23 օգոստոսի 2016 - 15:51 AMT
ՀՈԴՎԱԾ
Պատերազմը տեսադաշտից դուրս
Պատերազմական թեմայով 7 ֆիլմ, որոնք մեյնսթրիմից դուրս են
Ռազմական դրամայի ժանրը բավականին պահանջված է` այնպիսի դասական ֆիլմերի մասին, ինչպիսիք են «Փրկել շարքային Ռայանին» և «Ամբոջական մետաղական թաղանթ» ֆիլմերը, հազիվ թե շատերը լսած չլինեն: Սակայն, կան պատերազմի մասին պատմող ֆիլմեր, որոնք ժանրի էտալոն են, սակայն, այս կամ այն պատճառով, այնքան էլ չեն սիրվել հանդիսատեսի կողմից: Պատճառը կարող է լինել իրականությանը շատ մոտ լինելն ու բեմադրության դաժանությունը, կամ պաթոսի բացակայությունը, սակայն այդ կինոֆիլմերը հարստացրել են համաշխարհային կինոն:

Ժանրի սիրահարների համար PanARMENIAN.Net-ն առանձնացրել է պատերազմական թեմայով 7 ֆիլմ, որոնք այսօր հիմնական հոսքից դուրս են:

«Գնա և նայիր», ԽՍՀՄ, 1985թ., ռեժիսոր` Էլեմ Կլիմով

Կլիմովի ազդեցիկ դրաման մեյնսթրիմ էր հեռավոր 80-ականներին, իսկ այսօր քչերն են հիշում այդ ֆիլմը: Կինոնկարը, որը պատմում է նացիստների պատժիչ գործողության մասին 1943-ին, բարձր գնահատավեց արևմտյան երկրների քննադատների կողմից: Նրանք, մասնավորապես, նշում էին, որ կինոյում անհնար է լիարժեք արտացոլել պատերազմի սարսափները, սակայն ոչ մի ռեժիսորի դեռ չէր հաջողվել այդքան մոտենալ նպատակին, ինչպես Կլիմովին: Պատմաբաններն ու կինոքննադատները կինոնկարն անվանեցին ամենաազդեցիկ հակապատերազմական ֆիլմերից մեկը, որը նշանակալի երևույթ դարձավ համաշխարհային կինոյում:

«Առաջնագիծ», Կորեայի Հանրապետություն, 2011թ., ռեժիսոր` Չան Հուն

Չնայած, որ շատերը հարավկորեական լավագույն ռազմական դրամա են համարում «38-րդ զուգահեռական» ֆիլմը, քննադատները վաղուց են որոշել` «Առաջնագիծն» անզիջում և դաժան պատում է պատերազմի մասին, որը մոլեգնում է առաջին հերթին մարդկանց ներսում: Մարդկային զոհերի հանդեպ միանգամայն անտարբեր քաղաքականությունը հակադրվում է 1953թ. ձմռան արյունալի իրադարձությունների մասնակցիներից յուրաքանչյուրի մարդկայնությանն ու անձնական դրամային:

«Սուզանավը», ԳԴՀ, 1981թ., ռեժիսոր` Վոլֆգանգ Պետերսեն

Այն ժամանակ, երբ գերմանացի լավ ռեժիսոր Պետերսենը դեռ չէր դարձել հոլիվուդյան մեքենայի պտուտակներից մեկը և բազմամիլիոնանոց բլոկբասթերներ չէր «տպում», աշխարհին ներկայացվեց մի հիանալի ռազմական դրամա: U-96 գերմանական սուզանավի անձնակազմի մասին պատմող մոնումենտալ պատմության վրա ռեժիսորն աշխատել է ամբողջ 7 տարի` 5 տարի պահանջվել է նախապատրաստական աշխատանքների, և ևս 2 տարի` նկարահանման և մոնտաժման համար: Կինոթատրոնների համար նախատեսված տարբերակի տևողությունը 150 րոպե է, սակայն, լիովին ընկղմվելու համար հեղինակի տեսլականի մեջ, հարկավոր է մինչև վերջ դիտել օրիգինալ տարբերակը, որի տևողությունը 293 րոպե է` դա արժե անել:

«Տորա, Տորա, Տորա», ԱՄՆ, Ճապոնիա, ռեժիսորներ` Ռիչարդ Ֆլեյշներ, Քինձի Ֆուկասակու

Եթե կարծում եք, որ հայտնի Մայքլ Բեյի հեղինակած բլոկբասթերն ամբողջական պատկերացում է տալիս Փիրլ Հարբորի վրա ճապոնական գրոհի մասին, ապա սխալվում եք: Գրեթե կես դար առաջ հուլիվուդյան և ճապոնական կինոյի հսկաներ Ֆլեյշներն ու Ֆուկասակուն, կինոյի իրական արժեք ստեղծեցին, որը փաստագրական ճշգրտությամբ է նկարագրում իրադարձությունները, որոնք ողբերգական էին թե ամերիկացիների, թե ճապոնացիների համար: Ֆիլմը նկարահանվել է երկու հարթակում` առանձին ԱՄՆ-ում (Ֆլեյշներ) և Ճապոնիայում: Սկզբից կինոֆիլմի ճապոնական մասը նկարահանել է Ակիրա Կուրոսավան, սակայն 2 տարվա ապարդյուն աշխատանքից հետո նրան փոխարինեց Քինձի Ֆուկուսակուն: Նկարահանումների խորհրդատուները երկու կողմից պատերազմի վետերաններն էին, այդ թվում ճապոնական գրոհի պլանի անմիջական հեղինակը` Մինորու Գենդան:

«Ջոնին վերցրեց հրացանը», ԱՄՆ, 1971թ., ռեժիսոր` Դալթոն Թրամբո

Լեգենդար դրամատուրգ Դալթոն Թրամբոյի կյանքի գլխավոր ֆիլմն է` նրա կենսագրությունն է նկարագրվում վերջերս էկրաններ բարձրացած ֆիլմում: «Ջոնին վերցրեց հրացանը» ֆիլմը Թրամբոյի համանուն վեպի էկրանավորումն է` խիստ հակապատերազմական ֆիլմ Առաջին աշխարհամարտի մասին: Ֆիլմի դրվագներն օգտագործվել են Metallica խմբի «One» (1989) երգի տեսահոլովակում, որը գրվել է վեպի ազդեցության տակ: Իսկ ֆիլմը, որը հաջողություն չունեցավ էկրաններին, լայն տարածում ստացավ և պաշտամունքային կարգավիճակ այս տեսահոլովակի հայտնվելուց հետո:

«Նապաստակների որսը», Ավստրիա, 1994թ., ռեժիսոր` Անդրեաս Գրուբեր

Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ սարսափը սովետական ռազմագերու աչքերով ներկայացված է այս բարդ ավստրիական ֆիլմում: «Նապաստակների որսը» վերարտադրում է պատերազմի այն դրվագը, որը հայտնի է որպես նապաստակների մյուրֆիրտելյան որս:Այդ իրադարձության ժամանակ հարյուրավոր խորհրդային ռազմագերիներ, որոնք փախել էին Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարից, սպանվեցին և միայն եզակիներին հաջովեց ողջ մնալ տեղաբնակների օգնության շնորհիվ:

«Անվտանգության միացյալ գոտի», Կորեայի Հանրապետություն, 2000թ., ռեժիսոր` Պակ Չխան Ուկ

Այդ ժամանակների մթնոլորտը շատ լավ փոխանցող դեկետիվ դրամա է, որի գործողությունը տեղի է ունենում Կորեայի ապառազմականացված գոտու քաղաքական առումով լարված արվարձաններում: Ֆիլմը, որը հաստատեց հարավկորեական կինոյի կոմերցիոն հասունությունը և թույլ տվեց հեղինակին հետագայում գլուխգործոցներ ստեղծել: Եվ թեև «Անվտանգության միացյալ գոտին» մեյնսթրիմ դարձավ բուն Կորեայում, մյուս երկրներում այն անարժանիորեն անտեսվեց:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net