5 նոյեմբերի 2016 - 19:27 AMT
ՀՈԴՎԱԾ
Սթինգից մինչև «Մետալիկա»
Ինչ է սպասվում երաժշտասերներին նոյեմբերին
Նոյեմբերն առատ է համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ-երգչուհիների և խմբերի նոր ձայնասկավառակների շնորհանդեսներով: PanARMENIAN.Net-ն ընտրել է առավել նշանակալիները՝ ներկայացնելով դրանց ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ:

Here – Ալիշա Քիզ

Ռելիզը՝ նոյեմբերի 4, 2016թ.

Ամերիկյան հայտնի երգչուհի և երգերի հեղինակ Ալիշա Քիզը (Alicia Keys) նոյեմբերի 4-ին երկրպագուների դատին է հանձնել իր՝ թվով վեցերորդ ստուդիական ալբոմը՝ Here-ը: Ալբոմի ձայնագրման աշխատանքները կատարել է RCA Records ընկերությունը, որի հետ Քիզը համագործակցել է նաև նախորդ՝ 2012թ.-ին լույս տեսած Girl on Fire ալբոմի ձայնագրման շրջանակներում: Here-ի առաջխաղացման նպատակով երգչուհին հոկտեմբերի 7-ին թողարկել է ալբոմի առաջին սինգլո՝ Blended Family (What You Do for Love): Ձայնասկավառակի ստանդարտ տարբերակում տեղ է գտել 16, դելյուքս տարբերակում՝ 18 կատարում: 46 րոպե տևողությամբ ալբոմն ամենակարճն է երգչուհու կարիերայի ընթացքում:

This House Is Not for Sale - Bon Jovi

Ռելիզը՝ նոյեմբերի 4, 2016թ.

Նոյեմբերի 4-ին Bon Jovi լեգենդար ռոք խումբը թողարկել է իր նոր՝ թվով 14-րդ ստուդիական ալբոմը՝ ապացուցելով, որ ժամանակն անզոր է իրական տաղանդի դեմ: 2015թ.-ին թողարկված Burning Bridges-ից հետո (որը, ի դեպ, խմբի գործունեության ընթացքում ամենաանհաջողվածն էր), This House is Not for Sale-ն առաջին ալբոմն է, որի ձայնագրմանը չի մասնակցել կիթառահար Ռիչի Սամբորան: Խմբի վոկալիստ Ջոն Բոն Ջովիի խոսքերով՝ նոր ալբոմը վերադարձ է հին ավանդույթներին. ձայնագրման աշխատանքները տեղի են ունեցել Մանհեթենի Power Station Studios-ում, որտեղ խումբը 1984թ-ին ձայնագրել է իր առաջին՝ Runaway սինգլը: 49 րոպե տևողությամբ և 12 երգ պարունակող ալբոմի ձայնագրման աշխատանքները կատարվել են Island Records ընկերության կողմից: Ալբոմի դելյուքս տարբերակում 18 երգ է:

The Heavy Entertainment Show - Ռոբի Ուիլյամս

Ռելիզը՝ նոյեմբերի 4, 2016թ.

The Heavy Entertainment Show-ն անգլիացի երգիչ Ռոբի Ուիլյամսի (Robbie Williams) 11-րդ ստուդիական ալբոմն է, որի ձայնագրման աշխատանքներով զբաղվել է Columbia Records ընկերությունը: Մայիսին հայտնի դարձավ, որ երգիչը պայմանագիր է ստորագրել Sony Music-ի հետ, ինչից հետո Ուիլյամսը հայտնեց, որ շատ ոգեշնչված է այդ փաստից և պատրաստ է նոր ալբոմի վրա աշխատելուն: Սեպտեմբերի 25-ին թողարկվեց ալբոմի անվանումը կրող Heavy Entertainment Show սինգլը, իսկ 5 օր անց լույս տեսավ ձայնասկավառակի առաջին պաշտոնական սինգլը՝ Party Like a Russian, երկրորդ սինգլը՝ Love My Life, հանձնվեց երկրպագուների դատին հոկտեմբերի 20-ին: 38 րոպե տևողությամբ ալբոմում տեղ է գտել 11 կատարում, դելյուքս տարբերակում առկա է ևս 5 հավելյալ երգ:

Long Live the Angels - Emeli Sande

Ռելիզը՝ նոյեմբերի 11, 2016թ.

Շոտլանդացի երգչուհի Էմիլի Սանդեն (Emeli Sandé) նոյեմբերի 11-ին կթողարկի իր երկրորդ ստուդիական ալբոմը, որի ձայնագրման աշխատանքներով զբաղվել է Virgin Records ընկերությունը: Սանդեի առաջին ալբոմը՝ Live at the Royal Albert Hall-ը, լույս է տեսել 2013թ.-ին, որից անմիջապես հետո երգչուհին սկսել է աշխատել նոր ձայնասկավառակի վրա: Long Live the Angels-ի գլխավոր սինգլը՝ Hurts-ը, թողարկվել է սեպտեմբերի 16-ին, որից հետո Սանդեն հայտարարել է, որ մեկնում է եվրոպական տուր նոր ալբոմի առաջխաղացմանը նպաստելու համար. երգչուհին համերգներով հանդես կգա Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում և Շվեդիայում: Ալբոմում տեղ գտած Tenderly երգը Սանդեն կատարում է իր հայրիկից և զարմիկներից կազմված երգչախմբի հետ: 52 րոպե տևողությամբ ալբոմը պարունակում է 16 կատարում, իսկ դելյուքս տարբերակը՝ 20:

The Fall of a Rebel Angel – Enigma

Ռելիզը՝ նոյեմբերի 11, 2016թ.

8 տարվա լռությունից հետո Enigma գերմանական հայտնի երաժշտական նախագիծն այս տարի որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին՝ թողարկելով 8-րդ ստուդիական ալբոմը՝ The Fall of a Rebel Angel-ը, որի ռելիզը նախատեսված է նոյեմբերի 11-ին: 2008-ին լույս տեսած Seven Lives Many Faces-ից մեկ տարի անց թողարկվել է նախագծի հայտնի կատարումների ժողովածու, իսկ 2010-ին MMX (The Social Song) սինգլը՝ նվիրված Enigma-ի ստեղծման 20-ամյակին: Եվ այժմ նախագծի երկրպագուները հնարավորություն կունենան ունկնդրելու 12 երգ-պատմություններ պարունակող ձայնասկավառակը, որի վրա խմբի հիմնադիր Միշել Կրետուն սկսել է աշխատել 2015թ.-ի մարտից: Երգ-պատմությունների հեղինակն է գերմանացի պոետ Միխաել Կունցեն: Ալբոմում տեղ գտած Sadeness (Part II) սինգլը լույս է տեսել հոկտեմբերի 10-ին:

57th & 9th – Սթինգ

Ռելիզը՝ նոյեմբերի 11, 2016թ.

57th & 9th-ը հայտնի բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ Սթինգի (Sting) 12-րդ անհատական ստուդիական ալբոմն է և նրա առաջին ռոք ալբոմը վերջին 13 տարում: Սթինգը սկսել է աշխատել ալբոմի վրա 2015թ. երկրորդ կեսին, հենց այդ ժամանակ էլ համացանցում սկսեցին հայտնվել ձայնագրման աշխատանքների ընթացքում արված նրա լուսանկարները, որոնք լայն տարածում գտան սոցիալական ցանցերում: Հուլիսին երգիչը հայտարարեց ձայնասկավառակի մոտալուտ թողարկման մասին, իսկ սեպտեմբերի սկզբին լույս տեսավ նոր ալբոմի առաջին սինգլը՝ I Can't Stop Thinking About You: Երգիչն ինքն անվանում է նոր ալբոմը «անսպասելի» և զգուշացնում, որ այն «շատ ռոքնռոլային է»: Ալբոմի վերնագիրը ընտրված է նյույորքյան այն խաչմերուկի պատվին, որով Սթինգն ամեն օր անցնում էր Hell's Kitchen ձայնագրման ստուդիա հասնելու համար:

24K Magic – Բրունո Մարս

Ռելիզը՝ նոյեմբերի 18, 2016թ.

Նոյեմբերի 18-ին լույս կտեսնի ամերիկացի երգիչ Բրունո Մարսի (Bruno Mars) երրորդ ստուդիական ալբոմը՝ 24K Magic (XXIVĸ Magic), որի վրա աշխատել է Atlantic Records ընկերությունը: Ալբոմը պետք է պատրաստ լիներ օգոստոսին, սակայն աշխատանքները ավելի երկար տևեցին, քան սպասվում էր, և ռելիզը հետաձգվեց մինչև նոյեմբեր: Հատկանշական է, որ ամերիկյան հեղինակավոր Rolling Stone ամսագիրը դասել է Մարսի առաջիկա ալբոմն այս տարվա ամենասպասվող ձայնասկավառակների շարքին: Ալբոմի նույնանուն սինգլը, որը նաև գլխավորն է սպասվելիք ձայնասկավառակում, թողարկվել է հոկտեմբերի 7-ին: Այդ նույն օրն էլ երգչի պաշտոնական կայքում հասանելի է դարձել ալբոմի նախնական պատվերը: Նոյեմբերի 4-ին էլ Մարսը երկրպագուների դատին է հանձնել Versace on the Floor սինգլը: Նախնական տվյալներով՝ ալբոմում տեղ կգտնի 9 կատարում:

Hardwired... to Self-Destruct - Metallica

Ռելիզը՝ նոյեմբերի 18, 2016թ.

Hardwired... to Self-Destruct-ը հանրաճանաչ ամերիկյան Metallica ռոք և հևի մեթալ խմբի 10-րդ ստուդիական ձայնասկավառակն է: Այն լույս կտեսնի նոյեմբերի 18-ին երկու մասից բաղկացած ալբոմի տեսքով խմբի Blackened Recordings լեյբլի տակ: Դա կլինի Մետալիկայի առաջին ալբոմը 2008-ին լույս տեսած Death Magnetic-ից 8 տարի անց. այսպիսի երկարատև լռություն խմբի 35 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում դեռ չէր եղել: Ալբոմը ձայնագրվել է 2015-2016թթ. ընթացքում, հունիսին այն արդեն պատրաստ էր, իսկ օգոստոսին խմբի անդամները «Ֆեյսբուքում» հայտնեցին ալբոմի նոյեմբերյան ռելիզի մասին, ինչպես նաև տեղեկացրին, որ այն պարունակելու է 12 կատարում: Միևնույն ժամանակ թողարկվեց նոր ձայնասկավառակից առաջին սինգլը՝ Hardwired-ը: Սեպտեմբերի 26-ին լույս տեսավ Moth Into Flame-ը, իսկ հոկտեմբերի 31-ին Atlas, Rise! Սինգլը: Երկու մասից կազմված ալբոմի ընդհանուր տևողությունը 77 րոպե է:

Starboy - The Weeknd

Ռելիզը՝ նոյեմբերի 25, 2016թ.

Վերջերս շատ հայտնի դարձած կանադացի երգիչ ու երգերի հեղինակ The Weeknd-ը նոյեմբերի վերջում կներկայացնի իր երրորդ ստուդիական ալբոմը, որի վրա աշխատել են XO և Republic Records ընկերությունները: Երգիչն իր նոր ալբոմը ձայնագրել է 2016թ.-ի ընթացքում: Սեպտեմբերի 22-ին լույս է տեսել Starboy ձայնասկավառակի առաջին նույնանուն սինգլը, իսկ հոկտեմբերի 11-ին ալբոմի առաջխաղացման նպատակով թողարկվեց երկրորդ սինգլը՝ False Alarm: Այբոմի անվանումը հենց այնպես չէ ընտրվել. դա արվել է հայտնի երգիչ Դեյվիդ Բոուիի պատվին, ում 1972 թ.-ին լույս տեսած The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars ալբոմում կար Starman անունով մի երգ: Դեռ հայտնի չէ՝ որոնք են ալբոմում տեղ գտած մյուս երգերը, սակայն հայտնի է, որ դրանք 18-ն են լինելու:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net