12 փետրվարի 2016 - 13:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Գրավիտացիոն ալիքներ. Պարզ լեզվով` բարդ գյուտի մասին
«Մենք գրանցեցինք գրավիտացիոն ալիքները, մենք դա արեցինք»,- երեկ հայտարարեց խոշորագույն գիտական նախագծերից մեկի` LIGO-ի ներկայացուցիչը:
Հայտարարությունն ունեցավ պայթող ռումբի ազդեցություն. բոլոր լրատվամիջոցները Ցանցում ակնարկներ գրեցին այն մասին, որ իրականացել է մեծն Այնշտայնի երազանքը, ով դեռ 100 տարի առաջ կանխատեսել էր գրավիտացիոն ալիքների գոյությունը: Անկասկած, վերջին տասնամյակների գլխավոր գիտական հայտնագործություններից մեկն ահռելի նշանակություն ունի ֆունդամենտալ ֆիզիկայի համար: Եւ այս հայտնագործության լիակատար իմացությունը հասանելի է միայն մասնագետներին:

Ընդհանուր գծերով և զգալիորեն պարզեցված. PanARMENIAN.Net-ը կպատմի հայտնագործության մասին` պատասխանելով հասարակայնությանը հուզող հինգ հիմնական հարցերին:

Ի՞նչ է հայտնաբերվել

Գիտնականները գրանցել են գրավիտացիոն ալիքները, որոնք դեռ 1915թ-ին կանխատեսել էր Ալբերտ Այնշտայնը` մշակելով իր Հարաբերականության ընդհանուր տեսությունը (ՀԸՏ): Տեսությունը հաջողությամբ նկարագրում է գրավիտացիան (զանգված ունեցող մարմինների միջև ձգողականության ուժը) տարածության-ժամանակի կորության միջոցով: Այնշտայնը կանխատեսում էր, որ արագացմամբ շարժվող զանգվածեղ մարմինները պետք է ճառագայթեն այսպես կոչված գրավիտացիոն ալիքներ: Սովորական, օրինակ` ձայնային ալիքներն իրենցից ներկայացնում են օդի, կամ այլ միջավայրերի մոլեկուլների տատանումներ: Գրավիտացիոն ալիքներն ավելի բարդ են. դրանք տարածության-ժամանակի խոտորումներ են (տատանումներ), որոնք շարժվում են լույսի արագությամբ: Քանի որ գրավիտացիան զգալիորեն ավելի թույլ է մյուս ֆունդամենտալ փոխազդեցություններից, գիտնականներին մինչ այժմ չէր հաջողվում գրանցել դրանք:

Երկու զանգվածեղ, պտտվող օբյեկտների կողմից գրավիտացիոն ալիքների ճառագայթման սխեմատիկ պատկերը:

Ո՞վ է հայտնաբերել

LIGO (Laser Interferometer Gravitational-Wave Observatory) կոլաբորացիան իրենից ներկայացնում է ժամանակակից խոշորագույն և ամենահավակնոտ գիտական նախագծերից մեկը: Ըստ էության, դա լազերային-ինտերֆերոմետրիկ գրավիտացիոն-ալիքային աստղադիտարան է, որի ստեղծման առաջարկը հնչել էր դեռ 1992թ-ին: Նախագիծը ֆինանսավորվում է ամերիկյան Ազգային հիմնադրամի միջոցներով: Ունենալով մոտ $365 մլն արժեք, նախագիծը իրենյից ներկայացնում է հետազոտողների` տարեցտարի աճող խումբ. մոտ 40 գիտահետազոտական ինստիտուտներ և 600 առանձին գիտնականներ զբաղվում են LIGO-ից և այլ աստղադիտարաններից ստացվող տվյալների վերլուծությամբ: LIGO-ի կազմում երկու խոշոր լազերային ինտերֆերոմետրեր են, որոնք տեղակայված են Լիվինգսթոնից (Լուիզիանա նահանգ) և Հենֆորդից (Վաշինգթոն) ոչ հեռու` միմյանցից 3002 կմ հեռավորության վրա: Ինտերֆերոմետրերը, որոնց երկարությունը կազմում է 4 կմ, Г-ձև ունեն, այսինքն` բաղկացած են հավասար երկարություն ունեցող երկու ուղղահայաց թևերից: Ինտերֆերոմետրի միջով գրավիտացիոն ալիքի անցնելը կարող է փոխել մի թևի երկարությունը մյուսի նկատմամբ, ինչը պետք է շեղի ճառագայթման փուլը տվյալ թևում ու ազդի ինտերֆերենցիայի պատկերի վրա:

LIGO-ի ինտերֆերոմետրը

Ինչպե՞ս են հայտնաբերվել գրավիտացիոն ալիքները

Հենց վերոնշյալ շեղումն էլ գրանցվել է: Գրավիտացիոն ալիքների աղբյուր է դարձել երկու սև խոռոչների միաձուլումը` Երկրից 1.3 մլրդ լուսատարի հեռավորության վրա (այսինքն, իրադարձությունը տեղի ունեցել 1.3 մլրդ տարի առաջ): Սև խոռոչներն ունեցել են 29 և 36 արեգակնային զանգված: Գրանցվել է ժամանակի հետ տատանումների հաճախականության աճ` ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում է ՀԸՏ-ն ձուլվող զանգվածեղ մարմինների համար (որքան նրանք մոտենում են միմյանց, այնքան մեծանում է պտույտի և գրավիտացիոն ալիքների ճառագայթման հաճախականությունը): Ստացված ազդանշանի վերլուծությունը տևել է մոտ մեկ ամիս:

Ինտերֆերոմետրի հայելիներից մեկը

Ինչո՞ւ է դա կարևոր

Գրավիտացիոն ալիքները ՀԸՏ ուղղակի կանխատեսման արդյունք են: Հայտնագործությունը տեսության ևս մեկ գիտականորեն ապացուցված հաստատում է: Ֆունդամենտալ գիտության տեսանկյունից գրավիտացիոն ալիքների գրանցումն ու ուսումնասիրումը Տիեզերքի հետազոտության բոլորովին նոր և զգալիորեն ավելի ճշգրիտ գործիք է, որը կնպաստի այսպես կոչված գրավիտացիոն աստղագիտության առաջացմանն ու զարգացմանը: Մյուս կողմից, տվյալների մանրակրկիտ վերլուծությունը թույլ կտա ավելի լավ հասկանալ գրավիտացիոն փոխազդեցությունը:

Ալիքների ինտերֆերենցիան ջրի մակերևույթի ծածանման օրինակով

Ի՞նչ կտա այդ հայտնագործությունը

Հասարակ մահկանացուներիս` ոչնիչ, բացի գիտակցումից, որ գիտությունը հերթական խոշոր քայլն է կատարել: Որպես նախորդ հարցի շարունակություն. կառաջանա հնարավորություն` ուսումնասիրելու Տիեզերքի առավել հեռավոր անցյալը` վաղ շրջանում նրա էվոլյուցիան ավելի լավ հասկանալու համար: Սակայն, առավել կարևոր է լիարժեք քվանտային գրավիտացիայի տեսության մշակման հեռանկարը, որը բոլոր ֆիզիկոսների գլխավոր երազանքն է, այսպես կոչված «ամեն ինչի տեսությունը», քանի որ քվանտային մակարդակում գրավիտացիոն տեսությունը չունի լիարժեք նկարագրությունը: Այս հայտնագործությունը խոստանում է նաև նման հնարավորություն:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net