11 փետրվարի 2016 - 14:57 AMT
ՀՈԴՎԱԾ
Դեդփուլ. Հակահերոս, միզանտրոպ և ուղղակի հումորի հիանալի զգացում ունեցող մարդ
Նոր Դեդփուլը ոչ թե ուղղակի կոմիքսների կերպար է, այլ «մահացու» կատակների գեներատոր ուղիղ և փոխաբերական իմաստով
Աշխարհի ամենախարիզմատիկ և հայտնի հակահերոսներից մեկի` Marvel-ի վերջին հայտնությունը կինոյում, մեղմ ասած, ձախողված էր: 2009-ին նկարահանված «Իքս մարդիկ. Սկիզբ. Ռոսոմախա» կինոնկարում հայտնի կերպարն այնքան էր նվաստացած, որ երկրպագուներն այդ գործը հիշում են բացառապես որպես սարսափելի երազ: Արդարությունը հաղթեց միայն 2015-ին, երբ էքսցենտրիկ Թիմ Միլլերը սկսեց «ճիշտ» «Դեդփուլի» նկարահանումները: Կինոնկարը «մեծահասակների համար» վարկանիշ ստացավ, քանի որ այդ կերպարի գոյությունն առանց որոշակի դաժանության անհնար է պատկերացնել: Սև և սուր հումորը, կինոյին հատուկ տարբեր կարծրատիպերը ծաղրի ենթարկելու հետ մեկտեղ, նոր ֆիլմը դասեց անմոռանալի «Պիպեց»-ի շարքին:

Մարգինալ կերպարի արկածների մասին ֆիլմը Երևանի կինոթատրոններում ցուցադրվում է փետրվարի 10-ից: PanARMENIAN.Net-ն արդեն դիտել է ֆիլմը և իր տպավորություններն է ներկայացնում:

Նախկին հատուկջոկատային Ուեյդ Վիլսոնը վարձկան է դառնում անսովոր էքսպերիմենտի մասնակցելուց հետո, որի արդյունքում արագ ապաքինվելու ունակություն է ձեռք բերում: Դեդփուլ անունը վերցնելով, նոր ունակություններ և հումորի սև զգացում ունենալով` Ուիլսոնը մի մարդու որս է սկսում, որը գրեթե փչացրել է իր կյանքը: Ագրեսիվ գովազդային արշավին կնախանձեին կինոբիզնեսի «շնաձկները»: Սև-կարմիր համազգեստով կերպարը պրեմիերայից դեռ շատ առաջ հայտնվել էր մեդիա միջավայրի ամեն մի անկյունում` հիացմունք առաջացնելով շուկայագետների ստեղծարար ու նոր մոտեցումների առումով: Պարզվում է, որ ոչ ստանդարտ լուծումները ոչ միայն շուկայագետների բաժնի ջանասեր աշխատանքի արդյունք են, այլ նաև Թիմ Միլլերի կինոնկարի անկյունաքարը:

Շատախոս և դաժան վարձկան Դեդփուլը ժամանակ է գտնում նաև շատ սրամիտ կատակների համար, որի արդյունքում դառնում է իր տպագիր սկզբնաղբյուրի իդեալական էկրանային մարմնացումը: Հեղինակները սյուժեի բարդ շրջադարձների չեն դիմում, դրամատիկ չեն դարձնում կերպարի կայացումը և չեն հետևում նորաձև դարձած «որքան հնարավոր է մռայլ ու իրատեսական» միտումներին, որոնք ի հայտ եկան «Մութ ասպետի» շռնդալից հաջողությունից հետո: Փոխարենը, նրանք պատմում են թեթև, ծիծաղելի, միաժամանակ նաև արյունալի և դաժան մի պատմություն, որտեղ գլխավոր հերոսը ոչ թե ուղղակի կոմիքսների կերպար է, այլ «մահացու» կատակների գեներատոր ուղիղ և փոխաբերական իմաստով:

Այդ ամբողջ «ուրախությունը» շաղախված է ճիշտ շեշտադրումներով` սակավ, բայց հնարամիտ էքշն-դրվագներին հաջորդում են հաջողված ռոմանտիկ պատկերները հասուն մարդկանց, ոչ դեռահասների, հարաբերությունների մասին: Ամբողջ ֆիլմի ընթացքում Դեդփուլը կհասցնի ծաղրել ոչ միայն «Իսք մարդկանց» աշխարհի մյուս կերպարներին, որոնց, մեծ հաշվով, ինքն էլ է պատկանում, այլ նաև կոմիքսային այլ մոլորակների` ճիշտ այնպես, ինչպես գովազդային արշավում:

Ինչպես և սկզբնաղբյուրը, կինոյի Դեդփուլը ևս ժամանակ առ ժամանակ կդիմի կինոդիտողին: Դա ոչ միայն էկրանին կատարվողն ավելի է մոտեցնում հանդիսատեսին, այլ նաև գրոտեսկ է հաղորդում հենց բուն հակահերոսին` պոստմոդեռնիզմի որոշ տարրեր ներմուծելով կինոպատումի մեջ: Ձախողված «Իքս մարդիկ. Սկիզբ. Ռոսոմախա» ֆիլմից հետո Ռայան Ռեյնոլդսին հաջողվել է կայանալ և վերականգնել իր հերոսի հեղինակությունը: Ի տարբերություն «Կանաչ լապտերի», Դեդփուլը Ռեյնոլդսի համար իր կյանքի գլխավոր կերպարն է: Ռեյնոլդսին հաջողվել է զարգացնել նրան, կենդանություն հաղորդել, ինչը նրան առանձնացնում է կարծես նույն ստանդարտով ստեղծված գերհերոսներից: Դժգույն երկրորդական կերպարների ֆոնին նոր ֆիլմը միաժամանակ Ռեյնոլդսի ու Դեդփուլի բենեֆիսն է:

Անկասկած, սա միայն սկիզբն է: Հետևելով հոլիվուդյան հոսքագծի տրամաբանությանը և կասկած չունենալով, որ ֆիլմը ֆինանսապես հաջողված կլինի, պրոդյուսերները պատրաստ կլինեն շարունակությունը ներկայացնելու: Դեդփուլն ավելի ամուր կապված կլինի «Իքս մարդկանց» հետ` ավելի մեծ թիմում նրա գունեղ ու ոչ միանշանակ կերպարը կխամրի: Ուստի առանձին ֆիլմը կոմիքսների ամենազարմանալի կերպարներից մեկի հետ ծանոթանալու գերազանց հնարավորություն է:

Տես նաև. Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել փետրվարին

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net