Իր անվանումը հիվանդությունը ստացել է այն վայրից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսի կրողը` կապիկին որսացել էին Զիկա անտառում, որը թարգմանաբար նշանակում է «անտառային թավուտներ»:
Հիվանդությունը տարածվում է արևադարձային և մերձարևադարձային կլիմայում, 2015-ի վերջում այն հատկապես մեծ տարածում ստացավ Բրազիլիայում: ԱՀԿ պաշտոնական աղբյուրները հայտնում են աշխարհում Զիկա տենդով վարակվելու ավելի քան 4 մլն դեպքի մասին:
Վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով, որոնք դասվում են Aedes ցեղատեսակին: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:
Զիկայի շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում, Աֆրիկայում դեղին տենդի տարածման կապակցությամբ սկսված գիտական հետազոտությունների արդյունքում: Այն հայտնաբերվել է մակակաների արյան մեջ 1947 թ., հետագա հետազոտություններն ի հայտ են բերել նրա առկայությունը երկրի բնակիչների օրգանիզմում:
Հաստատվել է նաև, որ Զիկա վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն սեռական շփման դեպքում, և մորից երեխային` ներարգանդային զարգացման փուլում:
Հիվանդության ինկուբացիոն շրջանի մասին քիչ բան է հայտնի, հավանաբար այն կազմում է 1-3 օր: Ախտանշանները վառ արտահայտված չեն և նման են այլ ինֆեկցիոն հիվանդություններին: Վարակի ընթացքը միշտ ավելի սուր է, խրոնիկ ձև հիվանդությունը չունի: Անցնում է բավականին արագ, սակայն վիրուսը կարող է փոխել մարդու օրգանիզմի գենային կառուցվածքները և հազվադեպ, բայց վտանգավոր բարդություններ առաջացնել:
Զիկայի վիրուսով վարակվելու կլինիկական ախտանշանները հետևյալն են.
• թեթև գլխացավ
• ընդհանուր թուլություն
• քոր և ցան մաշկի վրա (սկզբից ցանը հայտնվում է դեմքի վրա, հետո` տարածվում ամբողջ մարմնով)
• տենդ
• մկանացավ և հոդացավ, հոդերի հնարավոր այտուցով
• շաղկապենու բորբոքում
• ցավ ակնախոռոչի շրջանում
• խուսափում վառ լույսից
Եթե հիվանդը հղի կին է, քանի որ Զիկա վիրուսը կարող է ներթափանցել զարգացող պտղի օրգանիզմի մեջ, ի հայտ են գալիս պտղի զարգացման արատներ, որոնց թվին է դասվում նաև միկրոցեֆալիան` երեխան ծնվում է գլխուղեղի փոքր քաշով և փոքր գանգով: Դա ուղեկցվում է երեխայի մտավոր թերզարգացմամբ հետագայում իմբեցիլության և տկարամտության զարգացմամբ: Մեծահասակների մոտ վարակից հետո զարգանում է Գիեն-Բարեի ախտանիշը, որի դեպքում ձևավորվում է աուտոիմունային գործընթաց` արտահայտված մկանների թուլությամբ (միաստենիա): Սովորաբար այդ սինդրոմի դրսևորումներն անհետանում են ինքնուրույն առանց մնացորդային երևույթների:
Հատուկ բուժում, ուղղված պաթոլոգիկ գործընթացի հարուցիչի ոչնչացմանը, Զիկա տենդի համար գոյություն չունի: Բուժումը ենթադրում է անկողնային ռեժիմ, հեղուկների օգտագործում ինտոկսիկացիայի մակարդակի նվազեցման նպատակով, ինչպես նաև հեշտ յուրացվող և վիտամիններով հարուստ սնունդ: Բարձր ջերմությունն իջեցնելու և հոդերում ցավոտ զգացողությունների նվազեցման համար կարող են կիրառվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ացետիլսալիցիլաթթու, իբուպրոֆեն, պարացետամոլ), բացառելու համար Դենգեի տենդի զարգացումը, որի դեպքում կա տարբեր լոկալիզացիայի արյունահոսությունների վտանգ: Սովորաբար ընդհանուր խորհուրդները կատարելուց մի քանի օր անց Զիկա տենդի դրսևորումները նվազում են, իսկ հիվանդության սկզբից 7-8-րդ օր անց անհետանում են: