Սոցիոպաթին և պսիխոպաթին միավորում է այլ մարդկանց անվտանգությունը, նրանց զգացմունքներն ու իրավունքներն անտեսելը, հակվածությունը խաբեության և մանիպուլացիաների: Ի դեպ, հակառակ տարածված կարծիքի, նման մարդիկ ոչ միշտ են բռնկվող ու հակված բռնության:
Նման խանգարում կարող է ախտորոշվել, եթե մարդու մոտ անձի խանգարման ընդհանուր չափորոշիչներից բացի, արձանագրվում են հետևյալ ախտանիշներից առնվազն 3-ը.
- երբ մարդը պարբերաբար խախտում է օրենքներն ու անտեսում սոցիալական նորմերը
- մշտապես ստում է և խաբում շրջապատի մարդկանց
- երբ մարդն իմպուլսիվ է, չի կարողանում նախապես պլանավորել
- նյարդային է ու ագրեսիվ, հակված է հաճախակի ծեծկռտուքների
- չի մտածում շրջապատի անվտանգության մասին
- անպատասխանատու է, ունակ չէ կատարելու ֆինանսական պարտավորությունները
- խղճի խայթ կամ զղջում չի զգում`այլոց վնասելիս:
Այս նշանները սկսում են ի հայտ գալ 15 տարեկանում: Մի քանի տարի անց ախտանիշները խորանում են և սաստկանում:
Եվ այնուամենայնիվ ինչո՞վ են տարբերվում պսիխոպաթն ու սոցիոպաթը:
Որոշ հոգեբաններ պնդում են, որ սոցիոպաթիան պսիխոպաթիայի դրսևորումներից է: Սակայն այն մասնագետները, որոնք տարանջատում են այդ երկու տիպը, կարծում են, որ պսիխոպաթիան անձի ժառանգական խանգարում է, իսկ սոցիոպաթիան` ձեռքբերովի երևույթ է, որի պատճառ կարող են լինել գլխուղեղի վնասվածքը կամ մանկության ցավոտ ապրումները: Այլ կերպ ասած, պսիխոպաթ ծնվում են, իսկ սոցիոպաթ դառնում:
Պսիխոպաթի դիմանկարը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ պսիխոպաթների մոտ թերզարգացած են գլխուղեղի այն հատվածները, որոնք սովորաբար պատասխանատու են զգացմունքների կանոնակարգման և իմպուլսները վերահսկելու համար:
Որպես կանոն, պսիխոպաթների համար դժվար է հուսալի զգացմունքային կապվածություն ստեղծել այլ մարդկանց հետ հարաբերություններում: Փոխարենը նրանք կառուցում են մակերեսային, արհեստական հարաբերություններ` սեփական շահի համար մերձավորներին առավելագույնս օգտագործելու համար: Մարդիկ նրանց համար անձնական նպատակներն իրագործելու միջոց են միայն: Եվ ինչ վնաս էլ շրջապատին պատճառեն պսիխոպաթները, նրանք շատ հազվադեպ են զղջում իրենց արարքների համար:
Սակայն, շրջապատի ընկալմամբ նրանք կարող են միանգամայն հմայիչ լինել, հուսալի, պարկեշտ մարդիկ, որոնք նորմալ, կայուն աշխատանք ունեն: Ոմանք նույնիսկ ընտանիք ունեն և զուգընկերոջ հետ թվացյալ ամուր հարաբերություններ:
Բավականին հաճախ նրանք լավ կրթված են, շատ բան կարող են ինքնուրույն սովորել: Քրեական ինչ-որ պատմության մեջ ընկնելով` պսիխոպաթն ամեն ինչ անում է պատժվելու ռիսկը նվազագույնի հասցնելու համար: Նա մանրակրկիտ կպլանավորի գործը և կհաշվարկի իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները:
Սոցիոպաթի դիմանկարը
Սոցիոպաթիան միջավայրի որոշակի գործոնների ազդեցության արդյունք է, օրինակ, ընտանեկան քայքայիչ մթնոլորտի, որտեղ մեծացել է երեխան, ֆիզիկական կամ էմոցիոնալ տրավմայի արդյունք: Սոցիոպաթների վարքագիծն ավելի էքսցենտրիկ է և անկանխատեսելի, քան պսիխոպաթներինը:
Կապվածությունների ձևավորման հետ նույն խնդիրներն ունենալով` նրանցից ոմանք, այնուամենայնիվ, կարող են անձնական կապ ունենալ որևէ մեկի հետ կամ համակիրների խմբում զգալ իրենց: Սակայն, ունակ չեն երկար մնալ նույն աշխատավայրում կամ թեկուզ առերևույթ նորմալ ընտանեկան կյանքի պատրանք ստեղծել շրջապատի մոտ: Հանցագործություն կատարելիս` սոցիոպաթները գործում են չմտածված և իմպուլսիվ: Նրանց շատ հեշտ է հունից հանել, զայրացնել, ինչը հղի է բռնության կիրառմամբ: Այդ առանձնահատկություններով պայմանավորված սոցիոպաթի վտանգավոր արարքն ավելի հեշտ է կանխատեսել:
Ո՞վ է ավելի վտանգավոր:
Երկու տեսակն էլ վտանգավոր է հանրության համար, գոնե այն ժամանակ, երբ չեն ջանում սանձել սեփական խանգարումները: Սակայն, պսիխոպաթներն, այնուամենայնիվ, ավելի վտանգավոր են, քանի որ բացարձակ զուրկ են սեփական արարքների համար մեղքի զգացումից: Նրանք կարող են զգացմունքայնորեն զատվել իրենց կատարած արարքներից: Իսկ կարեկցանքից զուրկ մարդու համար, այլ անձի տառապանքները ոչ մի իմաստ չունեն: Շատ հայտնի սերիական մարդասպաններ պսիխոպաթներ են եղել: Սակայն, անշուշտ, ոչ բոլոր պսիխոպաթներն ու սոցիոպաթներն են մարդասպան դառնում:
Պսիխոպաթիան և սոցիոպաթիան անձի հակասոցիալական խանգարման երկու տարբեր կողմերն են, որոնք ախտորոշվում են բնակչության մոտ 1-3 տոկոսի մոտ: Այն առավել հաճախ է հանդիպում տղամարդկանց շրջանում կամ առավելապես ալկոհոլից կախվածություն ունեցողների, թմրամոլների մոտ: Պսիխոպաթներն ավելի մանիպուլյատիվ են, հմայիչ, նրանց համար ավելի հեշտ է նորմալ կյանքի պատրանք ստեղծել ու նվազագույնի հասցնել իրենց մասնակցությունը հակաօրինական գործողություններին: Սոցիոպաթներն ավելի էքսցենտրիկ են, շուտ են բռնկվում, կատաղության աստիճանի, և ունակ չեն գոնե որոշ առումով նորմալ կյանք վարել: Նրանք չարիք են գործում չմտածելով հետևանքների մասին:
Լուսանկարում` Քրիստիան Բեյլը Պատրիկ Բեյթմանի դերում «Ամերիկացի պսիխոպաթը» ֆիլմում