Հնացած մոտեցումը նոր իրողության պայմաններում օրինաչափորեն չգործեց. PanARMENIAN.Net-ն իր տպավրություններն է ներկայացնում «Անկախության օրը. Վերածնունդ» ֆիլմից:
Նոր ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում առաջին ֆիլմից 20 տարի անց: Երկիր մոլորակի վրա, որը դեռ լիովին ուշքի չի եկել 1996 թվականի հարձակումից հետո, նոր սերունդ է աճել, որը յուրացրել է այլմոլորակայինների տեխնոլոգիաները: Կասկածներ կան, որ այլմոլորակայինները փարոս են թողել, որը կրկին կարող է գրավել զավթիչներին, սակայն գտնել այն չհաջողվեց: Եվ, անշուշտ, այլմոլորակայինները կրկին կհարվածեն, այս անգամ արդեն նոր ուժով:
1996-ին Ռոլանդ էմերիխը ներկայացնում էր իր ֆիլմը որպես պատասխան Սփիլբերգի «Այլմոլորակայինին»: Նա պնդում էր, որ չնայած վարպետի պատկերացումներին եկվորների բարի մտադրությունների մասին, տիեզերքի խորքից եկող հյուրերն ամենայն հավանականությամբ կարող են ագրեսիվ տրամադրված լինել: Պատասխանը բավականին համոզիչ էր` այն ժամանակվա համար չտեսնված վիզուալ էֆեկտներ ու լայնածավալ ավերածություններ, այլմոլորակայինների անիմաստ ու անողոք դաժանություն, ամերիկացիների (էլ ո՞ւմ) արիությունն ու խիզախությունը և պաթոսի հարվածային չափաբաժինները: Կինոնկարը շատ լավ ընդունվեց` համահունչ լինելով ժամանակի պահանջներին: 20 տարի անց նույն էմերիխը որոշել է կրկնել հաջողությունը` ղեկավարվելով «ավելի շատ ու ավելի թանձր» սկզբունքով: Արդյունքը ներկայանում է որպես մի մարդու հիմարության գագաթնակետ, որի ամբողջ ստեղծագործական պաշարն անցյալ դարում է մնացել:
Էմերիխը չի փորձում հարմարացնել կինոնկարը նոր իրողություններին: Երկրորդ հարձակման միանգամայն արդարացված հայեցակարգը մարդկության տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում, որը յուրացրել է առաջին հարձակումից հետո այլմոլորակայինների տեխնոլոգիաները, փլուզվում է` առաջին իսկ րոպեներից բախվելով հիմար սցենարին: Ավերիչ հարձակումը վերապրած մարդկությունը 20 տարում այդպես էլ չկարողացավ հայրենի մոլորակում հայտնաբերել այլմոլորակայինների բավականին ակտիվ գործունեության հետքերը` «փայտե» կերպարները հայտնվում են կադրում միայն «համախմբման անհրաժեշտության մասին» հերթական պաթոսով լի ճառն ասելու և անհետանալու համար: Հատկապես վշտացնում է մեծն Շառլոտա Գինսբուրգի շատ փոքր դերը, որը միանգամայն պատահական է հայտնվել այդ խեղկատակության մեջ: Ավերածությունների պատկերները տպավորիչ չեն ու կրկնում են այն ամենն, ինչ Էմերիխն արել է արդեն հազար անգամ:
Ռեժիսորը, հավանաբար, չի գիտակցում մի պարզ բան` այն, ինչ կարող էր զարմացնել 20 տարի առաջ, այսօր միանգամայն սովորական է թվում: Այս տասնամյակների ընթացքում կինոդիտողը հասցրել է հագենալ այն ամենով, ինչ կա կինոնկարում` հսկայական մասշտաբներ, էպիկական ճակատամարտեր, հսկայական հրեշներ, մետաղի զրնգոց և բետոնե ջունգլիների կործանում, համառ պայքար ու հաղթանակ ամենավերջին պահին: Յուրօրինակ մի «բոցաշունչ ողջույն 90-ականներից». Էմերիխը նույնիսկ չի խաղարկում կարոտախտը, հղումներ չի անում: Նա, միանգամայն լուրջ, կինո է նկարահանում 21-րդ դարի երկրորդ տասնամյակի կինոդիտողի համար` օգտագործելով նախորդ դարավերջի հնացած հնարքները: Արդյունքն օրինաչափորեն աղետալի է: