Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):
Հուշարձանախումբը
Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:
Թեղենյաց վանքը X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Այստեղ են գործել ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):
Հնավայրի հնագույն կառույցը եղել է VI-VII դարերով թվագրվող փոքր, խաչաձև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումների շնորհիվ։
Կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է XII դարում։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։
Թեղենյաց և Մաքենացոց վանքերում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա, 1166 թ-ին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։
Եզակի զարդաքանդակները
Կաթողիկե եկեղեցու ամեանաուշագրավ հատվածը բեմի ճակատային մասն է: Այն բաղկացած է վեց քառակուսի և ուղղանկյուն քարերից, որոնց բարձրությունը 90 սմ է, հաստությունը՝ 25սմ:
Կաթողիկե եկեղեցուբեմի ճակատային մասի զարդաքանդակները
Կենտրոնական քարի քանդակված է սիրամարգ՝ բացված պոչով, թևերը կիսաբաց, գլուխը աջ թեքած: Եթե հայկական մանրանկարչության մեջ սիրամարգի պատկերումը բավական տարածված երևույթ է, ապա պատկերաքանդակներում այն հազվադեպ է հանդիպում:
Գագիկ Սարգսյանը նշում է, որ Թեղենյաց վանքի այս զարդաքանդակը կարևոր նշանակություն ունի հայկական պատկերաքանդակների համակողմանի ուսումնասիրության համար:
Թեղենյաց վանքն առաջին անգամ հիշատակվել է IIX-րդ դարի սկզբին՝ 727-728 թթ-ին՝ Վահան Գողթնացու այս վանքում ապաստանելու կապակցությամբ։
«Այն ձևը և դիրքը, ինչպես քանդակված է Թեղենյաց վանքի սիրամարգը, հազվագյուտ երևույթ է: Այն պետք է առավել բազմակողմանի և մասնագիտական վերլուծության ենթարկվի. սա վերաբերում է նաև ամբողջ քանդակաշարին»,- ասում է մասնագետը՝ հավելելով, որ մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև ճակատամասի մյուս պատկերաքանդակները:
Քարերից մեկի վրա, օրինակ, քանդակված է արև և հավերժություն խորհրդանշող պատկեր: Մյուսի վրա, բազմագիծ ժապավենազարդի մեջ առնված երկու հատվող եռանկյունիների մեջտեղում պատկերված է կտուցը թևին իջեցրած թռչունի հարթաքանդակը: Հորինվածքային այս լուծումը, ըստ Սարգսյանի, նույնպես եզակի է, չնայած՝ նման զարդաձև (թռչունի փոխարեն բուսական զարդեր) հանդիպում է նաև Միջին Ասիայի միջնադարյան հուշարձաններում:
15-16 դարերի խոյակերպ տապանաքար
«Կարող եմ նշել, որ սրանք հայկական զարդաքանդակության եզակի և բարձրարվեստ ստեղծագործություններ են և վկայում են մեր քարագործ վարպետների հմտության և բարձր ճաշակի մասին»,- նշում է Սարգսյանն ու հավելում, որ ամենայն հավանականությամբ, եկեղեցու բեմի այս ճակատը կառուցվել է շինության հերթական նորոգման ժամանակ XII դարի վերջին կամ XIV-ի սկզբին:
XIII-XIV դարերում Թեղենյաց վանքի հռչակը մեծ էր։ Գևորգ Սկևռացին վանքի մասին գրել է «մեծահռչակ հրեշտակակրաւն աստուածաբնակ սուրբ ուխտս Թեղինեաց»։ Մկրտիչ Րաբունին այն կոչել է «գերահռչակ սուրբ ուխտս»։
Խոնարհվածը
1827-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։ 1979-ին հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը։ Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։