման նշան լինել:
Եվ այնուամենայնիվ, եթե դուք որոշել եք խնամել թռչնակին, անպայման իմացեք, թե որ կերն է հակացուցված, քանի որ որոշ թռչնատեսակների սնունդը յուրահատուկ է: Օրինակ, թռչունների մեծ մասը կաթ չի ընդունում:
Որոշեք թռչնատեսակը և նրան հատուկ սննդակարգը: Ձագի սննդակարգը կախված է նրանից, թե ինչով են սնվում նրա ծնողները: Օրինակ, ամուրիկը կամ կարմրակատարը, հատիկավորներ են ուտում, մանգաղաթևն ու ծիծեռնակը` միջատակեր են, ճնճղուկները հիմնականում բուսական սնունդ են ընդունում, միայն գարնանը մասնակիորեն միջատների անցնելով, որոնցով նաև կերակրում են ձագերին: Ագռավներն ամեն ինչ են ուտում, ընկույզից և հատապտուղներից սկսած և միջատներով ու մանր կրծողներով վերջացրած:
Թռչնակին ջուր մի տվեք: Եթե կերը բավականաչափ խոնավ է, ապա ձագին չի պահանջվի լրացուցիչ ջուր, առնվազն, մինչ փետուրների ձևավորումը: Ջուրը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ, քանի որ ձագը կարող է ներշնչել այն ու շնչահեղձ լինել:
Օգտագործեք առանց ասեղի ներարկիչ` ձագին կերակրելիս ըմպանի խորքը հասնելու համար (ձայնաճեղքից խորը): Կամ կերը մատուցեք գնդիկի ձևով: Ըստ էության, ձագին տրվող ամբողջ կերը պետք է ոլոռի հատիկի չափ լինի: Սոված թռչունը ակտիվ կուտի: Եթե ակտիվ չէ, ուրեմն, հավանաբար, արդեն կուշտ է:
Եթե ձագը ջրազրկված է թվում, կարելի է նրան մի քիչ քաղցրացված ջուր տալ: Մատով մի կաթիլ այդ ջրից կաթեցրեք կտուցի մեջ, որպեսզի նա կարողանա է լիզել այն: Ջրազրկման նշաններից է չոր բերանը և կարմրած մաշկը: Նաև ջրազրկման դեպքում պարանոցի հետին մասի կաշին անմիջապես նույն ձևը չի ընդունում, եթե կսմթես:
Մոտավորապես 4-շաբաթական ձագը սկսում է սովորել ինքնուրույն սնվել: Սակայն, դրա համար դեռ մոտ 1 ամիս կարող է պահանջվել: Այդ ընթացքում պետք է շարունակել կերակրելը` միևնույն ժամանակ նրա համար կերով պնակ դնելով վանդակի մեջ: Այդ փուլում արդեն կարելի է նաև վանդակում ջրով անոթ դնել, ոչ շատ խորը:
Երբ թռչնակի թևերը վերջնականապես ձևավորվեն, և նա սկսի թռչել, կարող եք փորձել նրան ազատ արձակել: .