3 մայիսի 2016 - 13:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Երևանի 33-րդ թաղամասը
Նոր հրապարակ` Ֆիրդուսի շուկայի փոխարեն
Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող 5 հեկտարից ավելի տարածքում` Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի տեղում, նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ:

Ընդ որում, հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին:

Ներկայումս կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում մշակվում են համապատասխան նախագծային փաստաթղթեր: PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության խորհրդատու, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը նշել է, որ որոշ մասնաբաժինների վերաբերյալ արդեն ձեռք են բերվել բանավոր պայմանավորվածություններ հավանական ներդրողների հետ:

«Նախորդ ամիսների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ և բանակցություններ, որոնց ընթացքում ներդրողներին ներկայացվել է կառուցապատման ընդհանուր հայեցակարգը: Մշակվել է ապագա թաղամասում նախատեսվող ինժեներական համակարգերի և տրանսպորտային սխեմայի հնարավոր տարբերակներ, ինչպես նաև՝ կառուցապատման ներդրումային ծրագրի փաթեթ՝ նախատեսված միջազգային ներդրումային հարթակներում, այդ թվում նաև «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառմանը ներկայացնելու նպատակով»,- նշել է ճարտարապետը:

Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատող ընկերությունների և բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: «Տարիների պատմություն ունեցող այս ծրագիրը շատ կարևորում ենք, քանի որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք լուծելու, որոնցից առաջինն ու ամենակարևորը տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման՝ առայսօր չլուծված հարցն է»,- ասել է նախարարը:

Երևանի քաղաքաշինական կարևորագույն ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման առավելությունների թվում է նաև այն, որ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնում են իրենց տեղում, այսինքն՝ իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը: Քաղաքաշինության նախարարը վստահեցրել է, որ Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու՝ Հանրապետության փողոցին և հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ, կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն: Ինչ վերաբերում է բնակելիներին, ապա դրանք կթույլատրվի կառուցել այն լոտերի սեփականատերերին, որոնք կունենան սպասարկման համար անհրաժեշտ բակային տարածքներ:

Նախատեսվում է նաև կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կապել վերնիսաժի հետ, և քանի որ տարածական առումով մոտ են, հնարավոր է, այն ևս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա: Կլոր հրապարակի տակ նախատեսված են մի քանի հարկ ստորգետնյա կայանատեղեր:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մոտ 2 տարի է, ինչ ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն, որի նպատակն է ներդրումների խթանման համատեքստում Երևանի և ՀՀ մարզերի համար կառուցապատման ներդրումային փաթեթների մշակումը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի թաղամասը բաժանված է մի շարք մասնաբաժինների, որոնք իրականացվելու են համապատասխանաբար տարբեր ներդրողների միջոցներով, օտարման, նախագծանախահաշվային, շինարարական և այլ աշխատանքներն իրականացվելու են տարբեր ժամանակացույցերով»,- նշել է Արտավազդ Թարխանյանը:

Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել մոտ 200.000 քմ մակերեսով շենքեր և շինություններ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը, ըստ նախնական հաշվարկների, կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net