Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք կարելի է դիտել մարտին Երևանի կինոթատրոններում:
«Կենդանապոլիս» (օրիգ. անվանումը Zootopia)
Համակարգչային անիմացիա, ԱՄՆ, 2016թ.
Ռեժիսորներ` Բայրոն Հովարդ, Ռիչ Մուր
Դերերում` Ջենիֆեր Գուդվին, Ջեյսոն Բեյթման, Շաքիրա, Իդրիս Էլբա, Ջեյ Քեյ Սիմոնս
Պրեմիերան Երևանում մարտի 3-ին
Լեգենդար Pixar ստուդիայի յուրաքանչյուր նախագիծ մեծ իրադարձություն է անիմացիոն ֆիլմերի աշխարհում, հատկապես, եթե իրականացնողը Disney-ի նման հսկան է: Ստուդիայի նախորդ` «Լավ դինոզավրը» կինոնկարն անարժանիորեն անտեսվեց հանդիսատեսի կողմից, հիմնականում անհեռատես շուկայագետների պատճառով: Այս անգամ, կարծես, ամեն ինչ կարգին է. ագրեսիկվ և ակտիվ գովազդն անկասկած մեծ շահույթ կապահովի զարմանալի այս ֆիլմին: Պատմությունը ծավալվում է Կենդանապոլիսում` խոշոր մի քաղաքում, որի բնակչությունն ամբողջովին բաղկացած է կենդանիներից:
«Կեցցե Կեսարը» (օրիգ. անվանումը Hail, Caesar!)
Կատակերգություն, ԱՄՆ, 2016թ.
Ռեժիսորներ` Ջոել Քոեն, Իթան Քոեն
Դերերում` Ջոշ Բրոլին, Ջորջ Քլունի, Չեննինգ Տատում, Տիլդա Սուինթոն, Ռեյֆ Ֆայնս, Ջոն Հիլլ, Ֆրենսիս ՄակԴորմանդ, Քրիսթոֆեր Լամբերտ, Սքարլեթ Յոհանսոն
Պրեմիերան Երևանում մարտի 10-ին
Քոեն եղբայրների այցեքարտը յուրօրինակ հումորի զգացումն է` սև և ֆատալիզմով հագեցած: Եվ թեև նրանց աշխատանքները հիմնականում ներկայացվում են որպես կատակերգություն, իրականում դրանք ցանկացած դրամայից լուրջ են: «Կեցցե Կեսարը» միաժամանակ սիրո խոստովանություն է և ատելության դրսևորում հոլիվուդյան կինոարտադրության հանդեպ: Ատելի է այն ամեն ինչ կլանող հոսքագծի անտարբերության համար, որի նպատակն է միայն գումար վաստակելը, և սիրված` իսկական հեղինակներին առանց որևէ սահմանափակման արարելու ընձեռած հնարավորության համար:
«Դիվերգենտ, գլուխ 3. Պատի ետևում» (օրիգ. անվանումը The Divergent Series: Allegiant)
Ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային, ԱՄՆ, 2016թ.
Ռեժիսոր` Ռոբերտ Շվենթկե
Դերերում`էլիսոն Ռոու, Շեյլին Վուդլի, Մայլզ Թելլեր, Տեո Ջեյմս, Զոի Կրավից
Պրեմիերան Երևանում մարտի 10-ին
Ամերիկացի հեղինակ Վերոնիկա Ռոթի «Դիվերգենտ» շարքի էկրանավորումների անվերջանալի հոսքի երրորդ մասն է: Միաժամանակ, սա հերթական «տպաքանակն է», որը փոխարինելու է գալիս ավարտված «Քաղցած խաղերին»: Թրիսն ու Ֆորը առաջին անգամ լքում են քաղաքն ու հարազատներին և հայտնվում են Չիկագոն մեկուսացնող պատից այն կողմ` վտանգավոր աշխարհում, որտեղ ի հայտ է գալիս ապշեցուցիչ ճշմարտությունը: Նրանք պետք է արագ կողմնորոշվեն, թե ում կարելի է վստահել, քանի որ պատերից այն կողմ թեժացող պայքարը սպառնում է ամբողջ մարդկությանը: Փրկվելու համար Թրիսը ստիպված է բարդ ընտրություն կատարել արիության, հավատարմության, սիրո և զոհաբերության գնալու անհրաժեշտության միջև:
«Լոնդոնի անկումը» (օրիգ. անվանումը London Has Fallen)
Մարտաֆիլ, թրիլեր, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2016թ.
Ռեժիսոր` Բաբակ Նաջաֆի
Դերերում` Ջերարդ Բաթլեր, Ահարոն Էքհարթ, Մորգան Ֆրիմեն, Անջելա Բասեթ, Ռոբերտ Ֆոսթեր
Պրեմիերան Երևանում մարտի 17-ին
3 տարի առաջ հայտնի ռեժիսոր Անտուան Ֆուկուան ներկայացրեց աշխարհին վերջին շրջանի լավագույն մարտաֆիլմերից մեկը: «Օլիմպոսի անկումը» կուռ ու լարված մի պատմություն էր Սպիտակ տան վրա հարձակման մասին, որտեղ գործողությունը համեմված է բավականին հաջող ներկայացված ԱՄՆ նախագահի անձնական դրամայով: Այս անգամ ահաբեկիչների հարվածի տակ կլինի «քաղաքակիրթ աշխարհի օրրանը»` Լոնդոնը, և, կրկին, ինչ-որ կերպ իրադարձությունների կիզակետում հայտնված ԱՄՆ նախագահը: Միակ բանը, որը կասկած է առաջացնում ռեժիսորի փոխարինումն է, թեև կինոնկարի թրեյլերն, առնվազն, վիթխարի տեսարան է խոստանում:
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության շեմին» (օրիգ. անվանումը Batman v Superman: Dawn of Justice)
Ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային, ԱՄՆ, 2016թ.
Ռեժիսոր` Զակ Սնայդեր
Դերերում` Հենրի Քավիլ, Բեն Աֆլեկ, Էմի Ադամս, Դայան Լեյն, Լոուրենս Ֆիշբորն, Գալ Գադոթ, Ջեսսի Այզենբերգ, Ջերեմի Այրոնս
Պրեմիերան Երևանում մարտի 24-ին
Կոմիքսների երկրպագուները սպասում են այս կինոնկարին այն պահից ի վեր, երբ տպագիր հրատարակություններում տեղի ունեցավ երկու գլխավոր գերհերոսների` Բեթմենի և Սուպերմենի բախումը: «Մութ ասպետի» մեծ ֆինանսական հաջողությունն ու Marvel-ի հիանալի կառուցված կինոաշխարհը հանգիստ չեն տալիս Warner Bros ստուդիային: Այս անգամ ստուդիան մեծ ռիսկի գնաց. այդ հսկային արտադրական բյուջեն հասնում է գրեթե կես միլիարդ դոլարի, արդեն իսկ վերածվելով պատմության ամենաթանկ նախագծի: Եթե քիչ գումար հավաքվի, ռեժիսոր Զակ Սնայդերը բարդ վիճակում կհայտնվի, թեև օրերս նա հայտարարել է, որ շուտով ձեռնամուխ է լինելու ավելի մեծածավալ «Արդարության լիգայի» նկարահանումներին: