11 նոյեմբերի 2016 - 15:27 AMT
ՀՈԴՎԱԾ
Ճշմարտությունը գինու մեջ է
Ինչ և ինչպես էին խմում մեծերը
Հայտնի գրողներից շատերն են չարաշահել ալկոհոլի օգտագործումը, բայց մենք սիրում ենք նրանց այլ բանի համար: Մեզ գերում է նրանց հիանալի արձակը, հոգեպես հարստացնող հուզիչ պոեզիան: Ոչ ոք չի դատում Չարենցի, Եսենինի, Հեմինգուեյի, Դովլաթովի, Ուայլդի մասին այն հանգամանքից ելնելով, որ նրանք ժամանակին ալկոհոլով են տարվել:

Այնուամենայնիվ, PAN-ը փաստեր ու պատմություններ է հավաքել մեծ գրողների նախընտրած խմիչքների մասին, ինչպես նաև հատուկ թեստ է պատրաստել, (որին կարող եք հենց հիմա մասնակցել) որը թույլ կտա պարզել, թե հայտնի դասականներից ով կարող էր ձեր բաժակակիցը լինել:

Էռնեստ Հեմինգուեյ

«Այս գինին չափից լավն է կենացների համար, սիրելիս: Պետք չէ զգացմունքներ խառնել այսպիսի գինուն: Համը կկորչի»: («Ֆիեստա»)

Հեմինգուեյը որոշ ժամանակով Ֆրանսիա է տեղափոխվել միայն այն պատճառով, որ գինին այնտեղ լավն էր: Նա նույնիսկ սեփական կոկտեյլն է ստեղծել` «Մահը կեսօրին» (ըստ համանուն հրապարակախոսական գրքի): Հեմինգուեյը պարծենում էր, որ կարող է որքան ասես վիսկի խմել և չհարբել: Իսկ առավել հաճախ Հեմինգուեյին վերագրում են սերը թարմացնող «Մոխիտոյի» հանդեպ, որը նա փորձել էր Կուբայում:

Հին Հավանայում Հեմինգուեյի սիրած բարում նույնիսկ նրա արձանն են կանգնեցրել: Եթե կարդացել եք նրա «Եվ ծագում է արևը» («Ֆիեստա») վեպը, հիմնված իրական իրադարձությունների վրա, կարող եք պատկերացնել այն ժամանակվա իրողությունները: Ճիշտ է, Հեմինգուեյի «հարբած» հերոսները միանգամայն սթափ ու խելամիտ խորհուրդներ էին տալիս. «Իրոք, միշտ ամուր եղիր ոգով, երբեք չընկճվես: Դա է իմ հաջողության գաղտնիքը` երբեք չեմ ընկճվում: Երբեք չեմ ընկճվում, երբ մարդիկ կան շուրջս»:

Սերգեյ Եսենին, Պարույր Սևակ, Սերգեյ Դովլաթով

Ուսումնասիրելով Սերգեյ Եսենինի, Պարույր Սևակի և Սերգեյ Դովլաթովի կյանքը, հանգում ես այն եզրակացության, որ կյանքի որոշ հատվածներում նրանք կարող էին գրել և ստեղծագործել սարսափելի հարբած լինելով: Ենթադրաբար, նրանք բոլոր ալկոհոլային խմիչքներից նախապատվությունը տալիս էին օղուն:

Եսենինը պանդոկների յուրօրինակ լիրիկական հերոսի կերպար է ստեղծել` «Գինետների Մոսկվան» ժողովածուում` «Ես էլ քեզ պես խուլիգան»: Դովլաթովն «Արգելոցի» մեջ ասում է. «Գիտեք, ես այնքան եմ կարդացել ալկոհոլի վնասի մասին, որ որոշել եմ ընդմիշտ թողնել ընթերցանությունը»: Սևակի մասին միշտ հայտնի է եղել, որ նա սիրել է խմել, ասել այն, ինչ մտածում է, և գլխավորը` նրա պոեզիան զարմանալի ազնվությամբ էր աչքի ընկնում:

Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Ալեքսանդր Բլոկ

«Ես գիտեմ` ճշմարտությունը գինու մեջ է» (Բլոկ)

Ռուս սիմվոլիստ բանաստեղծ Ալեքսանդր Բլոկին, որը քչերից մեկն էր, ով հեղափոխության օրերին հրաժարվեց հեռանալ հայրենիքից, լավ կհասկանային Հովհաննես Շիրազն ու Եղիշե Չարենցը: Երկուսն էլ ճշմարտությունը գտել էին հայրենիքի հանդեպ սիրո մեջ և հայրենիքին էին նվիրում իրենց բանաստեղծությունները:

Հովհաննես Թումանյան, Ֆյոդոր Դոստոևսկի

Թումանյանն ու Դոստոևսկին ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան կարելի է պատկերացնել` երկուսին էլ հուզել է հայրենիքի ճակատագիրը, երկուսն էլ գրել են մարդու ծանր ապրումների մասին և երբեք մի կողմ չեն քաշվել իրենց ժողովրդի վշտից ու տառապանքներից: Բայց այսօր Թումանյանին ու Դոստոևսկուն միավորել ենք թեյը նախընտրելու հատկանիշով:

Հովհաննես Թումանյանի Թիֆլիսի բնակարանը հայտնի գրողների ու բանաստեղծների մշտական հավաքատեղին էր, որտեղ նրանք ժամեր շարունակ զրուցել են գրականության և կյանքի մասին: Այդպիսի հանդիպումներից ու զրույցներից շատերն անցել են մի բաժակ թեյի շուրջ: Թեյ էր սիրում նաև Դոստոևսկին: Թեյախմությունը նրա կերպարներից շատերի գեղարվեստական բնութագիրն է դարձել:

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Ի՞նչ ես անելու երբ պատերազմն ավարտվի:- Խմելու եմ, որ ամեն ինչ մոռանամ:-Իսկ եթե չօգնի՞: -Միևնույն է խմելու եմ»: (Էրիխ Մարիա Ռեմարկ)

Անլիարժեքության բարդույթն ու դեպրեսիան Ռեմարկն ալկոհոլով էր խլացնում: Նրա համար, որպես երկու պատերազմ անցած մարդու, ալկոհոլը ցավազրկող էր:

Նրա ստեղծագործությունների կերպարները մեկ ժամ էլ չեն դիմանում առանց հեղինակի սիրած կալվադոսի: Անհամար գինարբուքներից հետո Ռեմարկն իրեն հաճախ էր կշտամբում ապարդյուն վատնած ժամանակի համար. «Որքան ժամանակ է խմվել ու ծխվել…Ե՞րբ եմ վերջապես գործ անելու»:

Ուիլյամ Ֆոլկներ

«Վատ վիսկի չի լինում: Ուղղակի վիսկիի որոշ տեսակներ մյուսներից լավն են»: (Ֆոլկներ)

«Ես հիմնականում գիշերներն եմ աշխատում: Եվ միշտ ձեռքիս տակ մի շիշ վիսկի ունեմ, որպեսզի բոլոր այն գաղափարները, որոնք մոռացել եմ օրվա ընթացքում, նորից ի հայտ գան գլխումս»,-գրել է Ֆոլկները: Հայտնի է, որ մի անգամ Հովարդ Հոուքսի մասնակցությամբ «Փառքի ճամփան» ֆիլմի սցենարի քննարկմանը նա Հոլիվուդ էր գնացել թղթե տոպրակում ունենալով վիսկիի կիսադատարկ շիշը: Շիշը բացելիս Ֆոլկները կտրում է մատը, մի քիչ վիսկի է թափվում տոպրակի մեջ, որը հետո հայտնվում է աղբամանում: Վիսկին խմված էր, իսկ սցենարը չէր ստացվում, և Հոուքսը որոշեց, որ հանդիպումն ավարտված է: Սակայն, Ֆոլկները հանեց աղբամանից տոպրակը, խմեց այնտեղ թափված կաթիլները, որից հետո աշխատանքը սցենարի վրա ավարտին հասցվեց:

Սքոթ և Զելդա Ֆիցջերալդներ

«Սկզբից ոգելից ես խմում, հետո ոգելիցն է ոգելից խմում, իսկ հետո ոգելիցը քեզ է խմում»: (Սքոթ Ֆիցջերալդ) Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը բոլոր խմիչքներից ջինն էր գերադասում: Նրա կինը` Զելդա Ֆիցջերալդը կիսում էր նրա հայացքները: Նրանք պաշտում էին երեկույթներն ու իրենք էլ էին հաճախ կազմակերպում: Նրանց էքսցենտրիկ կերպարների մասին ամենուր էին խոսում. Նյու Յորքի 5-րդ փողոցում, ֆրանսիական Ռիվյեռայում, փարիզյան սրճարաններում, ուր նստած էին ամերիկացիները. «Լսե՞լ եք, ինչ արեց Ֆիցջերալդը», «Տեսա՞ք, Զելդան ինչ արեց»: Այնուամենայնիվ, Սքոթն ու Զելդան իրենց ժամանակի խորհրդանիշներն էին: Ճիշտ է, նրանց սիրո պատմությունն ի վերջո ողբերգական ավարտ ունեցավ: 1936-ին Զելդան հայտնվեց Հայլենդի հոգեբուժարանում, որտեղ էլ մահացավ 1948-ի հրդեհի ժամանակ: Սքոթը մահացավ 1940-ին սրտի կաթվածից:

Ջեք Քերուակ

«Որպես կաթոլիկ, ես չեմ կարող ինքնասպան լինել, բայց կարող եմ մահու չափ հարբել» (Ջեք Քերուակ) Քերուակը կյանքի մեծ մասն անցկացրել է Ամերիկայով մեկ թափառելով և իր մոր տանը: Նրա ստեղծագործությունների մեջ նկատելի է առօրեականությունից դուրս պրծնելու ցանկությունը: Նրա հերոսներն, իր պես, կյանքի իմաստն են որոնում` ինչ-որ մի պահի գալով արժեքների ժխտման: Քերուակը ոչ մի օր չի անցկացրել առանց «Մարգարիտա» կոկտեյլի և մահացել է ներքին արյունահոսությունից, որի պատճառը լյարդի ցիռոզն էր:

Չարլզ Բուկովսկի

«Խմելը էմոցիոնալ բան է: Դա ինքնասպանության ձև է, որտեղ հաջորդ օրը կրկին կենդանանում ես: Դա հանուն վերածննդի ինքդ քեզ սպանելու նման մի բան է: Ես արդեն 10-15 հազար կյանք եմ ապրել»: (Չարլզ Բուկովսկի) Բուկովսկին լրջորեն սկսել է գրել հասուն տարիքում` 1950-ականների կեսից: Ալկոհոլը նրան ուրախություն էր բերում, և ինչպես ինքն էր ասում, նույնիսկ օգուտ էր տալիս: Բուկովսկին միշտ է խմել, ամենուր, և 74 տարի է ապրել, իսկ նրա նախկինում չհրատարակված ստեղծագործությունները մինչ օրս շարունակում են լույս տեսնել:

Գի դը Մոպասան, Բոդլեր, Արթյուր Ռեմբո, Օսկան Ուայլդ

Արթյուր Ռեմբոն աբսենտն անվանում էր «սառցադաշտերի օշինդր», քանի որ այդ ըմպելիքի կարևորագույն բաղադրիչը դառը օշինդրի մզվածքն է: Ուայլդը, Մոպասանը, Բոդլերը դրանում էին ոգեշնչում գտնում: Նրանք գրում էին աբսենտի` թմրանյութին հատուկ գրավչության և ստեղծագործելու վրա ազդեցության մասին, սակայն հետագայում աբսենտը կործանեց նրանց կյանքը:

Հասմիկ Վանցյան/ PanARMENIAN.Net