11 նոյեմբերի 2016 - 12:32 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀՀ հարկային տեսուչները 4 անգամ «ծույլ» են Վրաստանի կոլեգաներից
Ինչպես խնայել միլիարդներ՝ հարկայինի օպտիմիզացիայով
Վերջին շրջանում հաճախ են խոսում պետական ապարատի, այս կամ այն ծառայության ուռճացված լինելու մասին: Այս համատեքստում PAN-ը որոշել է համեմատել, թե որքան հարկային ու մաքսային տեսուչ կա Հայաստանում և Վրաստանում և որքան աշխատանք են նրանք կատարում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, թե ՊԵԿ համակարգում 08.11.2016թ. դրությամբ աշխատում է 1096 հարկային տեսուչ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 158 հազար դրամից մինչև 215 հազար դրամ՝ կապված տեսուչի տվյալ պաշտոնում աշխատելու ստաժից:

Միևնույն ժամանակ նույնատիպ հարցում էինք ուղարկել նաև Վրաստանի Եկամուտների ծառայություն, որտեղից հայտնել են, որ հոկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի եկամուտների ծառայության հարկային տեսչությունում գրանցված է 1466 հարկային ծառայող (միջինը 1020 լարի (մոտ 200.000 դրամ) աշխատավարձով), այդ թվում՝ 127 հարկային կառավարիչ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվական բազայում նոյեմբերի 8-ի դրությամբ առկա է 80.903 հաշվառված կազմակերպություն, Վրաստանում բիզնեսի տարբեր իրավական կարգավիճակներով գործում է 412.497 ընկերություն:

Ստացվում է, որ Վրաստանում գրանցված է 5 անգամ ավելի շատ ընկերություն, քան Հայաստանում: Այսինքն, Վրաստանում 1 հարկային տեսուչը սպասարկում է մոտ 281 ընկերություն, Հայաստանում՝ 74: Ստացվում է, որ Հայաստանում հարկային տեսուչներն աշխատում են մոտ 4 անգամ պակաս արդյունավետությամբ:

Եթե Հայաստանում մեկ հարկային տեսուչը սպասարկեր նույնքան ընկերություն, որքան Վրաստանում, ՀՀ հարկայինում կաշխատեր 288 տեսուչ (808-ով քիչ, քան այսօր է): Այսինքն, ՀՀ բյուջեից, ամենահամեստ հաշվարկներով, տարեկան կխնայվեր ավելի քան 1.5 մլրդ դրամ՝ միայն տեսուչների աշխատավարձի գծով: Եթե անգամ այդ 288 հոգին ստանային Վրաստանի միջին 200 հազար դրամ աշխատավարձը, տարեկան խնայողությունը միայն աշխատավարձերի գծով կկազմեր 1.387 մլրդ դրամ՝ չհաշված կոմունալ վճարների, տրանսպորտային, գրասենյակային և այլ ծախսերը:

Բացի այդ, ՀՀ և Վրաստանի մաքսային ծառայություններում աշխատում է համապատասխանաբար 606 և 1446 մաքսային տեսուչ: ՀՀ-ում նրանց աշատավարձերը նույնն են, ինչ հարկային համակարգում, Վրաստանում նրանք ստանում են միջինը 1141 լարի` մոտ 220 հազար դրամ: Այսինքն, Վրաստանում ծառայում է 2.3 անգամ շատ մաքսային տեսուչ: Սակայն պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ում կա ընդամենը 5 մաքսակետ, իսկ Վրաստանում, բացի Հայատանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործող մաքսակետերից և 3 միջազգային օդանավակայանների մաքսակետերից կա նաև 2 մեծ նավահանգիստ՝ իր մի քանի մաքսակետերով: Աշխատանքի ծավալն ու տեսուչների ծանրաբեռնվածությունն այս դեպքում պարզապես անհամեմատելի է:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net