8 հունիսի 2016 - 16:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Գյուտ` պարտքի դիմաց
Քրաուդֆանդինգի հայկական օրինակները` հաջողված և ոչ այնքան
ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններից շատերն են օգտվում քրաուդֆանդինգի հարթակներից իրենց արտադրանքն առաջ մղելու համար: Քրաուդֆանդինգը մարդկանց հավաքական համագործակցությունն է, որոնք կամավոր սկզբունքով միավորում են իրենց գումարները կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն համացանցի միջոցով, սատարելու համար այլ մարդկանց կամ կազմակերպությունների ջանքերին: Միջոցների հավաքագրումը կարող է տարբեր նպատակների ծառայել, այդ թվում`սկսնակ ընկերությունների և փոքր ձեռնարկատիրության ֆինանսավորման, ազատ ծրագրային ապահովման ստեղծման, համատեղ ներդրումներից շահույթ ստանալու և շատ այլ բաների համար: Հայկական ստարտափերը կամ ՏՏ ոլորտի մյուս կազմակերպությունները նույնպես երբեմն օգտվում են այդ հարթակից, ոմանք` բավականին հաջող:

Հաջող քրաուդֆանդինգը կարող է հրաշքներ գործել, իսկ ընկերության ձախողումը` դեռ վերջը չէ: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է հաջողությունների և ձախողումների օրինակներ:

Թերևս կարելի է սկսել ոչ թե կոնկրետ ստարտափից, այլ հաջողակ բարեգործական արշավից, որը կայացել է ONEArmenia քրաուդֆանդինգի հարթակի, ArmTab պլանշետների արտադրողի և Orran կազմակերպության համագործակցության շնորհիվ: Ընկերությունը նպատակ է դրել ապահովել Orran-ում սովորող երեխաներին ArmTab 100 պլանշետով: Ընկերությունը Indiegogo հարթակում պետք է հավաքեր $15.000, սակայն արդյունքը եղավ $19.830, այսինք թիրախային գումարի 132%-ը:

Ցավոք, կան նաև տխուր օրինակներ, երբ հաջողակ քրաուդֆանդինգային գործընթացը հանկարծ չեղարկվում է: Lionsharp Inc. ստարտափը դրամահավաք էր սկսել Kickstarter հարթակում` մշակելու համար շնորհանդեսների Voceboard նորարարական համակարգը և $45.000 թիրախային գումար հավաքելու նպատակով: Սակայն հաջողվեց հավաքել միայն $31.255:

Մայիսի վերջում մեկնարկել է հեռանկարային քրաուդֆանդինգային արշավը, որի նպատակն է Armath ինժեներային լաբորատորիաների ստեղծումը հայ դպրոցականների համար: Այստեղ նրանք կարող են սովորել ծրագրավորում, ռոբոտատեխնիկա, 3D-մոդելավորում: Հայաստանի մարզերի հանրակրթական դպրոցներում այդպիսի 5 լաբորատորիա կազմակերպելու համար կպահանջվի $57.882: Այս պահի դրությամբ հավաքվել է $3.467, սակայն գործընթացը շարունակվելու է մինչև հուլիսի 13-ը:

Անկասկած, «քրաուդֆանդինգի հայ արքան» ու բացառիկ ռեկորդակիրը Yecup ընկերությունն է, որը ներկայացնում է աշխարհում առաջին «խելացի» ջերմաբաժակը սելֆիի գործառույթով: Առաջին փորձը Indiegogo հարթակում անհաջող էր` նպատակ էր դրված հավաքել $40.000, բայց գործընթացն ավարտվեց $26.182 նիշով: Սակայն, հեղինակները կարողացան տեխնոլոգիայի Yecup 365 ընդլայնված ֆունկցիաներով նոր տարբերակը ներկայացնել: Երկրորդ դրամահավաքը նույն հարթակում գերազանցեց ակնկալվող գումարը 894%` հավաքելով $292.013:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net