10 հոկտեմբերի 2016 - 14:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Հոկտեմբերի նշանակալի ալբոմների ռելիզները
Ինչ է սպասվում երաժշտասերներին այս ամիս
Հոկտեմբերն առատ է համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ-երգչուհիների և խմբերի նոր ձայնասկավառակների շնորհանդեսներով: PanARMENIAN.Net-ն ընտրել է դրանցից առավել նշանակալիները, ինչպես նաև չի շրջանցել հայկական կատարողներին՝ ներկայացնելով նրանց նոր ալբոմների ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ:

Green Day - Revolution Radio

Ռելիզը՝ հոկտեմբերի 7, 2016թ.

Ամերիկյան հայտնի Green Day պանկ-ռոք խումբը հոկտեմբերի 7-ին երկրպագուների դատին է հանձնել իր՝ թվով 12-րդ ստուդիական ալբոմը՝ ձայնագրված Reprise Records ընկերության կողմից: Սա երաժիշտների առաջին ալբոմն է 2009թ.-ին լույս տեսած 21st Century Breakdown-ից հետո, որի ձայնագրմանը մասնակցել է ողջ տրիոն՝ նեռարյալ Ջեյսոն Ուայթին: Ձայնագրման աշխատանքները սկսվել են 2014թ.-ից: Ալբոմի գլխավոր սինգլ Bang Bang-ի պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, իսկ ալբոմի նույնանուն կատարումը՝ Revolution Radio-ն, լույս է տեսել սեպտեմբերի 9-ին: Բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 23-ին, ռոք երաժիշտները հանրության դատին հանձնեցին նաև ալբոմի առաջխաղացմանն ուղղված երրորդ կատարումը՝ Still Breathing: Ընդհանուր 44:29 րոպե տևողությամբ ալբոմը ներառում է 12 կատարում:

Norah Jones - Day Breaks

Ռելիզը՝ հոկտեմբերի 7, 2016թ.

Նույն օրը՝ հոկտեմբերի 7-ին, լույս է տեսել նաև ամերիկացի երգչուհի և երգահան Նորա Ջոնսի 6-րդ ստուդիական ալբոմը: Day Breaks-ը կդառնա 2012-ին ձայնագրված Little Broken Hearts ալբոմից հետո երգչուհուն առաջին ձայնասկավառակը: Նոր ալբոմի համար երգչուհին ձայնագրել է 9 անհատական երգ և 3 քավեր կատարում, ինչպես նաև՝ վերադարձել դաշնամուր նվագելուն: Ոգեշնչվելով 60-ականների հայտնի ջազմեններից, Ջոնսը ձայնագրել է հրաշալի ջազային հնչեղություն ունեցող կատարումներ. դրա վառ ապացույցն է օգոստոսին թողարկված առաջին սինգլը նոր ալբոմից՝ Carry On-ը: Սեպտեմբերի սկզբին լույս տեսավ ևս մեկ կատարում՝ Flipside-ը, որը պետք է նպաստեր նոր ալբոմի առաջխաղացմանը: Բազմաթիվ «Գրեմմի»-ների մրցանակակիր Նորա Ջոնսի գալիք ալբոմում տեղ է գտել 12 կատարում:

OneRepublic - Oh My My

Ռելիզը՝ հոկտեմբերի 7, 2016թ.

Ամերիկյան OneRepublic խումբը նույնպես ընտրել է հոկտեմբերի 7-ը որպես նոր՝ թվով չորրորդ ստուդիական ալբոմի շնորհանդեսի օր: Տղաների նախորդ ձայնասկավառակը՝ Native-ը, լույս է տեսել 2013-ին, որից անմիջապես հետո նրանք սկսել են աշխատել Oh My My-ի վրա՝ փնտրելով նոր, չկրկնվող ձայներ ու հնչյուններ, աշխատանքները տևել են18 ամիս: Դեռևս այս տարվա մայիսին լույս տեսավ նոր ալբոմի առաջին սինգլը՝ Wherever I Go-ն, որը ոճային առումով բավականին տարբերվում է խմբի նախորդ կատարումներից. այստեղ կարելի է լսել սինթի փոփին և ֆանկին հատուկ հնչեղություն, ինչպես նաև դաշնամուր, առանց որի դժվար է պատկերացնել OneRepublic-ի որևէ կատարում: Երկրորդ սինգլում՝ Kids-ում, լսելի են փոփ-ռոքին և 80-ականների էլեկտրոփոփին հատուկ հնչյուններ: Ընդհանուր առմամբ, ալբոմում տեղ է գտել 16 երգ:

Beth Hart - Fire on the Floor

Ռելիզը՝ հոկտեմբերի 14, 2016թ.

Ամերիկյան ջազ և բլյուզ երգչուհի, երգահան Բեթ Հարթը հոկտեմբերի 14-ին հանրության դատին կհանձնի իր 9-րդ անհատական ստուդիական ալբոմը, որը խոստանում է լինել այնքան հաջողված, որ անգամ իր համեստությամբ հայտնի Հարթը անվանում է այն «գժական լավը»: Հարթի պնդմամբ, նոր ալբոմի 12 երգերը հեշտ են տրվել նրան, ի տարբերություն նախորդ՝ 2015թ.-ին թողարկված Better Than Home ալբոմի, որի ձայնագրման ընթացքում քաղցկեղից մահացել է երգչուհու պրոդյուսեր Մայքլ Սթիվենսը: Հարթն անվանում է այդ ժամանակները ծանր և ցավով է հիշում ձայնագրման աշխատանքները: Նոր ալբոմի երգերը հեշտ ու արագ են ծնվել՝ արտացոլելով Բեթի պատանեկան ոգին և միավորելով տարբեր ժանրեր՝ սոուլից ու դասականից մինչև ռոք:

Katie Melua ft. Gori Women's - Choir In Winter

Ռելիզը՝ հոկտեմբերի 14, 2016թ.

Ազգությամբ վրացի, սակայն Բրիտանիան ներկայացնող տաղանդավոր երգչուհի Քեթի Մելուան, ով նվագում է դաշնամուր, կիթառ և ջութակ, ինչպես նաև ունի 6 ստուդիական ալբոմ, հոկտեմբերի 14-ին կներկայացնի իր նոր ձայնասկավառակը, որի ստեղծման ընթացքում Քեթևանն (երգչուհու իսկական անունն է) առաջին անգամ ստանձնել է նաև պրոդյուսերի դերը: Այս նոր ալբոմում Մելուան մենակով չէ ներկայանում. նրա ձայնը կհամալրվի վրացական «Գորի» կանացի երգչախմբի անդամների 24 ձայներով, որոնք դեռ 2014թ.-ին հիացրել են երգչուհուն և դրդել մտածել համատեղ նախագծի ստեղծման շուրջ: Ալբոմի ձայնագրման աշխատանքները սկսվել են 2015-ի վերջում, երբ Քեթին իր թիմով ու բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ժամանել է Վրաստան, որտեղ և ստեղծվել է ձայնագրմանը հարմար ստուդիա: Ալբոմում տեղ է գտել նաև մեկ վրացական երգ՝ Tu Ase Turpa-ն:

Lady Gaga - Joanne

Ռելիզը՝ հոկտեմբերի 21, 2016թ.

Լեդի Գագայի երկրպագուներն արդեն վաղուց են սպասում նրա նոր անհատական ստուդիական ալբոմին, և հոկտեմբերի 21-ին այն, վերջապես, լույս կտեսնի: Joanne-ը կդառնա երգչուհու վեցերորդ ձայնասկավառակը և առաջին անհատականը վերջին 3 տարում: 2013-ին թողարկված Artpop-ից հետո երգչուհին միայն մեկ ալբոմ է ներկայացրել՝ Թոնի Բենեթի հետ ձայնագրված Cheek to Cheek անվանումով երգերի ժողովածուն: Ալբոմի ստանդարտ տարբերակի մեջ կմտնի 11 կատարում, դելյուքս տարբերակի մեջ՝ 14: Ձայնասկավառակի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև Էլթոն Ջոնը: Joanne անվանումը հենց այնպես չէ ընտրված. ինչպես հաղորդում է Just Jared պարբերականը, Գագան անվանել է նոր ալբոմն իր մորաքրոջ պատվին, ով 1974թ.-ին մահացել է գայլախտից 19 տարեկան հասակում:

The Beautified Project - Pale Nightingale

Ռելիզը՝ հոկտեմբերի 24, 2016թ.

Հայկական ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ The Beautified Project-ը, հոկտեմբերի 24-ին համերգ-շնորհանդեսի շրջանակներում երկրպագուների դատին կհանձնի իր նոր՝ թվով 4-րդ ստուդիական ալբոմը՝ Pale Nightingale-ը, որի ստեղծման վրա խումբը աշխատել է շուրջ 2 տարի՝ 2015թ.-ի սկզբից: Նոր ալբոմի մեջ տեղ է գտել 8 կատարում, որից 7-ը՝ անգլերեն: Ձայնասկավառակում տեղ գտած 8-րդ կատարումը հայալեզու «Արագիլ» սինգլն է, որը խմբի կատարմամբ շատ է սիրվել, և տղաները որոշել են ներառել այն նոր ալբոմի մեջ: Ոճային առումով, ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշել է խմբի ֆրոնտմեն Անդրե Սիմոնյանը, նոր ալբոմը ավելի շատ նման է խմբի առաջին երկու՝ 2008-ի Behind The Happy Mask և 2010-ի Beyond the Butterfly ձայնասկավառակներին: Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին խումբը ներկայացրեց նոր ալբոմում տեղ գտած երգերից մեկի՝ I Found a Way-ի, տեսահոլովակը, Lily Flower երգի տեսահոլովակն էլ սպասվում է 1-2 շաբաթից: Pale Nightingale-ի ձայնագրման աշխատանքները կատարվել են երևանյան Alpha Sound ձայնագրման ստուդիայում, հետագա մասթերինգը արվել է նյույորքյան West West Side ստուդիայում: Նոր ալբոմի համերգ-շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին ժամը 19:30-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net