12 հոկտեմբերի 2016 - 16:43 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական վերածնունդ
Ինչպես ռենեսանսը Հայաստան Եվրոպայից շուտ եկավ
Վերածննդի դարաշրջանը Հայաստանում եվրոպական Ռենեսանսից շատ ավելի վաղ է սկսվել: Վերածննդին հատուկ մարդասիրական գաղափարները Հայաստանում նորովի չեն «բացահայտվել», ինչպես Եվրոպայում, այլ բյուրեղացվել են քրիստոնեական սկզբունքներին համահունչ: Հայկական իրականության մեջ դա նախաքրիստոնեական գաղափարների սահուն շարունակությունն էր, որոնք, էվոլյուցիայի ենթարկվելով ըստ նոր ուսմունքի, սկիզբ են տալիս նոր արվեստին ու աշխարհընկալմանը:

«Հայկական վերածնունդը պայմանականորեն կարելի է բաժանել 2 շրջանի: Դա զարգացած միջնադարի շրջանն է, որ ներառում է X – XIV դարերը` սկզբնական շրջան, և XVIII դարը` համընդհանուր դասական շրջան: Կարելի է ասել, որ առաջին շրջանը սկսվում է Գրիգոր Նարեկացու պոեզիայից, որն իր ստեղծագործություններում «հանդգնում է» յուրօրինակ երկխոսության Աստծո հետ»,-պատմում է արվեստաբան Անուշ Հակոբյանը:

Եվրոպական վերածնունդն իր հերթին նշանավորում է անցումը միջնադարի աշհարհընկալումից, երբ ոտնահարվում էր մարդու արժանապատվությունը, անտիկ դարաշրջանին հատուկ աշխարհընկալման, հիմնված առավել հին հայացքների վրա, որտեղ մարդն է տիեզերքի կենտրոնական կերպարը:

Դա մի շրջան էր, երբ մտքի և արվեստի ուժով մարդուն վերադարձվում էր նրա աստվածային կարգավիճակը: Նա այլևս ծնկած ու խոնարհված ստրուկ չէր, այլ աստվածային մտահղացման լիիրավ մասնակիցը:

«Ռենեսանսը գաղափարական և պրակտիկ առումով մեծ բեկում էր միջնադարի համեմատ: Ռենեսանսը մշակութային ուղղություն է, որը մեծ ազդեցություն ունեցավ արդի վաղ շրջանի մտավոր կյանքի վրա: Սկիզբ առնելով XIV դարում Իտալիայում և XVI դարում տարածվելով արդեն ամբողջ Եվրոպայով` այն իր հետքն է թողել գրականության, փիլիսոփայության, գեղանկարչության, քաղաքականության, գիտության, կրոնի և մշակույթի այլ ոլորտներում: Վերածննդի դարաշրջանի գործիչներն առաջնորդվել են հումանիզմի սկզբունքներով, իսկ գեղանկարչության մեջ ձգտել են ռեալիզմի և մարդկային զգացմունքների արտացոլման:

Ձախից` Աստվածամայրը խնդրում է Քրիստոսին Վասակ իշխանի և նրա որդիների համար: Վասակ իշխանի ավետարան, 13-րդ դար: Աջից` Պիերո Դելա Ֆրանչեսկա, Ողորմած աստվածամայր:

Վերածննդի դարաշրջանը նշանավորվել է նաև գիտական մտքի զարգացմամբ, որն ազդարարեց քաղաքակրթության զարգացման նոր փուլը: Օրինակ, Գրիգոր Տաթևացին (XIVդ.) աշխատություն է գրում գույնի մասին և ներմուծում 5-րդ տարրի` ոսկե գույնի հասկացությունը, որը խորհրդանշում է աստվածային ներկայությունը: Եվրոպայում նման գաղափարներ ի հայտ են գալիս XVI դարում:

Առաջին հայկական Ռենեսանսի առանձնահատկությունն այն ազատությունն է, որն ի տարբերություն միջնադարյան Եվրոպայի, սահմանափակված չէր եկեղեցական դոգմաներով: Եկեղեցականները չէին խոչընդոտում մտքի զարգացմանը:

Մինչդեռ Եվրոպայում քաղաքականացված քրիստոնեական մտքի միջնադարյա հայեցակարգն ամեն գնով ձգտում էր միստիկ վախի մթնոլորտում ու կաղապարված պահել իր հոգևոր հոտը: Եվրոպայում մինչև ուշ միջնադար եկեղեցիներն իրենց կառուցվածքով բազիլիկ էին` դա համարվում էր հավատի անփոփոխ խորհրդանիշը: Սակայն, կաթոլիկ եկեղեցիների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում վիզուալ էֆեկտների առատությամբ, որոնց նպատակն էր միաժամանակ գրավել հավատացյալներին և ճնշել մարդուն հոգեպես` արձաններ, որմնանկարներ, վիտրաժներ և այլն: Մինչդեռ հայկական եկեղեցաշինության հայեցակարգը ինքնաբավ լինելով որպես փիլիսոփայական միտք, զարգացավ խիստ ասկետիզմի և հոգևորի ուղիով, զուգակցվելով ճարտարապետական ոճերի բազմազանությամբ:

ճարտարապետական ոճերը մոտ 10-15-ն են` խաչաձև գմբեթային, գմբեթային բազիլիկ, Զվարթնոցի նման եկեղեցիներ և այլն»,-պարզաբանում է Անուշ Հակոբյանը:

Հայկական Վերածննդի դարաշրջանում կարևոր տեղ է զբաղեցնում մանրանկարչությունը, մասնավորապես, Կիլիկիայում, որտեղ մշակվում էին գեղանկարչության նոր կանոնները` ներմուծվում էին հեռանկարի հասկացությունը, աշխարհիկության տարրեր և նկատվում էր սրբապատկերների «մարդկայնացում»: Եվրոպայում այդ գործընթացը սկսվեց միայն երկու դար անց:

PanARMENIAN.Net / Tsets