14 հոկտեմբերի 2016 - 15:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական գեղեցկություն
Հայուհիները ռուս գրողների աչքերով
Լև Տոլստոյի հանրահայտ «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերոս Պիեռ Բեզուխովը դրվագներից մեկում փրկում է կողոպուտից «երիտասարդ գեղեցկուհի հայուհուն», որը նրան արևելյան գեղեցկության մարմնացում է թվում:

Հայուհիների կերպարները երբեմն աննկատ են հայտնվում ռուս գրողների ստեղծագործություններում: Այդպես Անդրեյ Բիտովը «Կովկասի գերին» գրքում գրում է. «Երեխաների հանդեպ սերը, ինչպես ամեն ինչ Հայաստանում, արժանապատիվ է: Ուժգին է, բայց առանց աֆեկտի, քնքուշ է, բայց պարզ: Երեխաների դաստիարակությունն, ինչպես ինձ է թվում, մեկ ընդհանուր տարբերություն ունի նրանից, ինչ ես եմ սովոր տեսնել տանը: Եվ այդ տարբերությունն, ըստ երևույթին, սկզբունքային է` մեր ազդեցությունն ու իշխանությունը երեխաների հանդեպ տարիքի հետ նվազում է, նրանց մոտ` աճում»:

Հայկական գեղեցկությունն ըստ Չեխովի

Ռուս գրականության դասական Անտոն Չեխովը «Գեղեցկուհիներ» պատմվածքում գովերգել է հայուհու գեղեցկությունը: «Հայուհու գեղեցկությունը նկարիչը դասական ու զուսպ կանվաներ: Դա հենց այն գեղեցկությունն էր, որին նայելով, չգիտես որտեղից, համոզվածություն է առաջանում, որ տեսնում ես կանոնավոր դիմագծեր, որ վարսերը, աչքերը, քիթը, պարանոցը, կուրծքն ու երիտասարդ մարմնի բոլոր շարժումները մեկ միասնություն են կազմում, ներդաշնակ ակորդ, որտեղ բնությունը չի սխալվել գեթ մեկ դիմագծով` չգիտես ինչու թվում է, թե իդեալական գեղեցկուհին հենց այնպիսի քիթ պետք է ունենա, ինչպիսին Մաշայի քիթն է, ուղիղ, փոքր-ինչ սապատավոր, նույնպիսի մեծ սև աչքեր, նույնքան երկար թարթիչներ, նույնպիսի թովիչ հայացք, որ նրա սևահեր գանգուրներն ու հոնքերը նույնքան սազական են նրա ճակատի և այտերի նուրբ ճերմակին, որքան կանաչ եղեգնուտը` խաղաղ գետակին: Մաշայի ճերմակ պարանոցն ու դեռատի կուրծքը թույլ են զարգացած, բայց դրանք քանդակել կարողանալու համար, թվում է թե պետք է հսկայական տաղանդ ունենալ: Նայում ես, և աննկատ ցանկություն է առաջանում մի անասելի հաճելի բան ասել Մաշային` անկեղծ, գեղեցիկ, նույնքան գեղեցիկ, որքան ինքն է»,-գրել է Չեխովը:

Ռուս գրողի նամակներից հայտնի է, որ նա բարեկամական հարաբերություններ է ունեցել Հովհաննես Այվազովսկու հետ և բազմիցս է եղել նկարչի կալվածքում:

Այվազովսկու կալվածք այցելության մասին Չեխովը գրել է մորը հասցեագրված 1888թ. հուլիսի 22-ի նամակում. «Երեկ Շախ Մամայ էի գնացել, Այվազովսկու կալվածք, որը Թեոդոսիայից 25 վերստ հեռավորության վրա է: Կալվածքը շատ ճոխ էր, մի փոքր հեքիաթային, հավանաբար, այդպիսի կալվածքներ կարելի է տեսնել Պարսկաստանում: Ինքը Այվազովսկին 75 տարեկան առույգ ծերունի է արժանապտվությամբ լի: Այվազովսկին բարդ խառնվածք ունի և արժանի է ուշադրության: Նա միաժամանակ և գեներալ է, և վարդապետ, և նկարիչ, և հայ, և միամիտ պապիկ, և Օթելլո: Նա ամուսնացած է երիտասարդ և շատ գեղեցիկ կնոջ հետ, որին շատ խիստ է պահում: Ծանոթ է սուլթանների, շահերի ու էմիրների հետ: Ծանոթ է եղել Գլինկայի, Պուշկինի հետ: Ես մի ամբողջ օր անցկացրեցի այնտեղ և ճաշեցի հետը: Ճաշը երկար էր, երկարաձիգ, անվերջանալի բաժակաճառերով…»:

Չեխովը բազմիցս է հիշատակում Այվազովսկուն և նրա ընտանիքի անդամներին իր նամակներում: Օրինակ, Սուվորինին հասցեագրված 1899թ. օգոստոսի 19-ի նամակում. «Վերջերս անցնում էի Թեոդոսիայով, տեսա հեռվից Ձեր տունը…Այդ բարի հանճարի հայկական ոգին զգացվում է ամեն քայլափոխին»:

Իրեն հատուկ հեգնանքով Չեխովը «բարի հանճար է» անվանում Այվազովսկուն, որի նախաձեռնությամբ են կառուցվել Թեոդոսիայի ճանապարհն ու այլ հաղորդակցությունները:

1890-ականների սկզբին Չեխովն արդեն այնքան հայտնի գրող էր, որ ամսագրերն ու թերթերը մրցակության մեջ էին մտնում իրենց էջերում նրա ստեծագործությունները տպագրելու համար:

«Մինչ օրս ես հանդգնում էի մերժել միայն այն ամսագրերին ու թերթերին, որոնց անբարեխղճությունն ակնհայտ էր ու ապացուցված, իսկ երբ ստիպված էի լինում ընտրություն կատարել, նախապատվությունը տալիս էի նրանց, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ավելի շատ ունեին իմ ծառայությունների կարիքը»,-ասել է Չեխովը:

Այդ ժամանակ էր, որ հայտնի հայ հասարակական գործիչ, իրավագետ ու հրապարակախոս Գեորգի Ջանշիևը դիմեց գրողին «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուում նրա պատմվածքը հրատարակելու խնդրանքով:

Չեխովը տվեց իր համաձայնությունը, սակայն առողջական խնդիրների պատճառով չհասցրեց որևէ բան ներկայացնել ժողովածուի համար:

«Եղբայրական օգնության» բոլոր նմուշները վաճառվեցին` մոտ 30 հազար ռուբլի հանգանակվեց թուրքերի ոճրագործություններից տուժածների օգտին: Ջանշիևը նախաձեռնեց երկրորդ ընդլայնված հրատարակությունը և կրկին դիմեց Չեխովին ու ստացավ նրա համաձայնությունը, և «Եղբայրական օգնության» երկրորդ հրատարակության մեջ արդեն տպագրվեց նրա «Սայլի վրա» պատմվածքը:

Սերգեյ Եսենինի Շահանեն

1924-ի դեկտեմբերին հայտնի ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինը հանգստանում էր Բաթումում իր ընկերոջ` Լև Պովիցկու մոտ: Մեկ տարի անց Եսենինը մահացավ, այդ ուղևորությունը վերջիններից էր նրա կյանքում:

Բաթումում Եսենինը ծանոթանում է ուսուցչուհի Շահանե Տալյանի հետ և, հաղթահարելով ստեղծագործական ճգնաժամը, գրում է նրան նվիրված «Շահանե, դու իմ Շահանե» բանաստեղծությունը, որը հետագայում ամենահայտնին դարձավ «Պարսկական մոտիվներ» ցիկլում:

Շահանե, օ՜, դու իմ Շահանե, Հյուսիսից եմ եկել ես հեռու, Ու պատրաստ եմ ես քեզ պատմելու Արտերից ու լուսնից մեր անեղծ, Շահանե, օ՜, դու իմ Շահանե:

Բանաստեղծի և երիտասարդ ուսուցչուհու միջև փոխադարձ համակրանք է առաջանում: Հետազոտող Բելոուսովն, անդրադառնալով Եսենինի և Շահանեի պատմությանը, պարզել է, որ Շահանե Տալյանը ծնվել է քահանայի և ուսուցչուհու ընտանիքում: Եսենինի հետ ծանոթության շրջանում Շահանեն թվաբանություն էր դասավանդում հայկական դպրոցում: Նրանց շփման մանրամասներից շատերն անհայտ են մնում մինչ օրս, չնայած, որ Եսենինի կյանքն ու ստեղծագործությունները համակողմանի ուսումնասիրվել են:

1958-ին Բելոուսովին հաջողվում է գտնել Շահանեին և նա ուղարկում է իր կենսագրությունը և հուշերը Եսենինի մասին: «1924թ. դեկտեմբերյան մի օր դուրս եկա դպրոցից և ուղևորվեցի տուն: Անկյունում նկատեցի մի երիտասարդի, որը միջինից մի փոքր բարձր հասակ ուներ, սլացիկ էր, շիկահեր, փափուկ գլխարկ էր դրել, իսկ մոխրագույն պիջակի վրայից կրում էր արտասահմանյան մակինթոշ: Աչքի զարնեց նրա անսովոր արտաքինը, և ես մտածեցի, որ նա մայրաքաղաքից է: Նույն օրը Իոֆֆեն խուժեց մեր սենյակ՝ գոչելով. «Կատրա, հայտնի ռուս պոետն ուզում է ծանոթանալ մեր Շահանեի հետ»: Ծանոթությունից հետո ես բոլորին հրավիրեցի այգում զբոսնելու»,-ասվում է Շահանեի հուշերում:

Ծանոթության արդեն երրորդ օրը բանաստեղծը նրան է նվիրել «Շահանե, դու իմ Շահանե» բանաստեղծությունը: «Ամպամած եղանակ էր, ծովն ալեկոծվում էր: Մենք բարևեցինք, և Եսենինն առաջարկեց անցնել բուլվարով՝ հայտարարելով, որ չի սիրում նման եղանակ, և ավելի լավ կլինի, եթե ինձ համար բանաստեղծություններ կարդա: Նա կարդաց՝ «Շահանե, դու իմ Շահանե…», և նվիրեց ինձ վանդակավոր տետրի 2 թերթիկ, որոնց վրա գրված էր բանաստեղծությունը»,-ասվում է Շահանեի կենսագրության մեջ:

«Երբ Եսենինն ինձ հանդիպում էր այլ տղամարդկանց շրջապատում, օրինակ՝ իմ գործընկեր ուսուցիչների, ապա մոտենում էր, ծանոթանում նրանց հետ, բայց հեռանում էր միայն ինձ հետ: Միշտ ծաղիկներով էր գալիս, երբեմն` վարդերով, բայց ավելի հաճախ մանուշակներ էր բերում: Հունվարի 4-ին նա բերեց ինձ իր բանաստեղծությունների ժողովածուն` «Գինետների Մոսկվան», որի շապիկին մատիտով գրված էր. «Թանկագին իմ Շահանե, Դուք հաճելի եք և անուշիկ: Ս. Եսենին: 4.1.25թ. Բաթում»:

Շահանեն Եսենինին հիշել է որպես զգայուն և կարեկից մարդու. «Այն ժամանակ շատ էին անօթևան երեխաները, և նա նրանցից գրեթե ոչ մեկին անուշադրության չէր մատնում. կանգնում էր, հարցնում, թե որտեղից են, ինչպես են ապրում, փող էր տալիս: Թափառական շների համար երշիկ էր գնում, կերակրում ու փաղաքշում: Մի անգամ ես հիվանդացա, իսկ քույրս աշխատանքի էր գնացել: 3 օր, երբ ես հիվանդ էի, Եսենինն առավոտից գալիս էր, թեյ էր պատրաստում, զրուցում էր ինձ հետ, բանաստեղծություններ ընթերցում «Հայկական պոեզիայի անթոլոգիայից»:

Նիկոլայ Տիխոնովի ակնարկում ևս հիշատակվում են Սերգեյ Եսենինի և Շահանե Տալյանի հարաբերությունները: Գրողը նշում է, որ պոետը օգտվում էր երիտասարդ ուսուցչուհու գրադարանից և հաճույք էր ստանում նրա հետ շփվելուց:

Տարիներ անց, Եսենինի և Շահանեի կարճատև սիրո պատմությունն իր արձագանքը ստացավ պոետ Էդուարդ Ասադովի բանաստեղծությունում: Ասադովը ներկայացնում է Շահանեին արդեն տարեց ժամանակ: Շահանեի հիշողություններում Եսենինը կենդանանում է և նրան թվում է «թե տարածություն այլևս չկա, փլուզվել են պատերն ու օրենքները»: Ասադովը ենթադրություն է անում, որ Եսենինը կարող էր այլ ճակատագիր ունենալ, եթե ավելի երկար մնար Բաթումում:

Սակայն նրանց ծանոթությունն ընդհատվեց մինչ Եսենինի Բաթումից հեռանալը: Շահանեն գրել է. «Մեկնելուց առաջ նա գնալով ավելի հաճախ էր խնջույքների տրվում և ավելի հազվադեպ էր այցելում մեզ: Երեկոյան, մեկնելուց առաջ, Եսենինը եկավ մեզ մոտ և հայտարարեց, որ մեկնում է: Նա ասաց, որ երբեք չի մոռանա ինձ, քնքշորեն հրաժեշտ տվեց, սակայն չցանկացավ, որ ես ու քույրս ճանապարհենք նրան»:

Հասմիկ Վանցյան/ PanARMENIAN.Net