1 հուլիսի 2016 - 15:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Հարկել չի կարելի խնայել
Ինչով է սպառնում բիզնեսին հարկային նոր օրենսգիրքը
Հարկային նոր օրենսգրքի շուրջ քննարկումները չեն դադարում, քննադատությունն էլ ավելի մեծ թափ է հավաքում:

Առաջարկվող փոփոխությունները քննադատում են գրեթե բոլորը` բիզնեսի, հասարակության, ընդդիմության ներկայացուցիչներն, անգամ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ:

PanARMENIAN.Net-ը զրուցել է «Արկոլադ» ՓԲԸ տնօրեն Էմիլ Հարությունյանի հետ` պարզելու` ինչ կտան առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բիզնեսին, կամ` ինչից կզրկեն:

Մտահոգությունները

Մի քանի կետ կա, որ անհանգստացնում է, բայց հատկապես մտահոգիչ են եկամտահարկի նոր դրույքաչափերն ու դիվիդենտների հարկումը: Օրենսգրքի փոփոխության նպատակը, ըստ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների, կայունությունն է ու երկարաժամկետ պլանավորման հնարավորության ապահովումը, քանի որ մինչև այս փոփոխությունները կարծես եղել են պահի թելադրանքով և շատ բան խեղվել է: Սակայն այս դեպքում ճիշտ կլինի, որ նոր օրենսգիրքը մանրամասն և երկար քննարկվի: Իրականում, քիչ չեն նաև դրական փոփոխությունները, սակայն այն չենք կարող համարել միանշանակ հաջողված:

Ընդհանուր առմամբ, մեզ մոտ հարկերը ծանր համարել չենք կարող: Գերնպատակը ստվերում գործողներին հակային դաշտ բերելն է, սակայն այստեղ ավելի շատ կրթական-լուսավորչական աշխատանքի կարիք կա, քան օրենսդրական փոփոխությունների: Մարդկանց մեջ պետք է հասունացնել օրինական դաշտում աշխատելու անհրաժեշտության զգացումը: Բյուջեի մուտքերը կարելի է ավելացնել ոչ թե հարկային դրույքաչափերը բարձրացնելով, այլ մարդկանց գիտակցությունը փոխելով:

Եկամտահարկը

Փոքր եկամուտ ունեցողների տոկոսադրույքը նվազեցնելը կարող է ինչ-որ տեղ բերել գրանցված աշխատողների թվի աճի այդ հատվածում, հետևաբար նաև հանգեցնել պետական մուտքերի աճին: Սակայն 120.000-ից 1 մլն ստացող սեկտորը փորձելու է ելքեր որոնել ծանրացող հարկային բեռից խուսափելու համար:

Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է մինչև 120.000 դրամ աշխատավարձի դեպքում իջեցնել եկամտահարկի դրույքաչափը 1.4%-ով` սահմանելով 23%: 120.001-ից՝ 1.000.000 դրամ ստացողների հարկային բեռը կավելանա. սահմանվում է 27.600 դրամ՝ գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 28%-ը: և 1.000.000-ից ավելի աշխատավարձ ստացողները կվճարեն 274.000 դրամ՝ գումարած 1.000.000 դրամը գերազանցող գումարի 33%-ը (ներկայիս 36%-ի փոխարեն):

Տպավորություն է ստեղծվում, որ փոփոխությունները միտված են ոչ թե ստվերային տնտեսությունները հարկային դաշտ բերելուն, այլ արդար աշխատողների հարկային բեռն ավելի ծանրացնելուն, այնինչ պետք է հակառակը լիներ: Պետությունը պետք է ձգտի շահագրգռել, հարմարավետ պայմաններ ստեղծել գործարարների, պոտենցիալ ներդրողների, ներդրումների համար:

Կոնկրետ օրինակով խոսենք. այս պահին մեր ընկերությունում աշխատում է 21 հոգի: Պետության նպատակը պետք է լինի շահագրգռել ինձ նման գործարարներին մեծացնել բիզնեսը: Արդյունքում իմ աշխատողների թիվը 21-ից կդառնա 40, և 19 հոգով կավելանա հարկատուների թիվը: Պետությունն այս կերպ պետք է ձգտի բարելավել իրավիճակը, ոչ թե եղած 21 աշխատակիցների հարկային բեռն ավելացնելով: Կարծում եմ` այս ճանապարհը երկարաժամկետ բարելավման չի տանի. այսինքն` փոփոխություններն իրենց նպատակին չեն ծառայելու:

Դիվիդենտների հարկումը

Երկրորդ կետը, որ մեզ անհանգստացնում է, դիվիդենտների հարկումն է: Փորձեմ բացատրել. իմ ընկերություան մեջ ներդրում ենք արել, որոշակի շահույթ ունենք, մուծել ենք հարկերը, տուրքերը, և արդյունքում կազմակերպությունը ներդրողին հարկված չբաշխված շահույթից դիվիդենտ է տալիս, որի համար արդեն 20% շահութահարկ է վճարվել, հիմա էլ ասում են նորից 5% հարկ վճարեք: Բայց արդյոք դա կնպաստի ներդրողների հոսքին Հայաստան: Պատասխանը միանշանակ բացասական է:

Դիվիդենդը (անգլ.՝ dividend) բաժնետիրական ընկերության շահույթի մի մասն է, որը յուրաքանչյուր տարի բաշխվում է բաժնետերերի միջև հարկավճարից, արտադրության ընդլայնման մասնահանումներից, պահուստների համալրումից, վարկի և փոխառությունների տոկոսավճարից և տնօրենների խրախուսումից հետո։ Դիվիդենդները կարող են վճարվել տարվա ընթացքում մի քանի անգամ։ Կարող են և ընդհանրապես չվճարվել։ Դիվիդենդների վճարումը նվազեցնում է կապիտալացումը և պահանջում է խնայողություններ։

Ստուգումները

Մեզ անհանգստացնում է նաև հարկայինի ստուգումների մասին օրենսդրական փոփոխությունը: Առաջարկվում է այնպես անել, որ այն պահից սկսած, երբ մարդը հարկային ստուգման մասին ծանուցում ստանա, իրավունք չունենա փոփոխություններ կատարել: Սրա իմաստը մի տեսակ անհասկանալի է: Եթե մարդը սկսում է պատրաստվել հարկային ստուգման, և սխալ է հայտնաբերում, ինչո՞ւ նա չպետք է իրավունք ունենա շտկելու իր սխալը, որ պարտադիր տուգանվի՞: Մարդ է, կարող է ինչ-որ բան վրիպել է ուշադրությունից, հիմա ուզում է շտկել սխալը, ինչո՞ւ եք արգելում: Չէ՞ որ ստուգման մասին իրազեկումից հետո այդ 3-4 օր ժամանակը միայն թղթերը դասավորելու համար չէ տրվում: Իրականում, տուգանելը չպետք է լինի հարկային ստուգման հիմնական նպատակը: Այն պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքում: Մարդուն պետք է զգուշացնել, ուղղորդել, օգնել և միայն ծայրահեղ դեպքում տուգանել: Առաջարկվող փոփոխություններով խեղվել են նաև տուգանքների բողոքարկման իմաստն ու մեխանիզմները:

Ինչ սպասենք

Եկամտահարկի բարձրացումը խանգարելու է զարգացմանը: Դիվիդենտի հարկը խանգարելու է զարգացմանը: Գործարարն ավելացող հարկերը կսկսի մուծել ներդրումների հաշվին: Գուցե որոշ ընկերություններ կրճատեն աշխատավարձերը: Ապրանքի գին բարձրացնելու մասին, կարծում եմ, խոսք գնալ չի կարող. դա մեր երկրում ինքնասպանության հավասար կլինի, քանի որ առանց այդ էլ ճգնաժամային իրավիճակ է, սպառում չկա:

Ինչ անել

Օրենսդրական փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե հարկային բեռի ծանրացմանը, այլ` հարկատուների թվի ավելացմանը: Բացի այդ, պետք է հարթվեն եղած անհավասարությունները և բոլոր բիզնեսները` մեծ, թե փոքր, գործեն հավասար պայմաններում, չլինեն արտոնյալներ:

Մեր երկրի ողբերգությունն այն է, որ սպառողները տվողներից շատ են. մեզ մոտ հարկատուներն ավելի քիչ են, քան թոշակառուները, նպաստառուներն ու խոցելի մյուս խմբերը:

Պետք է գործարարների գիտակցությունը փոխելու ուղղությամբ աշխատել: Ես հավատում եմ, որ եթե ուղղորդված աշխատանք տարվի, գործարարները կսկսեն բաց գործել, կմտնեն հարկային դաշտ, ինչը շատ ավելի տեսանելի արդյունք կտա, քան պարզապես եղած հարկատուների բեռը ծանրացնելը: Եվս մեկ տարբերակ է ժամանակավոր աշխատողներին հարկային դաշտ բերելը: Օրինակ, հիմա ամառ է, և գյուղերում 3 ամսով ժամանակավոր աշխատողներ են ընդունում` օրավարձով: Այսօր, ես վստահ եմ, որ նրանցից ոչ մեկը չի գրանցվում և ոչ մի հարկ չի մուծում: Իսկ պատկերացրեք, եթե օրենսդրությամբ սահմանվի ընդամենը 5% եկամտահարկ: Սահմանենք, և սկսենք հետևել, որ պարտադիր բոլորը գրանցվեն ու մուծեն այդ ոչ մեծ հարկը: Պատկերացրեք` ինչ լրացուցիչ հոսք կունենանք: 5%-ը նրանց համար մեծ բեռ չի լինի, փոխարենը բյուջե փող կգա, բոլորն ազնիվ ու թափանցիկ կաշխատեն` առանց հարկայինի ստուգումներից վախենալու:

Մեկ այլ լուծում. սոցիալական ծառայություններում մի քանի հազար մարդ կա գրանցված, որ աշխատանք չունեն, և պետությունն էլ նրանց վրա գումար է ծախսում (էական չէ` որքան): Պատկերացրեք, որ եթե այդ մարդկանց տանենք ու գործատուին ասենք` եթե այս մարդը ձեզ մոտ աշխատի, դու նրա համար ընդամենը 2% եկամտահարկ կմուծես: Եթե այդ մարդիկ նվազագույնը 3 ամիս աշխատեն, նշանակում է, որ պետությունը 3 ամիս նրանց վրա գումար չի ծախսի, և, բացի այդ, հավելյալ հարկատու կունենա: Մարզերում պետք է նվազեցնել եկամտահարկը, բայց ստիպել, որ պարտադիր բոլորը մտնեն հարկային դաշտ: Պետք է գիտակցված, ճիշտ դրույքաչափեր սահմանել:

Կարդացեք նաև. Վաստակիր ինչպես հայ, հարկվիր ինչպես գերմանացի

Քրիստինե Քյուրքլյան/PanARMENIAN.Net