8 նոյեմբերի 2016 - 17:04 AMT
ՀՈԴՎԱԾ
Նավերի «գերեզմանոցն» ու անհաջող վայրէջքը Կարմիր մոլորակում
Հոկտեմբերի գլխավոր գիտական իրադարձությունները
Միլիարդատեր Իլոն Մասկի վերջին հայտարարությունն առաջիկա տարիներին դեպի Մարս մարդատար առաքելություն գործուղելու մտադրության մասին հոռետեսության ալիք բարձրացրեց գիտական շրջանակներում: Ի տարբերություն գովազդի դյուրահավատ սպառողի, գիտության մարդիկ հիանալի հասկանում և գիտակցում են այն խնդիրների հսկայական կույտը, որը ծառացել է նման հավակնոտ նախագծի իրականացման ճանապարհին: Այս պահի դրությամբ հասկանալի չէ, թե հատկապես ինչ եղանակով է մտադիր Մասկը հասնել նպատակին` հնարավոր է, այդ հայտարարությունը լոկ հերթական փիար քայլն է: Իսկ ճշմարիտ գիտությունն ամեն օր բախվում է Կարմիր մոլորակը ենթարկելու անկարողության հետ` հոկտեմբերին Մարսի հերթական «զոհը» դարձավ «Սկիապարելլի» զոնդը: Հավանաբար, սա նշանակում է, որ Մասկը ստիպված կլինի սպասել:

Մարսի հետ կապված ռուս-եվրոպական ծրագրի ֆիասկոն և Արեգակնային համակարգի նոր գաճաճ մոլորակը. PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 2016-ի հոկտեմբերի առավել նշանակալի գիտական իրադարձությունները:

Աստղագիտություն

Գրեթե ամեն օր հայտնաբերվում են նոր էկզոմոլորակներ (Արեգակնային համակարգի մեջ չմտնող մոլորակներ): Սակայն, դրանց մեծ մասը ֆիքսվում է դիտարկման անուղղակի մեթոդների միջոցով` աստղագետներն ուսումնասիրում են լուսարձակման փոփոխությունները կամ աստղերի շարժը, որոնց շուրջ պտտվում է տվյալ մոլորակը:

Աստղագետների միջազգային թիմը կարողացել է ոչ միայն հսկայական արտաարեգակնային մոլորակ հայտնաբերել, այլ նաև լուսանկար ստանալ եվրոպական VLT աստղադիտակի NACO և SINFONI գործիքների միջոցով: Գազային հսկան 4-5 անգամ ծանր է Յուպիտերից: Այն գտնվում է իր աստղից 660 աստղագիտական միավոր հեռավորության վրա` ամբողջական պտույտ կատարելով 27 հազար տարում:

Juno միջմոլորակային տիեզերական զոնդը, որն այս պահի դրությամբ գտնվում է Յուպիտերի ուղեծրում, դուրս է եկել քնի անվտանգ ռեժիմից և պատրաստվում է գազային հսկայի հետ երրորդ մոտեցման: Մանագետները շարունակում են պարզել պատճառները, որոնք ավելի վաղ ստիպել էին համակարգչային համակարգին ինքնաբերաբար քնի ռեժիմ սահմանել: Մերձեցումը մոլորակի հետ նախանշված է դեկտեմբերի 11-ին:

Մարսի հետ կապված ծրագրերին հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ Կարմիր մոլորակի մակերեսին կարող են հասնել միայն ամերիկյան սարքերը: Հերթական փորձը ձեռնարկեցին ռուս և եվրոպացի աստղագետները, որը սակայն անհաջող ավարտվեց:

Հոկտեմբերի 21-ին Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) հայտարարեց, որ ռուս-եվրոպական «ԷկզոՄարս» առաքելության «Սկիապարելլի» տիեզերական մոդուլը, որն առաքելություն էր կատարում դեպի Մարս, բախվել է մոլորակի մակերեսին և շարքից դուրս եկել: Ըստ գործակալության աշխատակիցների ենթադրության, պարաշյուտի անսարքության պատճառով «Սկիապարելլի» սարքը ընկել է Մարսի վրա մոտավորապես 2-4 կմ բարձրությունից ավելի քան 300կմ/ժ արագությամբ:

Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակները բավականին տարածված երևույթ են: Ըստ Միջազգային աստղագիտական միության XXVI Վեհաժողովի 2006թ. որոշման, գաճաճ մոլորակները տիեզերական մարմիններ են, որոնց չափերը բավարար չեն սեփական ուղեծրում տարածք ազատելու համար: Այնուամենայնիվ դրանք բավականաչափ մեծ են կլոր լինելու համար: Այդ հատկությամբ դրանք տարբերվում են փոքր մարմիններից` գիսավորներից ու երկնաքարերից: Հոկտեմբերի սկզբին աստղագետները հայտնաբերեցին հերթական օբյեկտը, որի անկյունագիծը գերազանցում է 500 կմ: Այժմ 2014 UZ224 անվանումը ստացած գաճաճ մոլորակը 90,8 աստղագիտական միավոր (տարածությունը Երկրից մինչև Արեգակ) տարածության վրա է:

Բժշկություն

Ամենախորհրդավոր հիվանդություններից մեկը` աուտիզմը (ավելի ստույգ աուտիկ սպեկտրի խանգարում) բուռն բանավեճերի առիթ է տալիս գիտական աշխարհում նրա ծագման պատճառների վերաբերյալ: Գիտնականներից շատերը կապում են աուտիզմը գենետիկ շեղումների հետ: Նյու Յորքի Քորնելի համալսարանի հետազոտողները պարզել են, որ աուտիկ սպեկտրի խանգարումներով երեխաների մոտ ավելի քան 2 անգամ շատ են պոտենցիալ վնասակար մուտացիաները միտոքոնդրիալ ԴՆԹ-ում, քան մերձավոր ազգականների մոտ: Միտոքոնդրիաները բջջի յուրօրինակ «էներգետիկ կայաններն են», որոնց շնորհիվ տեղի են ունենում ներսում կատարվող բոլոր գործընթացները: Խախտումներն այդ օրգանելների աշխատանքում կարող են խնդիրներ առաջացնել սպիտակուցի ճիշտ սինթեզի հետ կապված` դա հատկապես կարևոր է գլխուղեղի նեյրոնների աշխատանքի համար:

Հնէաբանություն

Հաճախ հնագույն սողուններին ուսումնասիրելիս` գիտնականները բավարարվում են ոսկրերի սուղ բրածոներով, քանի որ փափուկ հյուսվածքները արագ քայքայվում են:

Սակայն, գիտնականների միջազգային թիմը կարողացավ հայտնաբերել դինոզավրի ուղեղի բրածո հյուսվածքներ: Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ ուղեղում պահպանվել են անոթներն ու կապիլյարները, գլխուղեղի կեղևի հյուսվածքներն ու թաղանթները: Գտածոյի տարիքը գնահատվեց 133 մլն տարի:

Կենսաբանություն

Գիտնականներն «օդային պլանկտոն» անվանեցին այն թռչուններին, որոնք ունակ են 10 ամիս շարունակ սավառնել երկնքում առանց ցամաք իջնելու: Ջրածիծառները կարող են սավառնել օդում` նույնիսկ առանց թևերը թափահարելու, ընթանալով օդային հոսքերի միջոցով:

Նրանք պահպանում են էներգիան, օդի տաք հոսքերի վրա բալանսավորելով, և նիրհում են` հոսքերի միջոցով մեծ բարձրությունից ցած իջնելիս: Մինչ օրս օդում անցկացրած ամենատևական ժամանակը համարվում է ճղլակի կեսամյա թռիչքի 2-ամսյա հատվածը:

Հնագիտություն

Հոկտեմբերի 27-ին հնագետները 5 դարում առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում:

Ենթադրաբար 1555թ. տեղադրված սալաքարի տակ գիտնականները մեծ քանակությամբ քարեր են հայտնաբերել: Նրանք վստահ են, որ դեռ բազում գիտական բացահայտումներ կարվեն, և ի վերջո նրանք կկարողանան տեսնել ու իմանալ, թե ինչպիսին էր քարի օրիգինալ մակերեսը, որի վրա 3 օր մնացել է Քրիստոսի մարմինը:

Օգտագործելով ստորջրյա նկարահանումների և սքանավորման համար նախատեսված նորագույն սարքեր` հնագետների խումբը Սև ծովի հատակին հին նավերի մեծ «գերեզմանոց» է հայտնաբերել` Բյուզանդական և Օսմանյան կայսրության ավելի քան 40 նավ, որոնք հիանալի պահպանվել են Սև ծովում ավելի քան 150 մ խորության վրա թթվածնի պակասի պատճառով:

Դա շատ անսպասելի հայտնագործություն էր, քանի որ գիտնականները երկրաֆիզիկական հետազոտություններ էին անցկացնում:

Ֆիզիկա

Միջուկային ֆիզիկայով զբաղվող ցանկացած գիտնականի երազանքը լիարժեք աշխատող ջերմամիջուկային էներգակայանի ստեղծումն է: Այդ նպատակով հսկայական սարքեր են մշակվում` տոկամակներ, որտեղ մագնիսների բարդ համակարգի միջոցով պահվում է ջերմամիջուկային ռեակցիայի «աշխատանքային մարմինը»` հսկայական բարձր ջերմաստիճան ունեցող պլազման: Կառավարելի ջերմամիջուկային ռեակցիաների ժամանակակից փուլի խնդիրը դրանց արագ անցողիկությունն է, որի արդյունքում ստացվող էներգիան գործնականում համադրելի է ռեակցիան սկսելու համար ծախսված էներգիայի հետ:

Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոսները տոկամակ սարքում պլազմայի ճնշման համաշխարհային ռեկորդ են սահմանել: Ճնշման ռեկորդային արժեքը` 2 մթնոլորոտ, ձեռք է բերվել ինստիտուտի Alcator C-Mod տոկամակում: Նման սարքերի հիմնական պարամետրը հենց պլազմայի ճնշումն է, որը հաջողվում է պահել մագնիսային դաշտում: Վերջին 23 տարում այդ տոկամակը ճնշման մի քանի ռեկորդ է սահմանել:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net