Միրումյանը խոստացավ ևս մեկ անգամ վերանայել հարցը, իսկ մինչև այդ PAN-ը հավաքել է 7 փաստ հարկերի և եկեղեցինքերի մասին ամբողջ աշխարհից:
ԱՄՆ-ում, որտեղ գործում են բոլոր հնարավոր և անհնար եկեղեցիներն ու կրոնական կառույցները՝ բողոքականներից ու կաթոլիկներից մինչև մորմոններ ու ավետարանչականներ, «աստվածատուր շահույթը» չի հարկվում: Եվ սա մի երկրում, որտեղ շարքային քաղաքացու համար հարկերի ճշգրիտ վճարումը հասցված է պաշտամունքի աստիճանի: Ամերիկյան օրենքների համաձայն, եկեղեցիները դասվում են բարեգործական կազմակերպությունների շարքին և չեն վճարում դաշնային կամ տեղական հարկեր և տուրքեր:
Չինաստանում կրոնի և պետության հարաբերությունները յուրահատուկ են: Օրինակ, կրոնական այս կամ այն ճյուղի ղեկավարին հաստատում է կուսակցությունը, այն էլ՝ երկարատև ստուգումներից հետո: Չին հասարակության կյանքում կրոնի տեղն ու դերը երբեմն անսովոր է: Որպես այդպիսին, այստեղ վանքերն ազատված են հարկերից, սակայն, եթե դրա տարածքում կոմերցիոն գործունեություն են ծավալում, օրինակ՝ Շաոլինի դպրոցը, պետք է մուծեն բոլոր հարկերը: Սակայն այստեղ էլ «անցքեր» կան, որոնցից հաճախ օգտվում են. օրինակ, եթե կառույցը նման գործունեություն ծավալի չյուրացված ու չբնակեցված տեղանքում, կազատվի հարկերից:
Ֆրանսիայում եկեղեցիներն ազատված են հողի հարկից, քանի որ բոլոր եկեղեցական շինությունները, որ կառուցվել են մինչև 1905 թիվը, պատկանում են պետությանը: Ֆրանսիացի հոգևորականների մեծ մասը շահութահարկ ևս չի մուծում, թեև հայտագրում են եկամուտները: Բանն այն է, որ նրանց աշխատավարձն այնքան քիչ է, որ հիմնականում չի հատում եկամտահարկով հարկվող նվազագույն շեմը:
Գերմանիայում հավատացյալներին ստիպում են իրենց տարեկան եկամտահարկի 8-9%-ի չափով հարկ մուծել եկեղեցուն: Ըստ վիճակագրության, միջին վիճակագրական հավատացյալը եկեղեցուն ամսական 125 եվրո է վճարում: Դուք, իհարկե, կարող եք պաշտոնապես հրաժարվել դրանից և դուրս գալ եկեղեցու հետնորդների ցանկից, սակայն այդ դեպքում Եկեղեցին էլ կհրաժարվի ձեզ մկրտել, հաղորդություն տալ, հոգեհանգստյան կարգ անցկացնել, հուղարկավորել մերձեկեղեցական գերեզմանոցներում, նույնիսկ՝ աշխատել եկեղեցական կառույցներում, այդ թվում՝ դպրոցներում ու հիվանդանոցներում: Գուցե բարձր դրույքաչափերն են պատճառը, որ այստեղ հավատացյալների թիվը սրընթաց նվազում է, իսկ եկեղեցիներն էլ մեկը մյուսի հետևից գիշերային ակումբի վերածվում:
Ֆինլանդիայում 2012-ի սկզբից Ավետարանական-լյութերական եկեղեցին կորցրել է ավելի քան 20 հազար հետևորդ: Պատճառը նույնն է, ինչ Գերմանիայում. հավատացյալները հրաժարվում են մուծել հարկը, որը կազմում է եկամտի 1-2%-ը: Հազարավոր ֆիններ հեռուստացույցը գերադասեցին Աստծուց. ենթադրվում է, որ հավատացյալների մասսայական վերափոխումն անհավատների պայմանավորված է նաև երկրում նոր՝ հանրային հեռուստատեսության համար եկամտի 0.69%-ի չափով հարկի սահմանմամբ:
Վատիկանն էլ է հարկվում: 2005-ին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի օրհնությամբ Սուրբ Աթոռն ազատվել էր հարկերից, սակայն նրա հաջորդը՝ Մարիո Մոնտին, այլ տեսակետ ուներ: Նա պնդեց, որ Վատիկանը վերադառնա հարկային դաշտ և գույքահարկ վճարի ավելի քան 100 հազար շինության համար: Հատկանշական է, որ սահմանված գույքահարկի տարեկան չափը կազմում է ավելի քան 600 մլն եվրո: Ի դեպ, Վատիկանը ստիպված էր հարկը մուծել ոչ թե օրենքի փոփոխման պահից (2012-ի փետրվար), այլև՝ մարել 2005-ից կուտակված «պարտքը»:
Շվեդիայում ցանկացած կրոնական կազմակերություն կարող է գրանցվել պետական օրգաններում, ինչից հետո իր հետնորդներից կսկսի եկեղեցական հարկ ստանալ, որը կազմում է տարեկան աշխատավարձի 1-2%-ը: Այժմ իրենց բյուջեն այսպես են կազմավորում և՛ քրիստոնեական, և՛ մահմեդական, և՛ հրեական եկեղեցիները: Ֆինանսավորումը կատարվում է մշակույթի նախարարության բաժանմունքներից մեկի միջոցով: Ի դեպ, մինչև 2000 թիվն այստեղ Լյութերական եկեղեցին պետական էր համարվում: Իսկ պետությունից տարանջատումից հետո ավելի քան 500 հազար հավատացյալ որոշեց այլևս հարկ չմուծել և լքեց եկեղեցին: