27 հունիսի 2016 - 13:55 AMT
ՀՈԴՎԱԾ
Վաստակիր ինչպես հայ, հարկվիր ինչպես գերմանացի
Միջին խավը կհարկվի ինչպես բարեկեցիկ Եվրոպայում
Հարկային նոր օրենսգիրքը քննադատում են բիզնեսի, հասարակության, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներ: Դրա հիմնական թիրախներից մեկը եկամտահարկի նոր դրույքաչափերն են:

Մասնագետները վստահ են` նոր օրենսգիրքը ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը։ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է առաջարկվող փոփոխություններն ու համեմատում միջազգային փորձի հետ:

Առաջարկը

Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է մինչև 120.000 դրամ աշխատավարձի դեպքում իջեցնել եկամտահարկի դրույքաչափը 1.4%-ով` սահմանելով 23%: 120.001-ից՝ 1.000.000 դրամ ստացողների հարկային բեռը կավելանա. սահմանվում է 27.600 դրամ՝ գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 28%-ը: և 1.000.000-ից ավելի աշխատավարձ ստացողները կվճարեն 274.000 դրամ՝ գումարած 1.000.000 դրամը գերազանցող գումարի 33%-ը (ներկայիս 36%-ի փոխարեն):

Օրինակ, 210.000 դրամ «կեղտոտ» աշխատավարձ ստացողը նոր օրենսգրքով կվճարի 52.800 դրամ եկամտահարկ (27.600 դրամ՝ գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 28%-ը, տվյալ դեպքում՝ 25.200 դրամ), ինչը կկազմի նրա եկամտի մոտ 25.1%-ը, իսկ կուտակային վճարների մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ևս 10.500 դրամ (5%): Առձեռն նա կստանա մոտ 147.000 դրամ՝ նրանից կպահվի իր եկամուտի գրեթե 30%-ը: Ամուսնացածների կամ երեխաներ ունեցողների համար որևէ բացառություններ չկան:

Գերմանիայում

Գերմանիայում ևս գործում է հարկման պրոգրեսիվ սկզբունքը, սակայն քաղաքացին հարկվում է ոչ թե ավտոմատ կերպով, այլ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Հարկի չափը կախված է հարկատուի եկամտից, ամուսնական կարգավիճակից, երեխաների առկայությունից, նաև ամուսնու եկամտից: Օրինակ, Գերմանիայի ամուրի քաղաքացիները, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 8.472 եվրոն, եկամտահարկ ընդհանրապես չեն վճարում, իսկ ամուսնացածների համար չհարկվող շեմը 17.300 եվրո է: Այս գումարից հետո գործում է 14% եկամտահարկ, որն ավելանում է աշխատավարձի աճին զուգահեռ՝ հասնելով մինչև 42%-ի տարեկան 53.666 եվրոյից ավելի ստացող ամուրիների ու 107.331 եվրո ստացող ամուսնացած քաղաքացիների համար: Տարեկան 254.000 եվրոյից ավելի վաստակող ամուրիներն ու 504.000 եվրոյից ավելի վաստակող ամուսնացածները վճարում են էլ ավելի բարձր՝ 45% եկամտահարկ:

Սակայն վերոնշյալ հանգամանքների առկայության դեպքում իրական հարկերը կտրուկ նվազում են: Միջին բրուտտո-աշխատավարձը («կեղտոտ») Գերմանիայում կազմում է 3500 եվրո: Միջին աշխատավարձ ստացող, ամուսնու հետ հավասար հարկվող, 2 երեխա ունեցող գերմանացին նշված «կեղտոտ» աշխատավարձից կվճարի որպես եկամտահարկ 577 եվրո ու ևս 21 եվրո՝ երկրի վերամիավորման ծախսերին ուղղվող «միասնականության հարկի» տեսքով, ինչը գումարային կկազմի նրա եկամտի ընդամենը 17%-ը: Բժշկական ապահովագրության ու պետական թոշակի համար կվճարվի համապատասխանաբար ևս 327 և 287 եվրո: Առձեռն նա կստանա մոտ 2200 եվրո: Միաժամանակ գերմանացին կստանա ամսական մոտ 380 եվրո գումար` որպես 2 երեխայի նպաստ: Նրա եկամուտը, այսպիսով, կկազմի 2580 եվրո, այսինքն, «կեղտոտ» 3500 եվրո աշխատավարձից նա փաստացի կկորցնի 920 եվրո, կամ աշխատավարձի 26%-ը:

Եթե նույն պարագայում աշխատում է ամուսիններից միայն մեկը, նրա մաքուր աշխատավարձը կկազմի մոտ 2450 եվրո, որին 380 եվրո նպաստն ավելացնելուց հետո կստացվի 2830 եվրո: Որպես հարկեր, տուրքեր, թոշակային վճար ու բժշկական ապահովագրություն նշված քաղաքացին կվճարի իր աշխատավարձի մոտ 19%-ը՝ 670 եվրո: Իսկ չամուսնացած, երեխաներ չունեցող գերմանացին էլ կստանա առձեռն 2170 եվրո՝ մուծելով որպես հարկեր և ապահովագրական վճարներ աշխատավարձի 38%-ը:

Ռուսաստանում

ՌԴ-ում գործող ներկայիս հարկային օրենսդրությամբ սահմանված է 13% եկամտահարկ: Սակայն 2016-ի մայիսին The Wall Street Journal-ը, ՌԴ կառավարական աղբյուրներին հղումով, գրեց, որ նավթի համաշխարհային գների և Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով երկրի բյուջեում խնդիրներ են կուտակվել: Լուծման հավանական տարբերակներից մեկն էլ եկամտահարկի ավելացումն է: Դիտարկվում է երկու տարբերակ. առաջինով նախատեսվում է անցնել հարկման պրոգրեսիվ սանդղակին (Գերմանիայի օրինակով), 2-րդով` ՌԴ բոլոր քաղաքացիների համար սահմանել կայուն 20% եկամտահարկ: Սակայն փոփոխությունները, ըստ ԶԼՄ-ների, նախատեսվում են միայն 2018-ի նախագահական ընտրությունից հետո:

Վրաստանում

ՀՆԱ-ի ցուցանիշով և աշխարհագրական դիրքով մեզ ամենամոտը գտնվող Վրաստանում 2005-ին ընդունված Հարկային օրենսգրքով սահմանված է ընդամենը 6 տեսակի հարկ (նախորդ հարկային ռեժիմով սահմանված էր 21): Այժմ Վրաստանում գործում է 20% եկամտահարկ՝ բոլոր քաղաքացիների համար, անկախ եկամտի չափսից:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net