Առաջին անգամ «դեժավյու» (այսինքն` արդեն տեսած) եզրույթը օգտագործել է XX դարասկզբի ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուրակը իր «Ապագայի հոգեբանությունը» աշխատությունում: Մինչ այդ, այդ տարօրինակ երևույթը բնութագրվում էր որպես «կեղծ ճանաչում» կամ «պարամնեզիա» (հիշողության խաբկանքներ գիտակցության մթագնումների դեպքում), կամ «պրոմնեզիա»:
Դեժավյուի միանշանակ բացատրություն այսօր գոյություն չունի, փոխարենը` կարելի է դիտարկել մի քանի հիպոթեզ. ինտուիցիայից կամ ուղեղային խանգարումներից մինչև շփում այլ իրականության հետ կամ ուղևորություն ժամանակի մեջ:
Հոգեբանության տեսակետից
Դեժավյուի էֆեկտն այսպես թե այնպես կապված է ենթագիտակցականի հետ, որի ուսումնասիրությամբ զբաղվում է հոգեբանությունը: Սակայն, հոգեբանները ևս միասնական կարծիք չունեն այս հարցում:
Հոգեբանները կարծում են, որ դեժավյուն ուղեղի յուրօրինակ պաշտպանությունն է: Հայտնվելով միանգամայն անծանոթ իրավիճակում, որտեղ ինչ-որ բան ենթագիտակցաբար վտանգավոր է թվում և անորոշ, ուղեղը սկսում է հիշողությունների շտեմարանից ինչ-որ նմանատիպ բան որոնել` հոգեբանական «հենարան» ստանալու համար: Չգտնելով այդպիսիք, ուղեղը մոդելավորում է «ծանոթ» իրավիճակը:
Հոգեբանության ամերիկացի պրոֆեսոր Արթուր Ալլինը 1896-ին տեսություն առաջ քաշեց, որի համաձայն դեժավյուի ֆենոմենը երազների մոռացված և մեր հիշողության մեջ վերածնված հատվածներ են: Կեղծ նմանության զգացողությունը առաջանում է որպես զգացական արձագանք իրավիճակին այն պահին, երբ մեր ուշադրությունը կարճ ժամանակով շեղվում է նոր կերպարին ծանոթանալուց, իսկ հետո կրկին վերադառնում է դրան:
Ավելի ուշ Զիգմունդ Ֆրոյդը բնութագրել է դեժավյուն որպես իրական հիշողություն, որն արհեստականորեն «ջնջվել է» գիտակցությունից` տրավմատիկ ապրումների կամ հասարակական (կրոնական) տաբուների պատճառով: Կառլ Գուստավ Յունգն այդ ֆենոմենը կապել է հավաքական անգիտակցականի հետ` այսինք, փաստացի, նախնիների հիշողության հետ, ինչը մեզ նորից ուղղորդում է դեպի կենսաբանություն, այսպես կոչված «աղբային» ԴՆԹ-ներ, կամ պարահոգեբանություն (ռեինկարնացիա):
Նյարդաֆիզիոլոգների կարծիքը
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ այդ ֆենոմենը սկիզբ է առնում գլխուղեղի քունքի հատվածոմ` հիպոկամպի ատամնավոր գալարում: Այդ հատվածը զգաղվում է հիշողության մեջ նմանությունների որոնմամբ և տարբերություններ է գտնում նմանատիպ կերպարների միջև: Հիպոկամպի շնորհիվ մենք կարողանում ենք տարբերել անցյալը ներկայից, իսկ տեսածը` նորից: Սակայն եթե գլխուղեղի այդ հատվածի աշխատանքը խանգարվի, վայրկյանների ընթացքում տեսած կերպարը կհայտնվի հիշողության կենտրոնում, իսկ այդ նույն տեղում է հայտնվում հիպոկամպի նոր հարցումը` արդյոք հիշողության մեջ կա նման բան: Ուղեղը նույն պահին տրամադրում է դեռևս «չսառած» հիշողությունը, որն էլ ընկալվում է որպես ինչ-որ բան անորոշ անցյալից:
Իրականում անցյալը, ներկան ու ապագան գոյություն ունեն մեր ուղեղում` չունենալով հստակ սահմաններ: Երբ մենք ինչ-որ բան ենք վերապրում ներկայում, համեմատում ենք այն անցյալի հետ և հետո արդեն որոշում ենք, թե այս դեպքում ինչպես է պետք արձագանքել դրան մոտ ապագայում: Հենց այդ պահին էլ միանում են ուղեղի բոլոր անհրաժեշտ հատվածները: Այն դեպքում, երբ կապերը կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողության միջև չափազանց շատ են, ներկան կարող է ընկալվել որպես անցյալ և այդ ժամանակ առաջանում է դեժավյուի էֆեկտը:
Հիպոկամպի աշխատանքը կարող է նման խանգարում ունենալ սթրեսի, հոգնածության, արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների (շոգ, ցուրտ, մթնոլորտային ճնշում), ինչպես նաև դեպրեսիայի և տարբեր հիվանդությունների հետևանքով:
Մետաֆիզիկայի տեսակետից
Այս ֆենոմենը բացատրում է նաև էքստատիկ հայեցակարգը, որի համաձայն չորրորդ չափումը, կամ ժամանակը, իրականության նույնպիսի եզր է, ինչպես և տարածությունը: Մենք գոյատևում ենք այստեղ և հիմա, սակայն միաժամանակ գոյություն ունեն նաև անցյալն ու ապագան:
Եթե հետևելու լինենք այս տեսությանը, դեժավյու է առաջանում, երբ խանգարվում է չորրորդ չափման ընկալումը, և արդյունքում տեղի է ունենում տեղեկության ընկալում ապագայից կամ զուգահեռ իրականություններից: Իսկ եթե խոսելու լինենք պարահոգեբանության մասին, ասյտեղ ամեն ինչ պարզ է. դեժավյուն հիշողություններ է նախորդ կյանքից: Հենց այդ կարծիքին էին Պլատոնն ու Պյութագորասը, ինչպես նաև անտիկ տիեզերածնության և հինդուիզմի հետևորդները: