Խռմփոցը քնի լայն տարածված խանգարում է, որից գործնականում ոչ ոք ապահովագրված չէ: Այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում, թեև ավելի հաճախ է հանդիպում տղամարդկանց և ավելորդ քաշով անձանց մոտ:
Պարբերաբար առաջացող խռմփոցը լուրջ վտանգ չի ներկայացնում առողջության համար` ավելի շուտ, այն խնդիրներ է առաջացնում կողքի մարդու համար: Իսկ ահա խրոնիկ խռմփոցը խախտում է և կողքինի, և հենց խռմփացնողի քունը: Խրոնիկ խռմփոցից տառապողն իրեն կոտրված և հոգնած է զգում նույնիսկ լիարժեք թվացող քնից հետո: Հենց այդ պատճառով է նրան բուժօգնություն հարկավոր:
Վիճակագրությունը վկայում է, որ մարդկանց մոտ 25 տոկոսն, անկախ սեռից ու տարիքից, խռմփացնում է քնի մեջ: Սակայն դա միջին ցուցանիշ է: Որպես կանոն, երիտասարդները շատ ավելի քիչ են խռմփացնում: Քնի խախտումներն ավելանում են տարիքի հետ, այնպես որ 60-ից բարձր տղամարդկանց և կանանց 70 տոկոսը տառապում է քնած ժամանակ շնչառության խանգարումից:
Մարդու խռմփոցի բացասական ազդեցությունը նրա առողջության վրա ինչ-որ առումով պատահաբար է բացահայտվել: Եվ այսօր այն չի համարվում անբուժելի հիվանդություն: Նախորդ դարի 60-ականներին ԱՄՆ-ում առաջացավ բժշկության այնպիսի ճյուղ, ինչպիսին սոմնոլոգիան է, որը զբաղվում է քնի անոմալիաների ուսումնասիրությամբ: Միայն այդ ժամանակ բժիշկները գիտակցեցին, որ կյանքի մեկ երրորդն անցկացնում ենք քնած, երբ մեր օրգանիզմի վիճակը զգալիորեն փոխվում է:
Սոմնոլոգները սկսեցին ուսումնասիրել անքնությունը, նորմալ քնի այլ խախտումները, գիշերային ժամերին վատ ինքնազգացողության պատճառները, հաճախասրտությունը, ցավերը սրտի շրջանում և այլն: Քնած ժամանակ սրտի և ուղեղի աշխատանքի, արյան ճնշման ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բազում հիվանդությունների պատճառը, նույնիսկ մահացու ելքով, մարդու խռմփոցն է:
Խռմփոցի պատճառը շնչուղիներով անցնող օդի ծավալի սահմանափակումն է: Երբ շնչուղիները նեղացած են, օդն ավելի արագ է անցնում, իսկ քիթ-կոկորդի պատերի վիբրացիան որոշակի հնչյուններ է առաջացնում, որոնք էլ կոչվում են խռմփոց կամ խռռոց:
Ազատ շնչառությունը կախված է հետևյալ գործոններից.
-քթանցքերի օբստրուկցիա (փակվածություն): Քթանցքերի մասնակի օբստրուկցիայի դեպքում օրգանիզմին լրացուցիչ ջանք է պահանջվում քնած ժամանակ օդը թոքերին հասցնելու համար: Որպես արդյունք` նկատվում է շնչուղիների փակվածություն և խռմփոց: Իսկ քթի փակվածության պատճառները բազում են. սեզոնային ալերգիայից մինչև թքի պոլիպներ:
-կոկորդի և լեզվի մկանների անբավարար տոնուս: Կոկորդի մկանների թուլացումը խորը քնի ժամանակ, ալկոհոլի կամ քնաբերի չարաշահումը, տարիքը` այս ամենի հետևանքով լեզուն կարող է կուլ գնալ`արգելափակելով շնչուղիները: -քթի խոռոչի փափուկ հյուսվածքների գերաճ: Հաճախ նկատվում է ավելորդ քաշով մարդկանց մոտ: Իսկ մանկական խռմփոցի պատճառը որպես կանոն նշագեղձերի և ադենոիդների աճն է:
-փափուկ քիմքի կամ քիմքային լեզվակի գերաճը երբեմն խոչընդոտում է օդի անցնելուն: Իրար դիպչելով և վիբրացիայի ենթարկվելով քնած ժամանակ, դրանք դառնում են խռմփոցի պատճառ: Ինչպես է խռմփոցն ազդում առողջության վրա
Առաջին հայացքից անվնաս թվացող խռմփոցը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Օրինակ, օբստրուկտիվ ապնոէն ծանր հիվանդություն է, որը հաճախ կապված է խրոնիկ խռմփոցի հետ: Ապնոէի դեպքում նկատվում է.
- շնչառության դադար քնած ժամանակ մինչև 10 վայրկյան տևողությամբ, որի պատճառը շնչուղիների օբստրուկցիան է: Շնչառության կանգը կարող է կրկնվել գիշերվա ընթացքում մի քանի հարյուր անգամ:
- անհանգիստ քուն հաճախակի արթնացումներով, մակերեսային քուն, երբ մարդը փորձում է վերահսկել կոկորդի մկանների լարվածությունն ազատ շնչելու համար, հիպոքսիա, երբ նվազում է թթվածնի մակարդակն արյան մեջ:
Հաճախասրտությունը նաև արյան բարձր ճնշման պատճառ կարող է դառնալ: Արդյունքում նկատվում է` թուլություն և քնկոտություն, հիպերտոնիա, սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկի ավելացում:
Ինչպես բուժել խռմփոցը:
Եթե պարբերաբար խռմփացնում եք, փորձեք փոխել կենսակերպը.
-նվազեցնել քաշը և փոխել սննդակարգը
-չընդունել տրանկվիլիզատորներ, քնաբեր և հակագիստամինային դեղամիջոցներ քնից առաջ
-չչարաշահել ալկոհոլն ու չուտել քնից մի քանի ժամ առաջ
-քնի ռեժիմ սահմանել, օրինակ, աշխատել միշտ քնել նույն ժամին
-քնել կողքին, ոչ թե մեջքի վրա
-ոչ միայն բարձը, այլ նաև մահճակալի գլխավերևը բարձրացնել 10 սմ-ով:
Եթե վերոնշյալից ոչինչ չի օգնում, հարկավոր է դիմել բժշկի: Բժիշկ սոմնոլոգը կառաջարկի ինչպես խռմփոցի, այնպես էլ ապնոէի բուժման բազում մեթոդներ, որոնք կբարելավեն վիճակը կամ ընդմիշտ կազատեն այդ խնդրից:
Այժմ դեղատանը կարելի է գտնել խռմփոցից ձերբազատվելու համար նախատեսված ավելի քան 300 սարք: Այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկը չի վերացնում խռմփոցի ֆիզիոլոգիական պատճառները` օրինակ, քթանցքերի փակվածությունը կամ ավելորդ քաշը: Իսկ որոշ խնդիրներ կարելի է վերացնել վիրաբուժական միջամտությամբ: