Ի՞նչ է սա նշանակում: Նախարարության ներկայացուցիչները նախկինում բազմիցս են հայտարարել, որ մտադիր են մերժել հավաստագրերի տրամադրման հարցում հոլիվուդյան մեծ կինոնկարներին, որոնք կինոթատրոնների էկրան են բարձրանում ռուսական կարևոր նախագծերի հետ նույն ժամկետներում: Ռուսական կինոյին աջակցելու հարցում վարչական ռեսուրսի օգտագործման անհրաժեշտությունը նրանք հիմնավորում են հոլիվուդյան կինոնկարների բարձր մրցունակությամբ: Հաշվի առնելով հայկական կինոթատրոնների շուկայի սերտ կապը ռուսական շուկայի հետ, այս որոշումը կարող է ազդել նաև պրեմիերաների ժամկետների վրա Հայաստանի կինոթատրոններում:
KinoPark կինոթատրոնի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ այս պահի դրությամբ պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա ՌԴ կառավարության որոշումը Հայաստանի կինոթատրոնների վրա: Ըստ նրա, ռուսական «կարևոր» ֆիլմերի մեծ մասը, որոնց առաջխաղացման համար է հիմնականում կայացվել որոշումը, չեն հայտնվում հայկական կինոթատրոնների էկրաններին, կամ ցուցադրվում է դրանց մի փոքր մասը միայն: «Ուստի, միանգամայն հնարավոր է, որ արևմտյան ֆիլմը մեզ կարող է տրամադրվել ըստ համաշխարհային պրեմիերայի, չնայած, որ ՌԴ-ում այն կհետաձգվի տվյալ սահմանափակումների պատճառով: Բայց եթե ֆիլմեր տրամադրող ընկերությունները դրան չգնան, մենք ֆիլմը կստանանք համաշխարհային պրեմիերայից ավելի ուշ, կամ շուտ` կախված այն բանից, թե ինչպիսին կլինի ժամանակացույցը Ռուսաստանում: Սակայն, այս պահի դրությամբ կանոնակարգումը ԱՊՀ շրջանակում հստակ չէ»,-ասել է մեր զրուցակիցը:
Ամեն ինչ կախված է ֆիլմեր տրամադրողի գործելաոճից, որի հետ համագործակցում են հայկական կինոթատրոնները: Ըստ Cinema Star կինոթատրոնի տնօրեն Հրաչ Արշակյանի, եթե ֆիլմեր տրամադրող ընկերությունը դիտարկում է Հայաստանն ու Ռուսատանը որպես միասնական տարածաշրջան, ապա, հավանաբար, ազդեցություն կարող է լինել: Սակայն խոշոր ընկերությունները, ինչպես, օրինակ, Warner Bros.-ը, Universal-ը և մյուսները, դիտարկում են Հայաստանը որպես առանձին տարածաշրջան: Ուստի, Ռուսաստանի տարածքում գործող սահմանափակումները Հայաստանի կինոթատրոնների համար կարող են ակտուալ չլինել: «Ամեն ինչ կախված է ցուցադրության համար ֆիլմեր տրամադրող ընկերությունից, նրա աշխատանքի սկզբունքից, այն հանգամանքից, թե ինչպես է նա դիտարկում իր շուկաները: Ռուսական մեծ ֆիլմերը շատ հազվադեպ են հայտնվում հայկական շուկայում, ուստի ռուսական կինոն առաջ մղելու տեսանկյունից սահմանափակումները Հայաստանի պարագայում միանգամայն անօգուտ կլինեն»,-ասել է նա: