2 նոյեմբերի 2016 - 12:13 AMT
ՀՈԴՎԱԾ
Ծուռ հայելիների թագավորությունում
Տպավորություններ «Սև հայելի» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանից
Օրերս ամերիկյան Netflix ընկերությունը թողարկեց բրիտանացի Չարլի Բրուքերի «Սև հայելի» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի մի մասը: Եթե ավելի հստակ, եթերաշրջանի 12 դրվագներից հրապարակվել են առայժմ վեցը: Շոույի պատմության ընթացքում հենց երրորդ եթերաշրջանը, հեղինակների հավաստմամբ, կդառնա դրվագների առումով ամենաառատն ու բազմազանը: Միաժամանակ, այս եթերաշրջանը կոչված է «առավել սուր կերպով» բարձրացնելու խնդիրներ, որոնք խիստ արդիական են ներկայիս մարդկության համար:

«Սև հայելու» երրորդ եթերաշրջանի առաջին կեսը դիտված է. PanARMENIAN.Net-ը կիսվում է տպավորություններով:

Բրիտանացի Չարլի Բրուքերն առաջին հերթին հայտնի է, որպես բավականին յուրահատուկ երգիծաբան: Օժտված լինելով իրերն ու երևույթներն ընկալելու` զուտ բրիտանական մոտեցմամբ, Բրուքերը կարողանում է գտնել դրանցում առկա, առաջին հերթին աննշմար խոտաններն ու առավել սուր կերպով դրանք մերկացնել հանրության առջև: Հասարակական կյանքի բոլոր թերություններն ու այլանդակ կողմերը Բրուքերը փաթեթավորում է մաքսիմալ գունագեղ ժապավեններով ու հրամցնում հանրությանը. մարդիկ այս ամենը հաճույքով են ընդունում` հաճախ չգիտակցելով, որ հայելու մեջ են նայում:

«Սև հայելին» Բրուքեր-դրամատուրգի կարիերայի գագաթնակետն է: Ի սկզբանե ստեղծված լինելով որպես անթոլոգիա, այսինքն` միմյանց հետ չկապված, տարբեր պատմությունների հավաքածու, հեռուստասերիալն իր գոյության ընթացքում հասցրել է ծաղրել ու առավել սուր, տհաճ կողմերից ներկայացնել հասարակական արատները: Երրորդ եթերաշրջանում շոույի «ուղղահայացությունը» աստիճանաբար շեղվում է դեպի «հորիզոնական» դիրք. պատմությունները կրկին կապված չեն միմյանց հետ կերպարների ու դրամատուրգիայի առումով, սակայն ամբողջ եթերաշրջանից տպավորություն է ստեղծվում, որ իրադարձությունները զարգանում են մեկ կինեմատոգրաֆիկ «տիեզերքի» շրջանակներում:

Որպես հիմք Բրուքերն ընտրում է 2015թ-ի հունվարին հրապարակված հատուկ «Սուրբ ծննդյան թողարկումը». հրաշալի մի դրվագ, որը ներկայացնում է անհայտ սառցե մայրցամաքում կորած փոքրիկ հյուղակում գտնվող երկու տղամարդկանց պատմությունն, ովքեր աստիճանաբար միմյանց են ներկայացնում սեփական պահարաններում տարիներ շարունակ փակված կմախքները: Հենց այս դրվագը կնախանշի հետագա ոճական առանձնահատկություններն ու շեշտերը, որոնք կենտրոնական կլինեն վեցերորդ եթերաշրջանի համար:

Լրացուցիչ իրականության տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս տեսնել վիրտուալ պատկերներ ու փոխգործակցել դրանց հետ իրական աշխարհում, գիտակցության տեղափոխում թվային կրիչների վրա, դրոնների պարսեր` կոչված փոխարինելու վերացման եզրին հայտնված մեղուներին, ինտերնետային լրտեսություն ու սաբոտաժ, կախվածություն սոցցանցերից. ահա այն կենտրոնական սյուժետային գծերը, որոնց միջոցով հեղինակները կառուցում են սերիալային հերոսների փոխհարաբերությունները: Ծաղրելով առավել ծավալային թերությունները` նրանք չեն խորշում ներկայացնելու սուր անկյուններն անգամ չափազանցված, հաճախ` ֆարսի աստիճանի հասնող պատկերացմամբ, միայն թե ընկալելի ու մարսելի լինի:

Սակայն տեխնոլոգիական լուծումներն այստեղ միայն գործիք են` առավել հստակ բացահայտելու համար մարդկային էությունը: Տեխնոլոգիաներն առանց մարդկանց առ ոչինչ են, դրանք ինքնուրույն չեն կարող վնասել, փոխել աշխարհի պատկերը, մարդուն հասարակությունից կտրել այնպես, որ նա այլևս երբեք չկարողանա մյուսների հետ շփվել: Միայն ամենակարող մարդու ձեռքերում են տեխնոլոգիաները վերածվում հրեշավոր զենքի, կամ անմահության տանող միակ միջոցի:

Միայն մարդկային անսահման հիմարության առկայությունն է տեխնոլոգիաները վերածում չարիքի. ահա այն գլխավոր ուղերձը, որ հեղինակները ցանկանում են հասցնել: Ի վերջո, մեզ համար այդքան սովորական դարձած համացանցը մի կողմից կարող է լինել կարևոր ու օգտակար ինֆորմացիայի աղբյուր, մյուս կողմից` մարդկային կյանքեր խեղաթյուրելու միջոց. կախված է միայն այն մարդուց, ով դրանից օգտվում է: Նույնը վերաբերում է նաև եռաչափ պրինտերներին, վիրտուալ իրականությանը, աշխարհն էկոլոգիական աղետից փրկող արհեստական «մեղուներին»: Տեխնոլոգիաները մեր կարևորագույն ձեռքբերումն են, մարդկային քաղաքակրթության թագն ու պսակը: Սակայն, ինչպես ցանկացած մարդկային երևույթ, դրանք ունեն երկու կողմ, ու թե որ կողմն առավել ցայտուն իրեն ցույց կտա, կրկին կախված է մարդ արարածից:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net