3 փետրվարի 2016 - 16:49 AMT
ՀՈԴՎԱԾ
Drone Wars. Ինչ անօդաչու սարքեր են կիրառվում ղարաբաղյան հակամարտության գոտում
2015 թվականն ամենալարվածն էր ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թ. կնքված հրադադարից ի վեր: Ադրբեջանական կողմը, չբավարարվելով «դիպուկահարների պատերազմով», դիմել է դիվերսիոն գործողությունների և գնդակոծությունների տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, կիրառել է նաև ականանետեր և հրետանի:
Առավել հաճախակի կիրառում ստացան անօդաչու թռչող սարքերը: Ընդ որում, հակամարտության կողմերը սարքերն օգտագործել են նաև որպես քարոզչամիջոց և հոգեբանական պատերազմի տարր` ԶԼՄ-ներում արտահոսք թույլ տալով միմյանց դիրքերի հրետակոծության կադրերով:

PanARMENIAN.Net –ը բաց աղբյուրներից տեղեկությունների հիման վրա ներկայացնում է անօդաչու սարքերը, որոնք առկա են Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ զինանոցում:

Հայկական զինանոցում հիմնականում սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր են` խոսքը «Կռունկ» սերնդի և «Բազե» անօդաչուների մասին է:

Հայտնի է, որ «Կռունկը» թողարկվում է մի քանի մոդիֆիկացիաներով: Առաջին «Կռունկ 25-1»-ը, որն ամենամեծն է, կարող է մինչև 20 կգ օգտակար բեռ տանել: Սարքի միջին արագությունը 110 կմ/ժ է, առավելագույն արագությունը` 140 կմ/ժ: Թռիչքի առավելագույն տևողությունը 210 րոպե է, գործողության շառավիղը` 150 կմ, ընդ որում տեսաազդանշանը փոխանցվում է մինչև 100 կմ հեռավորության վրա գտնվող հրամանատարական կետ: Թռիչքի աշխատանքային բարձրությունը 500-3000 մ է, առավելագույն բարձրությունը` 4000 մ:

«Կռունկ 25-2» ԱԹՍ` առջևի պլանում

«Կռունկ 25-2» ԱԹՍ-ն կարող է մինչև 15 կգ ծանրության օգտակար բեռ կրել: Սարքի հիմնական բնութագրերը մոտ են «Կռունկ 25-1»-ին` միջին արագությունը` 110 կմ/ժ, առավելագույն արագությունը` 140 կմ/ժ: Անօդաչուն կարող է օդում գտնվել մինչև 210 րոպե: Այս դեպքում ավելի փոքր է գործողության շառավիղն ու տեսաազդանշանի փոխանցման հեռավորությունը` մինչև 100 կմ: Թռիչքի աշխատանքային բարձրությունը 500-3000 մ է, թռիչքի առավելագույն բարձրությունը` 3500 մ:

«Կռունկ 25-1» ԱԹՍ և «Բազե»

Հայկական արտադրության մյուս անօդաչուն` «Բազեն», փոքր անօդաչու թռչող սարքերի դասին է պատկանում: Սարքի քաշը 5,5 կգ է, այն կարող է կրել 1,5 կգ օգտակար բեռ: Սարքի միջին արագությունը 80 կմ/ժ է, առավելագույն արագությունը` 100 կմ/ժ: Անօդաչուն կարող է մոտ մեկ ժամ օդում լինել, գործողության շառավիղը 30 կմ է: Թռիչքների աշխատանքային բարձրությունը` մինչև 2000 մ է, առավելագույն բարձրությունը` 3000 մ:

Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, սեփական արտադրության անօդաչու սարքեր չունի և օգտագործում է Իսրայելի արտադրության սարքերը, (դրանց մի մասն, այնուամենայնիվ, հավաքվում է Բաքվում): Խոսքը մասնավորապես Orbiter և Aerostar մոդելների մասին է:

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներով, Ադրբեջանը 2008 թ. Orbiter 2M տիպի 36 ԱԹՍ է պատվիրել իսրայելյան Aeronautics ընկերությանը` վճարելով 15 մլն դոլար: ԱԹՍ-ներն Ադրբեջան են առաքվել 2011-2012 թվականներին: Ըստ արտադրողի տվյալների, այդ դրոնը գործում է 100 կմ շառավիղով, օդում կարող է գտնվել մոտ 4 ժամ, և կրում է 1,5 կգ օգտակար բեռ:

Orbiter 2M, լուսանկարն` արտադրող ընկերության

Նույն 2008 թ., ըստ վերոնշյալ կենտրոնի, Ադրբեջանը պատվիրել է Իսրայելին Aerostar տիպի 30 ԱԹՍ, որոնք առաքվել են 2011-2012 թթ.: Անօդաչու սարքի գործողության շառավիղը 250 կմ է, թռիչքի տևողությունը` 12 ժամ, առավելագույն օգտակար բեռը` մինչև 50 կգ:

Aerostar, լուսանկարը` Ի.Կորոտչենկոյի

Հնարավոր այլ գնումներ

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալների համաձայն, գնվել է Hermes 450 տիպի 2 ԱԹՍ 20 մլն դոլարով և Heron-1 տիպի 16 սարք 300 մլն դոլարով, սակայն այս տվյալները փաստացի որևէ կերպ հաստատված չեն: Հակամարտության կողմերի զինանոցներում կարող են լինել նաև այլ ԱԹՍ-ների նմուշներ: Մասնավորապես, 2011-ին ԼՂՀ ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական անօդաչու սարք, որը հիշեցնում է մի քանի այլ ԱԹՍ-ների «հիբրիդ»: Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն խոցված անօդաչու սարքի մասին Բաքուն անցած տարիներին չի հրապարակել:

Կարդացեք նաև. Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին