7 հուլիսի 2016 - 17:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Ձուկը մեդուզայի ներսում և Յուպիտերի անսահման հմայքը
Հունիսի գլխավոր գիտական իրադարձությունները
Մի քանի օր առաջ «Յունոնա» միջմոլորակային ավտոմատ կայանը 5 տարվա թռիչքից հետո վերջապես հասավ Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակին: Նոր գործիքի շնորհիվ գիտնականներն ավելի ճշգրիտ տեղեկություններ կստանան Յուպիտերի մասին, հատկապես, գազային հսկայի ամպերի, մթնոլորտի և մագնիսոլորտի կառուցվածքի մասին: Գիտությունն ամեն րոպե ընդլայնում է մեր գիտելիքների սահմանները, իսկ յուրաքանչյուր բացահայտում հսկայական քանակի նոր հարցեր է առաջացնում:

Մենդելեևի աղյուսակի նոր տարրերն ու Զիկա վիրուսի դեմ երկար սպասված պատվաստանյութը. PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 2016-ի հունիսի առավել նշանակալի գիտական իրադարձությունները:

Կենսաբանություն

Սիմբիոզի տարօրինակ դրսևորում է հայտնաբերել ու ֆիքսել ավստրալացի լուսանկարիչ Թիմ Սամուելը: Նա ստորջրյա նկարահանումներ էր անում, երբ հանկարծ մեդուզա տեսավ, որին «կառավարում էր նրա ներսում գտնվող ձուկը»:

Ըստ գիտնականների, թափանցիկ մեդուզայի ներսում կարանքս ձկնիկն էր` դա ծովաձուկ է, որը սպորտային և կոմերցիոն ձկնորսության օբյեկտ է: Ակնհայտ է, որ մեդուզան կուլ է տվել ձկանը, որը, չնայած դրան, ողջ է մնացել:

«Մարսիացին» ֆիլմում նկարագրված իրադարձությունները կարող են այնքան էլ ֆանտաստիկ չլինել: Հոլանդացի գիտնականները էքսպերիմենտ են անցկացրել և պարզել են, որ Մարսի վրա կարելի է մարդու համար անվնաս բողկ, ոլոռ, տարեկան և լոլիկ աճեցնել:

Հետազոտությունների ընթացքում գիտնականները բանջարեղեն ու հացազգի հատիկավորներ են աճեցրել հողի վրա, որն իր բաղադրությամբ մոտ է Մարսի հողին, որից հետո աճեցված մթերքը վերլուծության է ենթարկվել լաբորատոր պայմաններում: Ըստ գիտնականների, բողկում, ոլոռում, տարեկանում և լոլիկում վնասակար ծանր մետաղներ չեն հայտնաբերվել, այնպես որ Կարմիր մոլորակում հնարավոր կլինի զբաղվել գյուղատնտեսությամբ:

Այս պահի դրությամբ չկա ԳՁՕ (Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ) օգտագործումից մարդու կամ կենդանիների առողջության համար վնասի հաստատված ոչ մի դեպք: Չնայած դրան, պայքարը դրանց դեմ չի դադարում` հիմնված լինելով անհեթեթ ու մտացածին փաստակների վրա: Հանդարտեցնելու համար պայքարողներին` Նոբելյան մրցանակի ավելի քան 100 դափնեկիր նամակ էր ստորագրել այն մասին, որ «Գրինփիսը» պետք է դադարեցնի պայքարը ԳՁՕ դեմ: «Մենք գիտնականներ ենք: Մենք հասկանում ենք գիտության տրամաբանությունը: Հեշտ է հասկանալ, որ «Գրինփիսի» գործողությունները վնասակար են ու հակագիտական»,-կարծում են դափնեկիրները:

Հնէաբանություն

66 մլն տարի առաջ դինոզավրերին ոչնչացրած երկնաքարը դարձավ ոչ միայն այդ կենդանիների ոչնչացման պատճառը: Գիտնականները հայտարարեցին, որ երկնաքարի ակնման հետևանքները շատ ավելին էին, քան ենթադրվում էր մինչ այժմ: Հետազոտելով կենդանիների բրածոները` հնէաբանները եկել են եզրակացության, որ տիեզերքից ընկած օբյեկտը ոչ միայն դինոզավրերի անհետացման պատճառ դարձավ` ոչնչացավ այն ժամանակ մոլորակում ապրող կաթնասունների 93%-ը:

Աստղագիտություն

Հունիսի սկզբին աստղագետները եզակի երևույթ են արձանագրել` առաջին անգամ երկու տարում Արեգակի վրա անհետացել են բոլոր բծերը: Դա վկայում է այն մասին, որ Արեգակն իր 11-ամյա ցիկլի նվազագույն ակտիվության փուլ է մտել: Ակտիվության այս փուլը դեռ չի ավարտվել, սակայն աստիճանաբար մարում է: Ակնկալվում է, որ արևի ակտիվության հաջորդ բռնկումը կգրանցվի 2019-2020 թթ.:

Լեգենդար տիեզերական «Հաբլ» աստղադիտակն արդեն 26 տարի հավատարիմ ծառայում է մարդկությանը: Եվ քանի դեռ NASA-ն չի գործարկել ավելի հզոր` Ջեյմս Ուեբբի աստղադիտակը, «Հաբլը» լավագույն գործիքն է մնում մերձակա և հեռավոր տիեզերքի ուսումնասիրության համար:

Ուստի NASA-ն երկարացնում է տիեզերական աստղադիտակի աշխատանքը ևս 5 տարով: Հավելյալ շրջանը սկսվում է հուլիսի 1-ից և ավարտվում է 2012-ի հունիսի 30-ին:

Եվ մինչ միջմոլորակային «Յունոնա» ավտոմատ կայանն իր առաջին պտույտներն է կատարում Յուպիտերի ուղեծրում, աստղագետներին հաջողվել է «Հաբլ» աստղադիտակի կողմից լուսանկարել Յուպիտերի բևեռների փայլը: Այդպիսի երևույթները Յուպիտերում նախկինում էլ են եղել, սակայն այս անգամ գիտնականները տեսել են ամենավառ փայլը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Փայլատակումն առաջանում է, երբ արևային քամու լիցքավորված մասնիկները հայտնվում են մոլորակի մթնոլորտում մագնիսական բևեռների շրջանում:

Քիմիա

Հայազգի հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանի անունով կոչվեց Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը: «Օհանեսոնի» հետ միաժամանակ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հրապարակեց նաև աղյուսակի 113-րդ, 115-րդ և 117-րդ տարրերի անվանումները: Այդպես, 113-րդ տարրը կկոչվի նիպպոնի, 115-րդը` մոսկովի (Մոսկվայի շրջանի պատվին), 117-րդը` տենեսին:

Ֆիզիկա

Ամռան առաջին ամիսը հաղթական էր ֆիզիկոսների համար: Գիտնականները երկրորդ անգամ հայտնաբերեցին գրավիտացիոն ալիքները` տարածության-ժամանակի տատնումները: Այդպիսի բարդ երևույթի առաջին արձանագրման մասին հայտարարվեց ընթացիկ տարվա փետրվարին: Երկու իրադարձություններն էլ արձանագրվել են Լազերային-ինտերֆերոմետրիկ գրավիտացիոն-ալիքային աստղադիտարան (LIGO) դետեկտորների կողմից:

Բժշկություն

Զիկա վիրուսը իրական սպառնալիքի է վերածվել ոչ միայն արևադարձային երկրների բնակիչների համար, ուստի հետազոտական բազում խմբեր են ակտիվորեն զբաղվում այդ հիվանդության դեմ պատվաստանյութի մշակմամբ: Հիվանդությունն, ինչպես հայտնի է, առավել վտանգավոր է հղիության շրջանում: ԱՄՆ և Բրազիլիայի գիտնականները ստեղծել են Զիկա վիրուսի երկու պատվաստանյութ: Ըստ հետազոտողների, սա առաջին դեպքն է, երբ պատվաստանյութը գործուն ազդեցություն է ունենում կենդանիների վրա, ուստի նրանք արդեն պատրաստ են փորձարկել այն մարդկանց վրա: Պատվաստանյութերից մեկը հիմնված է Բրազիլիայում մեկուսացված Զիկա վիրուսի շտամի ԴՆԹ վրա, երկրորդը` Պուերտո Ռիկոյի զտված ապակտիվացված շտամի վրա:

Арман Гаспарян / PanARMENIAN.Net