Դպրոցն առանձնացած է շրջապատից բարձր պարիսպներով և երկաթե դարպասով: Ներսում հայտնվելով, կարծես, կտրվում ես հայկական իրականությունից և հայտնվում Իրանում: Այստեղ ամեն ինչ իրանական է, ամեն քայլափոխին այաթոլլահի և ԻԻՀ նախագահի նկարներն են, մեջբերումներ Ղուրանից, բոլոր աղջիկները՝ անգամ ամենափոքրերը, գլխաշորով են:
Երևանում գործող Շահիդ Ֆամիդե կրթահամալիրը իրանական կրթական չափանիշներով կրթություն է իրականացնում ինչպես իրանցի, այնպես էլ հայ աշակերտների համար: Ավանդական իրանական-կրոնական կարգերից միակ շեղումը թերևս այն է, որ տղա և աղջիկ աշակերտները համատեղ են դասերն անցկացնում, ինչը դեմ է Ղուրանին: Երեխաները մեկ դասասենյակում են, բայց նրանց միջև առկա անջրպետը երևում է անգամ անզեն աչքով:
Դպրոցի տնօրեն Աֆշին Մահմուդվանդը նշում է՝ համատեղ դասերի անցկացման պատճառը երեխաների թվաքանակն է (մոտ 150 աշակերտ), և վստահեցնում՝ Իրանում գործող դպրոցների հետ այլ տարբերություն չկա:
Շահիդ Ֆահմիդեն (Մուհամեդ Հուսեյն Ֆահմիդե) իրանցի ազգային հերոս է, Իրան-Իրաք պատերազմի խորհրդանիշը: Պաշտոնական կենսագրության համաձայն, նա 13 տարեկան է եղել, երբ սկսվել է պատերազմը: Ծնողներից գաղտնի Ֆահմիդեն հեռացել է տնից և գնացել ուղիղ ռազմաճակատ՝ կռվելով առաջին գծում: Մարտերից մեկի ժամանակ, երբ իրաքյան տանկերի շարասյունը պետք է անցներ մի նեղ արահետով, Ֆահմիդեն գիտակցաբար իրեն գցել է տանկի առաջն ու սեփական կյանքի գնով խոչընդոտել շարասյան առաջընթացին: Այս քայլով նա որոշակի ժամանակ է շահել իրանական զորքերի համար՝ փոխելով մարտի ընթացքը:
Դպրոցի մասին
Դպրոցը բաց է շաբաթը 6 օր՝ առավոտյան 9-ից ժամը 14:00-ն: Այստեղ սովորում են հիմնականում դեսպանատան, մշակույթային կենտրոնի աշխատակիցների սաները: Քիչ չեն նաև Իրանից այստեղ բնակության տեղափոխված պարսկահայերի երեխաները:
Ներկայիս հասցեում դպրոցը գործում է արդեն մոտ տասը տարի: Կրթօջախը բաղկացած է 6 շինությունից, այդ թվում՝ մեծերի և փոքրերի մասնաշենքերը, մարզադահլիճը, ճաշարանը: Դպրոցն ունի նաև փոքրիկ հյուրատուն, որտեղ հանգրվանում են Վրաստանից, Իրանից կամ Թուրքիայից այստեղ ստուգայցի եկող տեսուչները:
Շահիդ Ֆահմիդե կրթահամալիրում ստեղծվել են լիարժեք կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ դասարաններ, մանկավարժական փորձառու անձնակազմ, նամազի սենյակ: Դպրոցում գործում է նաև ՏՏ սենյակ, գրադարան ու մարզասարքերով համալրված մարզասրահ: Այստեղ կա հանդիսությունների համար նախատեսված դահլիճ, իսկ բացօդյա տարածքը մոտ 2000 քառակուսի մետր է: Ի դեպ, այստեղ վերջերս Նոր Նորքի թաղապետարանի աջակցությամբ երեխաների համար նախատեսված մարզասարքեր են տեղադրվել:
Աֆշին Մահմուդվանդը նշում է, որ տեխնիկական հագեցվածությամբ և շենքային պայմաններով կրթահամալիրը զգալիորեն տարբերվում է ԻԻՀ դպրոցների ճնշող մեծամասնությունից: Տեղի դպրոցները հիմնականում չեն կարողանում իրենց նման «շքեղություններ» թույլ տալ:
Կրթական ծրագրերը
Այստեղ ուսուցումն իրականացվում է պարսկերեն լեզվով և իրանական դասագրքերով՝ ԻԻՀ կրթական ծրագրերի համաձայն: Կրթության պարտադիր բղադրիչն են կրոնի դասաժամերը, որի ժամանակ երեխաները Ղուրանն են ուսումնասիրում, նամազ անում:
Ի դեպ, ազգությամբ հայ երեխաներն այս ժամերից ազատված են. այդ ընթացքում նրանք առանձնանում են հիմանական դասարանից: Փոխարենը նրանց համար կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ:
Ծրագրային կետերից մեկն էլ այցելություններն են Հայաստանի պատմական, տեսարժան վայրերը, թանգարաններ:
«Մեր դպրոցի սաները հիմա Հայաստանում են ապրում, այստեղ են մեծանում, և ցանկությունը մեծ է, որ նրանք նաև ծանոթանան իրենց հյուրընկալող երկրին, տեսնեն տեսարժան վայրերը, իմանան Հայաստանի պատմությունը»,- նշում է դպրոցի տնօրենը:
Մանկավարժական կազմը
Դպրոցում հիմնականում դասավանդում են Իրանից ժամանած ուսուցիչները: Ընդ որում, տնօրենը վստահեցնում է, այստեղ գալիս են ԻԻՀ լավագույն մանկավարժները, քանի որ աշխատանքի ընդունվելն այդքան էլ հեշտ չէ. ցանկացողները պետք է մի շարք քննություններ հանձնեն, ինչից հետո միայն նրանց թույլ են տալիս դասավանդել արտասահմանում: Ի դեպ, կրթահամալիրում դասավանդող ուսուցիչները դիվանագիտական աշխատողի կարգավիճակ են ստանում և համարվում են դեսպանատան աշխատակիցներ: Իրանական նման դպրոցներ գործում են աշխարհի 85 երկրում:
Բացի այդ, ՀՀ ԿԳ և սպորտի նախարարությունները դպրոցին ևս 3 ուսուցիչ են հատկացրել՝ հայոց լեզվի, անգլերենի և ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ:
Ի դեպ, դպրոցի հիմնական դասացանկը նախատեսված է երկուշաբթիից-ուրբաթ օրերի համար, սակայն շաբաթ օրերին դպրոցը ևս գործում է, և իրանցի երեխաների համար կազմակերպվում են լրացուցիչ հայոց լեզվի և անգլերենի դասեր, որոնք սիրողական են և պարտադիր բնույթ չեն կրում: Շուտով դասացանկում ավելանալու են նաև երաժշտության դասաժամեր:
Դպրոցը վճարովի է. տարրական դասարանների աշակերտների համար այստեղ մեկ ուսումնական տարվա համար վարձավճարը կազմում է 200.000, 7-9-րդ դասարանների համար՝ 250.000, իսկ 10-12-րդ՝ 300.000 ՀՀ դրամ: