20 մայիսի 2016 - 14:25 AMT
ՀՈԴՎԱԾ
Անխուսափելի մահվան վտանգի առջև
«Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի գրախոսությունը
Էկրանային «Իքս մարդկանց» «հայրը»` Բրայան Սինգերը կարողացավ 2014-ին շտկել այն, ինչ արել էին նախորդ կինոնկարների հեղինակները: «Անցած ապագայի օրերից» հետո ստուդիան վերջնականապես հավատաց, որ Սինգերից բացի ոչ ոք մուտանտ մարդկանց մասին կինո ավելի լավ չի նկարի: 250-միլիոնանոց բյուջեով նոր կինոնկարում նոր հզոր թշնամի է հայտնվում` Ապոկալիպսիսը, որն ամենահին ու զորեղ մուտանտներից է: Նրան հաղթելու համար նախկին հակառակորդները պետք է միավորեն ջանքերը:

PanARMENIAN.Net-ն իր տպավորություններով է կիսվում «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմից:

1983 թվական: 10 տարի է անցել Վաշինգտոնի իրադարձություններից հետո: Քսավիեն զբաղվում է մուտանտների ուսուցմամբ իր դպրոցում, իսկ Մագնետոն ընտանիք է կազմել և հիմնավորվել Լեհաստանում` աշխատանքի անցնելով պողպատի ձուլման գործարանում: Միաժամանակ Կահիրեում Մոյրա Մաքթագերը պատահաբար ակտիվացնում է լքված դամբարանը և քնից արթնացնում ամենահին ու հզոր մուտանտին` Ապոկալիպսիսին, որը, տեսնելով հեռուստացույցով, թե ինչ է կատարվում աշխարհում, որոշում է մի լավ զտել մարդկությունը:

Միանգամից ասենք, որ հարկ չկա Սինգերի հերթական ստեղծագործությունից բացահայտումներ ու սյուժետային վայրիվերումներ ակնկալել: «Անցած ապագայի օրերի» բազմաշերտ ու բարդ կառուցվածքի փոխարեն մեզ բավականին ուղղահայաց և, ինչ-որ չափով, պարզ պատմություն է սպասում ընդհանուր թշնամու առկայության դեպքում մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին: Ֆիլմում «նույնիսկ ապոկալիպսիսի վտանգի առջև ոչ մի փոխզիջում» թեմայով փիլիսոփայական մտորումներ չկան: Ընտրություն անելու անհրաժեշտությամբ պայմանավորված մշտական տվայտանքները, ներքին եսի որոնումները` այս ամենը բնորոշ է բարդ գրաֆիկական վեպերին: Նոր ֆիլմում դրանք առավելագույն հասկանալի ու կանխատեսելի ձևով են ներկայացված: Եվ դա, որքան էլ տարօրինակ լինի, ֆիլմի դրական կողմերից մեկն է:

Նախորդ ֆիլմը կոչված էր շտկելու Սինգերի հեռանալուց հետո «Իքս մարդկանց» կինոաշխարհում թույլ տված բացերի հսկայական քանակը: Վերադառնալով` ռեժիսորը միանգամից սկսել է «ազատվել աղբից»` դրա համար հարկ եղավ խճճված պատմություն հորինել բազում, երբեմն վատ համադրվող ճյուղավորումներով, արդյունքում նախորդ մասերի կանոնները խախտվեցին և միանգամայն նոր բան ստացվեց: Անկախ կառույցի բարդությունից, որը սպառնում էր փլուզվել ցանկացած պահի, Սինգերը կարողացավ պահպանել այն համեմատաբար կայուն վիճակում:

«Ապոկալիպսիսը» որպես լիարժեք շարունակություն, զրկված է այդպիսի թերություններից. եթե «Անցած ապագայի օրերը» տարբեր ուղղությունների և կտրուկ շրջադարձերի բարդ միահյուսում էր, ապա նոր ֆիլմը հարթ ու ուղիղ ճանապարհ է իրադարձությունների տրամաբանական հաջորդականությամբ:

Միաժամանակ, Սինգերը բավականին մռայլ, կոշտ ու տեղ-տեղ սարսափեցնող ֆիլմ է նկարահանել: Մյուս կողմից, տարբեր համամասնություններով, ահավոր դրաման և հերոսների տանջանքները համեմված են բավականին սրամիտ հումորով: Անշուշտ, ֆիլմի հաջողությունը կապված է Ֆասբենդերի, Մաքէվոյի և Լոուրենսի հետ, որոնք արդեն վետերաններ են: Սակայն «նոր արյունն» ի դեմս երիտասարդ դերասանների, բավականին լավ է նայվում նրանց ֆոնին: Էվան Փիթերսը Ռտուտի դերում կարող է նույնիսկ որոշ ժամանակով զարդարել ամբողջ ֆիլմը` հեղինակները վարպետորեն կարողացել են օգտագործել նախորդ ֆիլմի հայտնի բանտային դրվագի հաջողությունը:

Քննադատները բավականին սառը ընդունեցին «Ապոկալիպսիսը»: Ոմանք անհաջող համարեցին չսիրված կերպարներից մեկի կամեոյի մուտքը, մյուսները դժգոհեցին ձգձգումներից, ինչը բավականին բնորոշ է Սինգերի ֆիլմերին: Սակայն, հեղինակն, անկախ բոլոր թերություններից, կարողացել է իսկական կինոկոմիքս ստեղծել` առավելագույնս մոտ ժանրի բոլոր կանոններին ու օրենքներին, որն ավելին թվալու ձգտում չունի: »Իքս մարդիկ» միշտ էլ այդպիսին են եղել: Եվ Սինգերն, այդ տեսակետից, ընդառաջել է հանդիսատեսին:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net