Բարձր կրունկ
Բարձրակրունկ կոշիկը փոխում է ոտնաթաթի դիրքը և ամբողջ մարմնի քաշն ընկնում է ոչ թե նախագարշապարի ոսկրերի, այլ պճեղների առջևի մասի վրա: Արդյունքում արթրիտ է զարգանում, կարող են խեղվել նյարդային վերջույթները, միկրոճաքեր առաջանալ ոսկորներում: Պատահում է, որ բարձր կրունկը դառնում է նաև կոտրվածքների և վնասվածքների պատճառ:
«Շպիլկա»
Բարձր և բարակ կրունկով կոշիկները, որոնք հաճախ «շպիլկա» եմ անվանում, ստիպում են այն կրողին քայլել մատների վրա` մարմնի ամբողջ քաշը տեղափոխելով ավելի փխրուն ոսկորների վրա: Սխալ դիրքի պատճառով ոտնաթաթի և սրունքի մկանները մշտապես լարված են լինում` փորձելով պահապնել հավասարակշռությունը:
Կոշտ հետնամաս
Անհարմարություններից և կոշտուկներից բացի կոշտ hետնամասը հղի է նաև այլ հետևանքներով: Ճնշում գործադրելով մաշկի և աքիլեսյան գարշապարի միջև գտնվող սինովիալ պարկի վրա, նպաստում է որպես կրնկոսկրի բուրսիտ հայտնի հիվանդության զարգացմանը: Այն արտահայտվում է ոտնաթաթի շարժունակության սահմանափակմամբ, այտուցով և ցավերով հիվանդ հոդի շրջանում:
Կրունկով դասական կոշիկներ
Կրունկով դասական կոշիկները, ոճի և նրբագեղության մարմնացում լինելով, նույնպես կարող են դառնալ ոտնաթաթի ձևախեղումների զարգացման պատճառ: Դա տեղի է ունենում նեղության պատճառով (խոսքն այդ թվում նաև տղամարդու կոշիկների մասին է): Նեղ կոշիկը նպաստում է արյան շրջանառության վատթարացմանը, նյարդային վերջույթների սեղմմանը և ոտքի մատների ձևախեղումներին: Ոտնաթաթում արյան շրջանառության վատթարացման պատճառով կարող է զարգանալ եղունգների սնկային հիվանդություն, տրոմբոֆլեբիտ, այտուցներ, վարիկոզ, ինչպես նաև բուրսիտ:
Պլատֆորմով կոշիկներ
Շատերը կարծում են, որ պլատֆորմով կոշիկներն ավելի կայուն են, քան բարձրակրունկները, և ունեն վերջինիս բոլոր առավելությունները, սակայն դա այդպես չէ: Պլատֆորմով կոշիկը թույլ չի տալիս ոտքին կրունկից դեպի մատները փոխել դիրքը, ինչը կարող է հանգեցնել արյան շրջանառության վատթարացման և նվազեցնում է ոտնաթաթի ռեսսորային հնարավորությունները, ինչն արթրոզի պատճառ կարող է դառնալ:
Եթե պլատֆորմով կոշիկներում տարբերությունը մատների տակի ներբանի և կրունկի բարձրության միջև, մեծ է, ապա նրանց հատուկ են բարձրակրունկ կոշիկների բոլոր թերությունները:
«Բալետկաներ»
Բալետկաները ևս իդեալական չեն: Փափկության պատճառով դրանք չեն հենում ոտնաթաթը: Կոշիկների այս տեսակը մշտապես կրելու դեպքում կարող է զարգանալ ներբանային ապոնևրոզ, ինչը կարող է ներբանային ֆասցիիտի հանգեցնել, երբ վնասված հյուսվածքները չեն կարողանում պահել ոտնաթաթի կամարը: Իրավիճակը կարող է փոխվել անհատական ներբանների կիրառման դեպքում` հրաժարվելով նաև մշտապես բալետկաներ կրելու սովորությունից:
Ոտքի չափին չհամապատասխանող կոշիկ
Պարզվում է, որ խնդիրներ կարող է առաջացնել նաև կոշիկի ոչ ճիշտ ընտրված չափը: Արդյունքում ոտնաթաթում խնդիրներ են առաջանում արյան շրջանառության հետ կապված, բուրսիտներ, կոշտուկներ, արթրիտներ: Կոշիկը խորհուրդ է տրվում ընտրել երեկոյան ժամերին, նախապատվությունը տալով փափուկ, «շնչող» նյութերին: Մատները կոշիկի մեջ պետք է հավասար դիրքում լինեն, չսեղմվեն, ներբանը էլաստիկ լինի, իսկ կրունկի լավագույն բարձրությունը 1,4-4 սմ:
Հենաշարժողական ապարատի համար վնասակար է արագ անցումը սպորտային կոշիկից կրունկով կոշիկի և հակառակը: Մշտապես սպորտային կոշիկ կրելուց հետո, որը լավ ամորտիզատոր է և հավասար է բաշխում ծանրաբեռնվածությունը ոտնաթաթի ամբողջ մակերեսով, միանգամից բարձրակրունկի անցնելու դեպքում, որին ոտքը բոլորովին սովոր չէ, օրգանիզմը հայտնվում է սթրեսային վիճակում, որը համազոր է միջին աստիճանի վնասվածքի:
Կարելի է ասել, որ բոլորովին անվնաս կոշիկ գոյություւն չունի: Նվազագույնի հասցնելու համար առողջությանը հասցվող վնասը, հարկավոր է հաջորդաբար տարբեր տեսակի կոշիկներ կրել, հատուկ մարմնամարզություն անել ոտքերի համար, ինչպես նաև հաճախակի ոտաբոբիկ զբոսնել խոտածածկ տարածքում: