25 օգոստոսի 2016 - 12:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Երկրի նոր «եղբայրը»
Պարզ լեզվով՝ ամենամոտ էկզոմոլորակի հայտնաբերման մասին
Օգոստոսի կեսին միջազգային մի շարք լրատվամիջոցներ տարածում էին չհաստատված տեղեկատվություն այն մասին, որ աստղագետներին հաջողվել է հայտնաբերել մեզ ամենամոտ երկրատիպ էկզոմոլորակը։ Այսպես են կոչվում այն մոլորակները, որոնք Արեգակնային համակարգի մաս չեն հանդիսանում, պտտվում են այլ աստղերի շուրջ, կամ ընդհանրապես զուրկ են աստղերից։ Օգոստոսի 24-ին աստղագետների միջազգային խումբը հաստատեց տեղեկատվությունը․ Proxima b անունը ստացած էկզոմոլորակը ոչ միայն պտտվում է Արեգակին ամենամոտ աստղի՝ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ, ոչ միայն երկրանման է, այլև տեղակայված է, այնպես կոչված, բնակելիության գոտում։

Նոր հայտնագործության նշանակության մասին PanARMENIAN.Net-ը ներկայացնում է հնարավորինս պարզ լեզվով։

Ի՞նչ է հայտնաբերվել

Հարավային եվրոպական աստղադիտարանի գրասենյակում (Գերմանիա) կայացած մամուլի ասուլիսի ընթացքում աստղագետների միջազգային խումբը հայտարարեց նոր էկզոմոլորակի հայտնաբերման մասին։ Նման հարյուրավոր մոլորակներ, որոնք պտտվում են այլ աստղերի շուրջ, հայտնաբերվել ու հայտնաբերվում են, սակայն Proxima b-ն (աստղագետները այսպես են անվանել նոր մոլորակը) ունի մի շարք կարևոր առանձնահատկություններ։ Առաջինը՝ այն պտտվում է Արեգակին ամենամոտ աստղի՝ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ։

Հարաբերակցությունն Արեգակնային համակարգի ու Կենտավրոսի Պրոքսիմայի միջև, ESO

Կենտավրոսի Պրոքսիման Ալֆա Կենտավրոս համակարգի երեք աստղերից մեկն է։ Այս աստղի զանգվածը 8,3 անգամ փոքր է Արեգակի զանգվածից, իսկ ջերմաստիճանը կազմում է 2800 կելվին՝ երկու անգամ քիչ, քան մեր լուսատուինը։ Կենտավրոսի Պրոքսիման կարմիր թզուկների դասին պատկանող աստղ է, գտնվում է Երկրից 4,23 լուսատարի հեռավորության վրա՝ հանդիսանալով մեզ ամենամոտ աստղը՝ Արեգակից հետո։

Կենտավրոս համակարգի երեք աստղերի ու Արեգակի համեմատական պատկերը․ Կենտավրոսի Պրոքսիման զգալիորեն փոքր է

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Proxima b-ն պատկանում է այսպես կոչված «երկրատիպ» մոլորակների դասին․ հայտնաբերվող էկզոմոլորակների զգալի մասը գազային հսկաներ են, որոնց զանգվածը զգալիորեն ավելի մեծ է Երկրի զանգվածից։ Երկրանման մոլորակներն ունեն մեծ խտություն ու բաղկացած են հիմնականում սիլիկատներից և մետաղական երկաթից։ Կարծիք կա, որ երկրանման մոլորակների պայմաններն ավելի բարենպաստ են նրանց վրա կյանքի առաջացման համար։ Այսպիսով, աստղագետները հայտնաբերել են մոլորակ, որի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 1,27-ը ու որը մեզ ամենամոտ երկրատիպ էկզոմոլորակն է։ Proxima b-ի շառավիղն առայժմ հայտնի չէ, այն մեկ պտույտն աստղի շուրջ կատարում է 11,2 օրում՝ գտնվելով լուսատուից 20 անգամ ավելի մոտ հեռավորության վրա, քան Երկիրը՝ Արեգակից։

Բնակելիության գոտու տեղադրությունն ըստ աստղի տեսակի․ գոտին նշված է կապույտով, Արեգակի դեպքում Երկիր մոլորակը բնակելիության գոտում է

Վերջապես, ամենակարևոր հանգամանքը․ հաշվի առնելով Proxima b-ի հեռավորությունն աստղից, ինչպես նաև՝ աստղի զանգվածն ու ջերմաստիճանը, աստղագետները կարծում են, որ մոլորակը գտնվում է այսպես կոչված բնակելիության գոտում։ Բնակելիության գոտին, կամ «Ոսկեծամիկի գոտին» իրենից ներկայացնում է պայմանական շրջան տիեզերքում, սահմանված այն հաշվարկից, որ այդ շրջանում գտնվող մոլորակների մակերևույթի պայմանները մոտ են Երկիր մոլորակի պայմաններին և ապահովում են հեղուկային ֆազայում ջրի առկայությունը։ Ավելի պարզ․ եթե մոլորակը գտնվում է այդ գոտում, ավելի մեծ է նրա մակերևույթին հեղուկ ջրի առկայության հավանականությունը, ինչը կյանքի առաջացման գլխավոր նախապայմանն է։ Կենտավրոսի Պրոքսիմայի համար այդ շրջանը համապատասխանում է 4-ից 15 օր պտույտի շրջափուլ ունեցող մոլորակներին։ Եթե Proxima b-ն մթնոլորտ չունի, ապա նրա հավասարակշիռ ջերմաստիճանը գնահատվում է -40 աստիճան Ցելսիուսի սանդղակով․ Երկրի համար այս գնահատականը կազմում է -20 աստիճան։

Ինչպե՞ս է հայտնաբերվել

Կենտավրոսի Պրոքսիմայի մոտ էկզոմոլորակի առկայության առաջին նշանները հայտնաբերվել էին այն ժամանակ, երբ աստղագետներն ուսումնասիրում էին մինչև 2016թ-ը հավաքված արխիվային նյութերը։

Մոլորակը գտնելու համար գիտնականներն օգտագործել էին ճառագայթային արագությունների վերլուծության մեթոդը։ Այսպես, աստղի շուրջ պտույտի ընթացքում խոշոր զանգված ունեցող մոլորակն ազդում է լուսատուի վրա՝ փոխելով տարածության մեջ նրա շարժվելու արագությունը։ Օրինակ, երբ մոլորակը Երկրին մոտ տարածության վրա է գտնվում, այն արագացնում է սեփական աստղը՝ դիտարկում կատարող աստղագետների նկատմամբ, իսկ երբ հեռանում է՝ դանդաղացնում է։ Դա ազդում է լուսատուի սպեկտրի վրա՝ Դոպլերի էֆեկտի շնորհիվ։

Դոպլերի էֆեկտը․ դիտարկում իրականացնողին մոտեցող ավտոմեքենայի ձայնային ալիքների հաճախականությունը մեծանում է

Այս էֆեկտի պարզագույն անալոգն է ավտոմեքենայի ձայնի փոփոխությունը դիտարկում իրականացնողին մոտենալիս ու հեռանալիս․ մոտեցող ավտոմեքենայի ձայնը գնալով ուժեղանում է, իսկ հեռացողինը՝ ցածրանում, այսինքն՝ մոտեցող ավտոմեքենայից եկող ձայնային ալիքների հաճախականությունն ավելի մեծ է, քան հեռացողինը։ Նույնը վերաբերում է լույսին․ մոտեցող լուսատուի արձակած լույսի ալիքների հաճախականությունը մեծ է (սպեկտրի մանուշակագույն հատված), իսկ հեռացողինը՝ փոքր (սպեկտրի կարմիր հատված)։ Ուսումնասիրելով Կենտավրոսի Պրոքսիմայի սպեկտրի փոփոխությունները՝ աստղագետները եկել են այն եզրակացության, որ նրա շուրջ համապատասխան հեռավորության վրա էկզոմոլորակ է պտտվում՝ համապատասխան զանգվածով։

Ի՞նչ է դա տալիս

Ֆունդամենտալ գիտության տեսանկյունից Արեգակին ամենամոտ աստղի շուրջ երկրատիպ մոլորակի հայտնաբերումը խիստ կարևոր նշանակություն ունի։ Կարմիր թզուկները, որոնց դասին է պատկանում Կենտավրոսի Պրոքսիման, Տիեզերքում ամենատարածված աստղերն են։ Վերջին հայտնագործությունը ցույց է տալիս, որ նման աստղերի շուրջ առկա են ոչ միայն գազային հսկաներ, այլև երկրատիպ, կարծր մոլորակներ, ինչը նշանակում է, որ մեր մոլորակի «եղբայրները» բավականին տարածված երևույթ են։

Proxima b-ի մակերևույթը՝ նկարչի պատկերացմամբ

Բնականաբար, այն, որ Proxima b-ն գտնվում է բնակելիության գոտում, դեռ չի նշանակում, որ մոլորակի վրա կյանք կա։ Աստղերին այսքան մոտ տեղակայված մոլորակների վրա կյանքի առկայությունը խիստ կասկածելի է․ կարմիր թզուկները բավականին ակտիվ աստղեր են, բացի այդ՝ հեռավորության պատճառով աստղից արձակվող ռենտգենյան ճառագայթումը 400 անգամ ավելի ուժեղ է, քան Երկրի վրա։ Աստղի ուժեղ մագնիսական դաշտն ու մակընթացային ուժերը բերում են նրան, որ Proxima b-ն թեքված է դեպի աստղը միայն մեկ կողմով։ Գիտնականները, սակայն, նշում են, որ ոչ մի պատճառ չկա կարծելու, թե մոլորակը զուրկ է մթնոլորտից, ինչը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել հեղուկ ջրի առկայության ու կյանքի առաջացման համար։

Ջեյմս Ուեբբի աստղադիտարանը

Նոր մոլորակի հայտնաբերումը կարող է հրաշալի փորձադաշտ լինել հաջորդ սերնդի ուղեծրային աստղադիտարանների համար (օրինակ, Ջեյմս Ուեբբի աստղադիտարանը, որը փոխարինելու է Հաբբլին), ինչը թույլ կտա առավել մանրամասն տեղեկություններ ստանալ Proxima b-ի մասին։ Գիտնականները չեն բացառում նաև Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ այլ մոլորակների առկայության հնարավորությունը․ Կոպերնիկոսյան հեղափոխությունը շարունակվում է։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net