9 դեկտեմբերի 2016 - 12:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Absolut Art
Արվեստը՝ շշի մեջ
Նյու Յորքում գտնվող ամերիկյան արվեստի «Ուիթնի» թանգարանում ցուցադրված հազարավոր ցուցանմուշների կողքին հատկապես առանձնանում է մի նկար։ Դրա հեղինակը պոպ-արտի կնքահայր Էնդի Ուորհոլն է։ Թանգարանում Ուորհոլի ներկայացրած 121 նկարի շարքում այս մեկը ստեղծման ուրույն պատմություն ունի։

1985թ. արված նկարը համաշխարհային արվեստի պատմության մեջ առաջին ու մինչ օրս չգերազանցված լավագույն օրինակն է, երբ սովորական գովազդը հասավ արվեստի մակարդակի։ Ուորհոլին ոգեշնչողը Absolut օղու սպիտակ, թափանցիկ շիշն էր։ Նկարիչն այն տեսավ այլ գույների մեջ, պատկերեց ու սկիզբ դրեց համաշխարհային մի ուղղության, որի շրջանակներում առաջին անգամ կիրառվեց Absolut Art տերմինը։ Ուորհոլի գունավոր շշի հայտնվելը պաստառների վրա այնքան վարակիչ էր, որ աշխարհի տարբեր անկյուններից հայտնի նկարիչներ միացան Absolut-ի գլոբալ արտ-պատկերասրահի ստեղծմանը։ Այն նույնիսկ հատուկ կարգախոս ուներ՝ «Absolut. օղու արվեստ ու արվեստի օղի»։

Ազատությունը՝ գերագույն արժեք

Absolut-ի և Ուորհոլի համագործակցությունն առաջինը շարունակեց Ուորհոլի աշակերտ Հարինգը։ Absolut Haring-ը բավականին սկանդալային էր, քանի որ շիշը նրա կտավում ասոցացվում էր ֆալոսի հետ։ Absolut-ում հանգիստ վերաբերվեցին այս մոտեցմանը. ի վերջո՝ արվեստը խմբագրելն անշնորհակալ գործ է։ Ընդհանրապես, արվեստի հետ առնչվելով` Absolut ընկերությունը որդեգրել էր միակ ճշմարիտ քաղաքականությունը. նա տվել էր արվեստագետներին ստեղծագործելու լիակատար ազատություն` միայն մեկ պայման դնելով նրանց առջև. կտավում անպայման պետք է լիներ օղու հանրահայտ շիշը։ Ազատության նման չափաբաժինը նախ ասպարեզ հանեց սկանդալային նկարիչներին։ Քենի Շարֆը հաջողությամբ շարունակեց Ուորհոլի ու Հարինգի բռնած ուղին։ 1987թ. ստեղծված Absolut Scharf-ը պատկերում էր շշից դուրս եկած անէացող ջինի, ինչպես նաև շշի մեջ մտնելու ցանկությամբ համակված ուրվականների։ Եվս մեկ սկանդալիստ՝ Դամիան Հերսթը մեկընդմիշտ ամրագրեց շշի ու սկանդալների կապը: Absolut Hirst-ը շշի մեջ մեկ այլ շիշ պատկերեց, դրա մեջ՝ ևս մեկը, և այդպես՝ մինչև անվերջություն։

Absolut Cattelan-ը շատ հեռու չգնաց։ Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանը, նույնպես, շշի մեջ որևէ բան խցկելու ցանկություն ուներ, և, ոչինչ առավել նպատակահարմար չգտնելով, այնտեղ մի փոքրիկ մկնիկ պատկերեց ։ Ի դեպ, մկնիկը բավականին դրամատիկ տեսք ուներ. մի ձեռքով գլուխն էր բռնել, մյուսում պահում էր օղու փոքրիկ բաժակ։

Ոչ միայն սկանդալային, այլև մասշտաբային

Absolut-ի արվեստականացումը քաղաքակիրթ Եվրոպայում այլ տեսք ստացավ։ Շվեյցարական Ալպերում վեր խոյացավ 11 մետրանոց հսկա շիշ, Շվեդիայում սառույցից պատրաստված հյուրանոցի կենտրոնում կանգնեցվեց հինգ մետրանոց Absolut: Սակայն քանդակագործներին չհաջողվեց խամրեցնել նկարիչների հաջողությունը։ Ժամանակի հայտնի սյուրռեալիստները, էքսպրեսիոնիստները, կուբիստներն ու պոպ-արտի ժանրում ստեղծագործողները մեկը մյուսի հետևից ստեղծեցին իրենց շիշը։ Դրանցից շատերը հիմա պահվում են աշխարհի հայտնի թանգարաններում։ Absolut Heritage և Absolut Expressions ակցիաների տակ ներկայացված աշխատանքները, օրինակ, ամբողջովին աֆրոամերիկացիների երևակայության արդյունքն են։ Իսկ 1998-1999թթ. Absolut Originals անվան ներքո ստեղծված աշխատանքներն այնքան արժեքավոր էին, որ Time ամսագիրն առանձնացրեց դրանցից 16-ը՝ տպագրելով իբրև նոր խոսք գովազդի ու արվեստի աշխարհում։

Յուրաքանչյուր նահանգից՝ մեկ հանճար

Այսպիսին էր համաամերիկյան արշավի նշանաբանը, որի ընթացքում երկու տարի շարունակ ԱՄՆ յուրաքանչյուր նահանգից մեկ նկարիչ ներկայացնում էր իր գլուխգործոցը։ 50 նահանգների ամենատաղանդավոր նկարիչները ստեղծեցին ճիշտ նույնքան կտավներ։ Վերջնական արդյունքը տպագրվեց USA Today շաբաթաթերթում։ Սկանդալ արդեն չկար. առաջին ալիքն անցել էր, մաղվել-զտվել ու մնացել էր մաքուր արվեստը, ինչպիսին էր, օրինակ, Absolut Rodrigue-ի պատկերած երկնագույն շունը։

Absolut-ի ամենահաս ձեռքերը

1990-ին կոմիքսների ինդուստրիայում Harvey Award ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխությունը Ջիմ Լիին ճանաչեց «Տարվա տաղանդ»։ Ավելին, հարավկորեացի Լին առաջինն էր, ով սկիզբ դրեց Harvey Award-ի հենց այդ մրցանակին։ Մեկ տարի անց՝ 1991թ., երիտասարդ տաղանդը նկարեց Absolut-ի իր գլուխգործոցը՝ ասիական մոտիվներով մի առյուծիկ, որը, ասես, կլանում է օղու շիշը։ Լին այլևս աչքի չընկավ նկարչության մեջ ունեցած ներդրումով, սակայն նրա առյուծիկը մեկընդմիշտ անմահացավ Absolut-ի պատկերասրահում։ Wired ամսագրի արտ-տնօրեն Էրիկ Ադիգան նույնպես ներկայացված է այդ պատկերասրահում։ Նրա ծիրանագույն, լեզուն հանած շիշը, տարօրինակ աչք-ականջներով ոչ այլ ինչ է, եթե ոչ մաքուր արվեստ։ Թվով հինգ Օլիմպիական խաղերի պաշտոնական նկարիչ ու ճարտարապետ Լերոյ Նեյմանը միացավ ակցիային քիչ անց՝ Ուորհոլի աշխատանքը հիշեցնող իր գույնզգույն շշով։ Ռեժիսորները նույնպես հետաքրքվեցին այս յուրօրինակ արշավով։ Ամերիկյան անկախ կինեմատոգրաֆիայի պատմական դեմքերից մեկը՝ սարսափ ու ֆենթըզի ֆիլմերի արքա ռեժիսոր, սցենարիստ Ջոն Կարպենտերը 1991թ. իր ուժերը փորձեց՝ ստեղծելով առեղծվածային, միստիկ կերպարով օղու շիշ։

Լուսանկարների ուժը

1998թ. ֆոտոնկարիչ, Հոլոքոստից հրաշքով փրկված չեխ հրեա Յան Սաուդեքը պատկերեց շիշը մերկ կնոջ ձեռքերում։ Այն առաջին լուսանկարներից էր, որտեղ գովազդն արվեստ դարձավ։ 2000-ականների նորաձևության տների հայտնի դիզայներները նույնպես որոշեցին արվեստի գործեր արարել։ Իհարկե, դրանք արդեն կտավներ չէին, սակայն լուսանկարները, որոնք ստեղծվեցին, արվեստի մակարդակի էին։ 1997 թ. Ջանի Վերսաչեն, իր գարնանային հավաքածուն ստեղծելիս, ներշնչվեց Absolut-ով ու Քեյթ Մոսի հետ անմահացրեց սառցե շիշը համատարած սառցե թագավորությունում։ Նրան հետևեց Cucci-ն, որի գլխավոր դիզայներ Թոմ Ֆորդը 1999թ. ջրային թաց լուսանկարներ ստացավ Absolut-ի ոգով։

«Բացարձակ բարձրաձայնում»

Հենց այս խորագրի ներքո Absolut ապրանքանիշի ու արվեստի համագործակցությունը 1989 թ. հասավ ԽՍՀՄ։ Շարժառիթը Գորբաչովի այցն էր ԱՄՆ. այն իր հետ բերեց ոչ միայն երկաթյա վարագույրի փլուզում, այլև Absolut-ի համընդհանուր շարժմանը մասնակից դառնալու հնարավորություն։ Խորհրդային 26 նկարիչներ միացան արշավին ու պատկերեցին իրենց շիշը։ Նրանց շարքում հատկապես արժեքավոր դարձան Absolut Lebedev-ն ու Absolut Kosolapov-ը։ Իսկ ակցիայի ընդհանուր պաստառը, որը բաղկացած էր խորհրդային նկարիչների կերտած շշերից, նույնպես շշի տեսքով էր, ինչը, իհարկե, վկայում էր բացարձակ լուրջ մոտեցման մասին։

Absolut. օղու արվեստ ու արվեստի օղի

Փաստորեն, գովազդի ու բրենդինգի պատմության ընթացքում եզակի Absolut Art նախագիծը խթան հանդիսացավ, որպեսզի ստեղծվեն մի շարք յուրօրինակ արվեստի գործեր։ Absolut Art-ին տարբեր տարիների միացան 1500-ից ավելի նկարիչներ, քանդակագործներ և արվեստի այլ ուղղություններում խոսք ունեցող տաղանդավոր մարդիկ։ Ու քանի դեռ գոյություն ունի շվեդական առեղծվածային օղին, դեռ կստեղծվեն նման գլուխգործոցներ և Absolut Art-ի պատկերասրահը կշարունակի հարստանալ։ Առայժմ այնտեղ չկան հայկական ազգանուններ, սակայն ամեն ինչ առջևում է։