12 փետրվարի 2016 - 11:53 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչ բնակարան կգնեք Եվրոպայում երևանյանի մոտավոր արժեքով
Հայաստանի անշարժ գույքի շուկայի «ոսկեդարն» 2007 թվականն էր: Ըստ Կադաստրի պետական կոմիտեի, այդ տարի Երևանում մեկ քմ միջին շուկայական գինը գինը կազմում էր 282600 դրամ կամ $ 930` 304 դրամ/դոլար փոխարժեքից ելնելով: Ընդ որում` Կենտրոնում և Արաբկիրում մետրն արժեր մոտ 474.000և 378.000 դրամ ($1560 և $1243) համապատասխանաբար:
Վրա հասած ճգնաժամն, ի թիվս այլ ոլորտների, ծանր հարված հասցրեց նաև անշարժ գույքի շուկային, որը մինչև վերջ չի վերականգվնել ցայսօր: Վերջին տարիներին, սակայն, բնակարանների գները ոչ միայն չեն էժանանում, այլև աճում են` ցածր պահանջարկի ֆոնին: Արդյունքում Կենտրոնում և Արաբկիրում որոշ բնակարանների գները համադրելի են դարձել Եվրոպայում անշարժ գույքի գների հետ:

Ճգնաժամի մեջ ընկմղված Հունաստանում, ըստ Eurostat-ի, ամբողջ աշխատանքային օր աշխատող քաղաքացին ունի տարեկան մոտ 15.000 եվրոյի եկամուտ: Աթենքի կենտրոնում` Անոկիփսելի թաղամասում 75 քմ մակերեսով բնակարանը կարելի է ձեռք բերել 35.000 եվրոյով ($40.000): Կենտրոնը, սակայն, այդքան էլ հարմարավետ վայր չէ ապրելու համար: 105.000 եվրոյով կամ մոտ $120.000-ով դոլարով կարելի է գնել 78 քմ բնակարան քաղաքի հարմարավետ արվարձաններից մեկում` Նեա Սմիրնա թաղամասում:

Կիպրոսի Պաթոս քաղաքում էլ 95 քմ մակերեսով բնակարանը` ընդհանուր լողավազան ունեցող շենքում, վաճառվում է 93.000 եվրոյով կամ մոտ $104.000:

Թա՞նկ է. հոգ չէ. ահա նույն Պաթոսում 80 քմ մակերեսով 3-սենյականոց, երկու սանհանգույց ունեցող բնակարան, ստորգետնյա ավտոկայանատեղիով, ճիշտ է` առանց լողավազանի ու նմանատիպ այլ շռայլությունների: Գինը` մոտ 53.000 եվրո, կամ $60.000:

Պորտուգալիա. տարեկան միջին եկամուտ` 12700 եվրո: Լիսաբոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող Պորտիման քաղաքում 90.000 եվրոյով ($102.000) կարելի է գնել 95 քմ մակերեսով 4 սենյականոց, երկու սանհանգույց ունեցող ահա այս բնակարանը:

Տեղափոխվենք Չեխիա. ամբողջ աշխատանքային օրն աշխատող քաղացաքու տարեկան միջին եկամուտն, ըստ նույն Eurostat-ի` 8700 եվրո: Կարլովի Վարի հանրահայտ առողջարանային կենտրոնում գտնվող պատմական շենքում հայերի կողմից սիրված ճոխ ոճով ձևավորված, 65 քմ մակերես ունեցող բնակարանը վաճառվում է 53.000 եվրո կամ $60.000 գնով:

Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի` Բռնոյի ծայրամասերից մեկում 50 քմ մակերեսով բնակարան կարելի է գնել 13.000 եվրոյով` կամ $15.000-ից պակաս գումարով:

Իսպանիա. տարեկան միջին եկամուտ` 20.150 եվրո: Քաղաք Վալենսիա. երկսենյականոց բնակարան, 55 քմ, գինը` 80.000 եվրո` $90.000:

Տորևյեխա, Վալենսիայից 250 կմ հեռավորության վրա գտնվող քաղաք. 3 սենյակ, 75 քմ, 83 հազար եվրո կամ $94.000:

Այժմ վերադառնանք Երևան. 2015 թվականին մայրաքաղաքում կատարվել է մոտ 13000 առուվաճառքի գործարք: 1 քառակուսի մետրի շուկայական միջին գինը քաղաքում,պաշտոնական տվյալներով, կազմել է 274..200 դրամ: Կենտրոն և Արաբկիր համայնքներում`մեկ մետրի արժեքը կազմել է միջինը 428.000 և 356.000 դրամ, արվարձաններում (չհաշված Նուբարաշենը) տատանվել 243 - 282 հազար դրամի միջակայքում, Նուբարաշենում` 156750 դրամ: Ընդ որում, նախորդ` 2014 թվականին Երևանում կատարվել էր առուվաճառքի մոտ 16000 գործարք, քառակուսի մետրի միջին գինն էլ կազմել էր 273.600 դրամ: Փաստացի, մեկ տարվա ընթացքում շուկայի համարյա 20% անկման պարագայում անշարժ գույքը ոչ միայն չի էժանացել, այլև` թեկուզ մի քանի հարյուր դրամով, բայց, միևնույն է, թանկացել է: