18 ապրիլի 2016 - 13:39 AMT
ՀՈԴՎԱԾ
Կամո Նիգարյանի «լռելյայն» երկխոսությունը
Մեծ ժառանգություն ունեցող համեստ նկարչի պատմությունը
Նկարիչ Կամո Նիգարյանի մասին գրելիս մի քանի պարադոքսալ իրավիճակների ես բախվում, որոնք կարելի է համեմատել հնագետի խառնաշփոթի հետ, որը մինչ այդ անհյատ գտածո է հայտնաբերել: Նա փորձում է հասկանալ գտածոյի յուրահատկությունը, կառուցվածքը, ոճը, դարաշրջանը, նրա մասին վկայություններ է որոնում տարբեր պատմական ժամանակագրություններում և այլն: Սակայն, ոչ մի տեղեկություն չգտնելով, գիտնականը տալիս է սեփական մեկնաբանությունը եղած հնագիտական նյութի հիման վրա: Որքանով այն ճիշտ կլինի, հայտնի չէ, քանի որ քիչ բան է հայտնի. կա հին գտածո, նրա առանձնահատուկ «կառուցվածքը» և …բազում գուշակություններ:

Եվ այսպես, կա այդպիսի նկարիչ-դիզայներ` Կամո Նիգարյան, մեր ժամանակակիցը: Ավելի ճիշտ կար` նա վախճանվել է 2011-ին, մշակութային մեծ ժառանգություն թողնելով, սակայն տեղեկությունները նրա մասին շատ սուղ են:

Ինչպես անհայտ հնագիտական իրի դեպքում, այստեղ էլ մենք կարող ենք դատել նրա աշխատանքների մասին միայն սեփական փորձի և նրա ստեղծագործությունների ակնհայտ ասոցիատիվ շաղկապումների հիման վրա: Նա չէր սիրում ավելորդ ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա և երբեք ոչ մի հարցազրույց չի տվել:

Մտավոր բազմաշերտությունն ու ինտուիցիան թույլ էին տալիս նրան զգալ տեխնոկրատիզմի հովերը: 70-ականներին նա ստեղծեց ապագա իրողությունների կանխազգացումներով լի կերպարներ` վիրտուալ սաղավարտից, որը նա անվանում էր տեղեկատավական-մտավոր, մինչև սենսորային պրոթեզներ, որոնք ղեկավարվում են ուղեղի և ինտերնետի միջոցով: Նա գերադասում էր խոսել իր արվեստի միջոցով, սիմվոլների օգնությամբ, որոնք յուրաքանչյուրը մեկնաբանում է յուրովի՝ ելնելով սեփական աշխարհայացքից: Այդ երկխոսությունը նկարչի լռության արգասիքն է: Չմեկնաբանելով սեփական արվեստը՝ Կամոն փաստորեն բացարձակ ազատություն է տվել այն մեկնաբանելու համար: Նա չի հուշում, թե ինչպես այն պետք է ընկալել, նա ուղղակի իր աշխարհն է ստեղծել, որի մեջ կտեղավորվի յուրաքանչյուր դիտողի կարծիք՝ ամենապարզից ու անհեթեթից մինչև հանճարեղ պարզ:

Գեղանկարչության մեջ նա աշխատում էր ոճերի եզրին՝ աբստրակցիոնիզմի և սյուրռեալիզմի, որն աստիճանաբար վերաճում է արտ-բրյուտի՝ տարբեր ուղղություններից անկախ ազատ ինքնաարտահայտման տարածքի, որտեղ կարևոր է միայն բանականության խաղը: Որտեղ, ըստ Նիգարյանի, իրականը դառնում է անիրական, իսկ անիրականը՝ շիզոֆրենիա, որն ընդունված նորմերի իրողության հակառակ կողմն է: Այս տարածքում հաղթում է ոգին՝ այն արարիչ խթանը, որի էությունը ստեղծագործելն է:

Նրա գեղանկարչության առանցքային շարքերից մեկը այդպես էլ կոչվում է՝ «Շիզոմիլիտարի», «Շիզոսաֆարի» («Խորտակված ժամանակների սրբապատկերներ» 1977-1985թթ.), որոնց հիմքում սրբության հիմնարար գաղափարն է, որը սակայն զարգացում չի ստացել: Դա մարդկային կերպարանքը կորցրած հրեշների աշխարհ է, որոնց պաթոլոգիկ ձևախեղված մկանների հաստ ու այլանդակ դիմակների ետևում նույն մարդկային կերպարանքն է նշմարում: Այդ շարքը կարելի է մեկնաբանել տարբեր տեսակետներից, բայց այդպես էլ չհասկանալ, թե ինչ էր ուզում ասել նկարիչը, թեև խոսքերն իրոք ավելորդ են՝ յուրաքանչյուրն իր իրականությունն է տեսնում:

Նրա շարքերից յուրաքանչյուրը զարմանալիորեն տարբերվում է մյուսներից, միաժամանակ յուրօրինակ «գենետիկ» կապով շաղկապված լինելով նկարչի գաղափարական դաշտի հետ` սև-սպիտակից («Նախակերպեր» շարքը) մինչև գունավոր, մանկական նկարի պարզ ձևերից մինչև բարդ կառուցվածք ունեցողները, արխաիկ ժայռապատկերներից («Նոթեր անցյալից և ապագայից» շարքը) մինչև Ա-Ֆ («Աբրակադաբրա» շարքը):

Ինչպես արդեն ասվեց, Նիգարյանը չէր սահմանափակվում գեղանկարչությամբ: Տեխնիկական էսթետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում աշխատելու մի քանի տարիներին նա մշակել է արդյունաբերական նմուշների մի ամբողջ շարք, որոնցից 14-ի համար ստացել է հեղինակի հավաստագիր: Այդ նմուշներն աչքի էին ընկնում հատուկ լուծումներով և յուրահատուկ իմաստային արժեքով: Օրինակ, սա մեջբերում է վերելակի կոճակների վահանակի նրա նկարագրությունից (1977թ.).«…թեև վերելակն այսօր անվանում են «ուղղահայաց տրանսպորտ», ինձ թվում է, որ մարդկությունը ԴԵՌԵՎՍ չափում է իր ուղին հորիզոնական շերտերով, ոչ թե` ուղղահայաց: Իսկ վերջիններս շենքերում տարանջատված են իրարից որոշակի քանակի աստիճաններով: Ուստի կոճակները տեղադրված են ըստ անկյունագծի: «Ուղղահայաց տրանսպորտի»՛ գաղափարը հնարավոր է ընդունելի լինի սերնդի համար, որը ծնվել է, ապրում է և դեռ կապրի (՞) երկնքի տակ: Սակայն այսօր երկրի վրա կարծես թե ավելի հանգիստ է…Հատուկ ուշադրության են արժանի նաև նրա լուսանկարները, որոնցից շատերը հատուկ տեխնիկայով են կատարված և «իրականացած կանխազգացումների» աբստրակտ կերպարներ են:

1984-ին նա ստեղծում է «Պայթյուն» շարքը լուսանկարչության տեխնիկայով: Նիգարյանի գրառումներից. «Լուսանկարումը կատարվել է Լենինականում, երկրաշարժից 4 տարի առաջ: Նեգատիվների երևակման հատուկ տեխնիկան և հետագա մշակումը թույլ են տվել լղոզված պայթյունի բնույթ հաղորդել լուսանկարներին: Աշխատանքը կոչվեց EXPLOSION 84: 1988 թ. Սպիտակի երկրաշարժը, որից առավելագույնս տուժեց Լենինականը` ներկայիս Գյումրին, ուղղակի (՞) կամ անուղղակի (՞) կերպով հաստատում է ինտուիցիայի դերը, որը կարող է կրել իր մեջ արվեստի գործը»:

Նիգարյանը յուրահատուկ է, ոչ միանշանակ և գլոբալ: Մեր առջև մի ֆենոմեն է, որը դեռ պետք է հասկանանք և գիտակցենք: Այսպես թե այնպես. «Ճշմարտությունը դուրս կհորդի ձեր աշխատանքներից, անկախ ամեն ինչից»,-գրել է Կամո Նիգարյանն իր մանիֆեստում` արվեստի մասին իր նվիրական մտքերի հավաքածուում:

Կենսագրական տեղեկանք

Կամո Նիգարյանը ծնվել է 1950 թվականին Հելենդորֆ քաղաքում (պատմական Հայաստան), որը 1920 թ. ընդգրկվեց Ադրբեջանի կազմում։ 1960-ին ընտանիքը տեղափոխվում է Երևան: 1973 թվականին Նիգարյանն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Երաժշտությունը եղել է նրա ինքնաարտահայտման և որոնման ձևերից մեկը և 1970-ականներին Նիգարյանը հիմնել է «Սարդեր» ռոք խումբը: Կամո Նիգարյանը համարվում է ֆիգուրատիվ արվեստի կամ տրանսավանգարդի շարժման հայաստանյան ներկայացուցիչ։ Շարժումը ներառում է բոլոր այն արվեստի գործերը, որոնք պահպանում են իրականության հետ նմանությունը։

Նիգարյանը ձևավորել է Գյումրու Մերկուրովի թանգարանը, «Ձիթողցենց տունը», Երևանի «Մոնումենտի», «Հեղափոխության», Եղիշե Չարենցի թանգարանները:

2001թ. Նկարիչների տանը տեղի ունեցավ Նիգարյանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը: Լուսանկարչական աշխատանքները ցուցադրվել են առանձին շարքով ժամանակակից արվեստի թանգարանում 2011-ի մայիսին: 2015-ին Գաֆէսչյան արվեստի կենտրոնում ցուցադրվել է «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցահանդեսը: Նիգարյանը վախճանվել է 2011-ի դեկտեմբերի 23-ին:

PanARMENIAN.Net / Tsets