4 մայիսի 2016 - 17:35 AMT
ՀՈԴՎԱԾ
Ով է հայոց պատմության դասագրքերում օգտագործված նկարների հեղինակը
Ավստրիացի նկարչի հայկական մոտիվները
Հայոց պատմության դպրոցական կամ բուհական դասագրքերում (հատկապես հին հրատարակությունների) տարածված են հին հայկական պատմական և առասպելական դեմքերին պատկերող թեմատիկ նկարներ, որոնք ճանաչելի են բոլորի կողմից, բայց հայտնի չէ, թե ով և երբ է ստեղծել դրանք։

Նման նկարներից մի քանիսին՝ իտալացի նկարիչների կողմից հայոց պատմության առաջին ամբողջական պատկերագրությանը, PanARMENIAN.Net-ն արդեն անդրադարձել է։ Այժմ ներկայացնում ենք ավելի քան 100-ամյա վաղեմության նման նկարներ, որոնց հեղինակը նկարիչ ու գրքի նկարազարդող Յոզեֆ Ռոտտերն է։

Ծագումով ավստրիացի Յ․ Ռոտտերի կենսագրության մասին քիչ բան է հայտնի։ Ապրել է 19-րդ դ․ երկրորդ կեսին-20-րդ դ․ սկզբին։ Հայտնի է, որ նախորդ դարի սկզբին բնակություն է հաստատել Թիֆլիսում, համագործակցել տեղի մի շարք ամսագրերի հետ՝ ծաղրանկարներ, թեմատիկ նկարներ ու նկարազարդումներ կատարելով։ Մեծ վաստակ ունի հատկապես հայ մանկագրության ստեղծագործությունների նկարազարդման գործում։

Հայկ և Բել

Հայտնի են հատկապես հայ նշանավոր ազգագրագետ, պատմաբան Ստեփան Լիսիցյանի խմբագրությամբ լույս տեսած «Հասկեր» մանկական պատկերազարդ ամսագրի (1905-1917) և Ստ․ Լիսիսցյանի, Հովհ․ Թումանյանի և Լևոն Շանթի խմբագրած «Լուսաբեր» մայրենի լեզվի դպրոցական դասագրքի համար Ռոտտերի կատարած նկարազարդումներ։

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Ներկայացվող նկարներն արվել են, ամենայն հավանականությամբ, հենց այդ դասագրքերի համար և Ստեփան Լիսիցյանի անմիջական նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ։

Վահագնի ծնունդը

Ռոտտերի այդ նկարները առաջին անգամ մեկ ամբողջական ալբոմով հրատարակվել են 1939 թ․Երևանում «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի առիթով։ «Հին հայկական վիպասանքից և առասպելներից» խորագրով մեծադիր ալբոմում ներկայացված է 12 նկար։ Դրանք բոլորը ներկայացնում են Մովսես Խորենացու «Պատմություն հայոց»-ի համապատասխան հատվածներում ներկայացված պատմական ու առասպելական հերոսների կերպարները՝ Հայկ և Արամ նահապետներից սկսած մինչև Արտաշես ու Սաթենիկ, Արտավազդ արքա։

Արտաշես և Սաթենիկ

Յուրաքանչյուր նկարին կից բերված են հերոսին կամ պատկերված իրադրությանը վերաբերող Խորենացու նշանավոր գրքից համապատասխան հատվածներ՝ գրաբար և աշխարհաբար տարբերակներով։

Արամ և Նյուքար Մադես

Այդ նկարները, իրենց պատկերագրական արժեքով լինելով եզակի ու տպավորիչ դպրոցականների համար, հետագայում ևս շարունակ վերատպվել են դասագրքերում՝ սակայն ոչ միշտ է նշվել հեղինակի անունը։

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net