22 դեկտեմբերի 2016 - 14:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Սփյուռքահայերն ըստ Սարոյանի, Վոնեգուտի և Դովլաթովի
Սերը հայրենիքի հանդեպ մնացել է երգերում
Համաշխարհային գրականության մեջ հայ տղամարդկանց կերպարներին անդրադառնալու փորձից պարզ դարձավ, որ այդ հերոսները հիմնականում սփյուռքահայեր են:

Իր հայտնի «Մարդկային կատակերգություն» վեպում ամերիկյան գրականության մեծանուն հայազգի գրող Վիլյամ Սարոյանը, հիմնական սյուժեից բացի, բացահայտում է նաև խանութպան Արայի կերպարը:

Սարոյանը տալիս է հայրենիքից զրկված հայերի սեղմ նկարագրությունը: Ըստ գրողի, զարմանալի չէ, որ նրանց հոգին պարուրված է կարոտով:

Սարոյանը մեծապես կարևորում էր մայրենի լեզվի դերը: «Մարդկային կատակերգության» ներածականում գրողը հույս է հայտնում, որ կգտնվի մի անսովոր թարգամանիչ, որը կթարգմանի իր պատմվածքը հայերեն և այն կտպագրվի այն տառերով, որոնք հասկանալի կլինեն իր մորը:

Սարոյանը մի քանի անգամ ընդգծում է հայոց լեզվի գեղեցկությունը: Ըստ նրա, լեզուն հայրենիքի խորհրդանիշն է: Սարոյանի հերոսը` նպարավաճառ Արան ունեվոր մարդ է, որն ամեն ինչ ունի բարեկեցիկ կյանքով ապրելու համար, բայց իր տեղը չի գտնում: Նրան «տանջում է կարոտը»: Դրվագներից մեկում, երբ նա սպասարկում է հերթական հաճախորդին և վերջինս գնում է, Արան «հանկարծ» խոսում է որդու հետ հայերեն: Սարոյանը ցույց է տալիս, որ իրապես հայրենիքը զգում ես, երբ խոսում ես մայրենի լեզվով:

«Աշխարհը խելագարվել է: Ռուսաստանում, որ այնքան մոտ է մեր հայրենիքին, մեր հրաշալի փոքր ազգին, միլիոնավոր մարդիկ, միլիոնավոր երեխաներ սոված են մնում: Նրանք մրսում են, թափառում են խեղճ, ոտաբոբիկ, անօթևան, նրանք աղոթում են մի կտոր չոր հացի համար, քնելու ու հանգստանալու տեղի համար, մի գիշեր խաղաղ լուսացնելու համար: Իսկ մե՞նք: Ինչո՞վ ենք մենք զբաղված այստեղ` Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում. այս մեծ երկրում` Ամերիկայում: Ինչո՞վ ենք զբաղված մենք: Մենք լավ զգեստներ ենք հագնում…Մեքենայով շրջում ենք և հիանում գեղեցիկ բնությունով, ուտում ենք համեղ բաներ, ամեն գիշեր հանգիստ անկողնում քնում ենք, և ի՞նչ: Դժգոհում ենք: Մենք դեռ դժգոհ ենք»,-ասում է Սարոյանի հերոս Արան:

Նա դիմում է որդուն և կոչ անում չնմանվել իրեն. «Եթե ես այսպիսին եմ, դու պետք է ինձնից լավը լինես: Երջանիկ եղիր: Ես դժբախտ եմ, բայց դու պետք է բախտավոր լինես»:

Ըստ Սարոյանի, հայրենիքից հեռու հայտնված հայերը դժբախտ մարդիկ են կամ երջանկություն որոնողներ: Չնայած, նրանց հաջողվում է բարեկեցիկ կյանք կառուցել օտարության մեջ, իրենց աշխատասիրության շնորհիվ, ինչպես Արային, բայց նրանց տանջում է հայրենիքի կարոտը:

«Դուք ինձ պես օտարության մեջ չեք ծնվել, դուք ծնվել եք Հայրենիքում: Հիմա դուք չեք հասկանում, թե դա ինչ երջանկություն է: Հետո կհասկանաք…Ձեզանից շատերը կճանապարհորդեն աշխարհով մեկ, գեղեզիկ, զարմանահրաշ վայրեր կտեսնեն, և այն ժամանակ կհասկանան, որ չկա Հայրենիքից ավելի գեղեցիկ ու քաղցր տեղ»,-գրել է Սարոյանը, որը ծնվել և մահացել է Ֆրեզնոյում:

Ըստ Սարոյանի կտակի, նրա աճյունով սափորը հուղարկավորվել է Երևանում, դա արվել է 1982-ին, նրա վախճանից մեկ տարի անց:

Սարոյանը բազմիցս է պնդել, որ թեև ինքը գրում է անգլերեն և ամերիկյան միջավայրի մասին, հոգին, որը ստիպում է նրան գրել, հայկական է: Նա դասում է իրեն հայ գրողների շարքին և իր ստեղծագործություններում ցույց է տվել, թե ինչպիսին են դառնում հայերը հայրենիքից հեռու` նրանք երազում են վերադառնալ, ճիշտ է հայտնի չէ, թե երբ և ինչպես: Այդ անորոշությունը թույլ չի տալիս նրանց լիովին գոհ լինել սեփական անձից ու կյանքից:

Կուրտ Վոնեգուտ` «Կապտամորուսը»

20-րդ դարի մեկ այլ հայտնի գրող Կուրտ Վոնեգուտը Սարոյանին համարում իր հոգևոր ուսուցիչը: Վոնեգուտի «Կապտամորուսը» վեպի գլխավոր հերոսը Ռաբո Կարաբեկյանն է, որի նախատիպը հայազգի հայտնի նկարիչ Արշիլ Գորկին է:

Արշիլ Գորկին ծնվել է 1904-ին Վանում: Նա համարվում է «աբստրակտ սյուրռեալիզմի» հիմնադիրներից և 20-րդ դարի ԱՄՆ ամենաազդեցիկ նկարիչներից մեկը: Նրա կտավները ցուցադրվում են ԱՄՆ խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:

«Կապտամորուսը» լույս է տեսել Նյու Յորքում 1987-ին: Վեպը հայազգի Ռաբո Կարաբեկյանի մասին է, որի ծնողները ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ամերիկայում ապաստանած հայեր են:

«Մեզ այստեղ լավ են հայտնի հայերի անսահման տառապանքները: Իմ ընկերների թվում քիչ չեն հայերը, որոնցից մեկն ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանն է, մյուսը` Արշիլ Գորկին»,-գրել է Վոնեգուտն իր նամակներից մեկում: Վոնեգուտն անձամբ ծանոթ էր Արշիլ Գորկու և ԱՄՆ հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ:

Հատկանշական է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի պատմած դեպքը Վոնեգուտի հետ հանդիպման մասին: «Դու հայի նման ես»,-ասել է Էդոյանը, Վոնեգուտը պատասխանել է. «Ուրախ եմ, քանի որ Վիլյամ Սարոյանը հայ էր: Ամերիկայում ասում են, որ հայը մինչև կեսօր կարող է սոված լինել, իսկ 12-ից հետո անպայման մի բան կհայթայթի: Դու առաջին հայն ես Հայաստանից, ում տեսնում եմ: Բայց հայերի հետ ինձ ծանոթացրել է Վիլյամ Սարոյանը: Նա իմ հոգևոր ուսուցիչն է»:

Ըստ վեպի սյուժեի, Կարաբեկյանը հաջողակ ամերիկացի նկարիչ է: Անձամբ ինքը ցեղասպանությունը վերապրածներից չէ, սակայն, այն չդարմանվող հոգեկան վերքերի ցավը, որ զգում են նրա ծնողները, փոխանցվել է նաև իրեն:

«Ծնողները մեծ ընտանիքներ են ունեցել Հին աշխարհամասում: Հարազատներին կորցրել են կոտորածի ժամանակ, երբ Թուրքական կայսրությունը դավաճան համարեց նրանց երկու պատճառով` առաջինը, նրանք ավելի խելացի էին ու ավելի կրթված, երկրորդը` շատերը հարազատներ ունեին սահմանից այն կողմ»: (հատված «Կապտամորուսից»):

Հատկանշական է, որ ծագումով գերմանացի Վոնեգուտն իր վեպն ինքնակենսագրական էր համարում:

Կարաբեկյանի կյանքի պատմությունը մոտ էր գրողին, քանի որ Վոնեգուտն ինքը զանգվածային սպանությունների է ականատես եղել, նաև գերեվարվել է 1945-ին Դրեզդենում: Երբ ԱՄՆ ՌՕՈւ-ն սկսեց ռմբակոծել քաղաքը, նա թաքնվել էր սպանդանոցի նկուղում և ողջ մնացել, սակայն մի քանի օր ստիպված է եղել փլատակները մաքրել և դիակներ հանել: Վոնեգուտի ամենահայտնի վեպերից մեկը` «Սպանդանոց համար 5»-ը հենց այդ իրադարձությունների մասին է:

«Գերմանական կայսրությունը, որը թուրքականի դաշնակիցն էր, անաչառ զինվորական դիտորդների էր գործուղել գնահատելու, թե որքան ժողովուրդ է զոհվել դարի առաջին ցեղասպանության տարիներին` տերմին, որն այն ժամանակ գոյություն չուներ լեզուներից ոչ մեկում: Այժմ բոլորին է հայտնի, թե ինչ է ցեղասպանությունը` դա մանրակրկիտ պլանավորված գործողություն է մարդկային ցեղի որոշակի ենթաընտանիքի բոլոր ներկայացուցիչներին ոչնչացնելու նպատակով` լինի դա տղամարդ, կին թե երեխա: Նման հսկայածավալ ծրագրերը զուտ տեխնիկական բնույթի լուծումներ են պահանջում. Ինչպե՞ս էժան ու արագ սպանել բազմաթիվ մեծ, խելամիտ կենդանիներ, որպեսզի ոչ ոք չփախչի, իսկ հետո վերացնել մսի ու ոսկորների հսկայական կույտերը: Թուրքերը, որոնք առաջինն էին այդ գործում, չունեին մեծ բիզնես հմտություններ և համապատասխան տեխնիկական միջոցներ: Մոտ մեկ քառորդ դար անց գերմանացիները հիանալի կկատարեն և մեկը, և մյուսը: Իսկ թուրքերն ուղղակի բռնում էին բոլոր հայերին տներում և այլ վայրերում, որտեղ հայերն աշխատում էին, հանգստանում, խաղում, աղոթում, սովորում և այլն, իսկ հետո քշում էին նրանց անապատներ` թողնելով առանց սննդի, ջրի ու ծածկի, սպանում էին կամ ծեծում, մինչև որ ողջ մարդ չէր մնում: Իսկ հետևանքները, գործի ավարտին, ոչնչացնում էին արդեն շները, անգղները, տարբեր տեսակի կրծողներն ու ամենավերջում` որդերը»,-գրել է Վոնեգուտը:

«Ես ասացի որդիներիս, որ նրանք չմասնակցեն սպանդին և որ, լսելով թշնամիների կոտորածի մասին, ոչ ուրախանան, ոչ էլ գոհունակություն զգան»,-ասել է նա` հանգեցնելով այն եզրակացության, որ մարտերն ու տառապանքներն առանց այդ էլ շատ են եղել:

Իր վերջին հարցազրույցներից մեկում Վոնեգուտը, խոսելով ստեղծագործելու մասին, նշել է. «Չեմ կարծում, թե արվեստի մարդն ընդհանրապես գիտի, թե ինչու է անում այս կամ այն բանը` դա տրամաբանորեն չես բացատրի…այդ ամենն ուղղակի դուրս է հորդում մեզանից»:

Ռաբո Կարաբեկյանի կյանքի օրինակով Վոնեգուտը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հայ իր ժողովրդի ճակատագրի կրողն է` նա, ով իր աչքերով չի տեսել ցեղասպանությունը, ևս կրում է «չսպիացող վերքերը»:

Սերգեյ Դովլաթով. «Ժամանակին ապրում էինք լեռներում»

Ժամանակին Կուրտ Վոնեգուտը նամակ է գրել ԱՄՆ նոր տեղափոխված հայազգի Սերգեյ Դովլաթովին. «Ես էլ եմ ձեզ սիրում, բայց Դուք կոտրեցիք իմ սիրտը: Ես ծնվել եմ այս երկրում, արիաբար ծառայել եմ պատերազմի ժամանակ, սակայն, այդպես էլ չկարողացա ոչ մի պատմվածք տպել New Yorker ամսագրում: Եվ ահա գալիս եք դուք` և խնդրեմ…Ձեր պատմվածքը միանգամից տպում են: Ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, ասեմ Ձեզ…

Իսկ եթե լուրջ, ապա շնորհավորում եմ Ձեզ հիանալի պատմվածքի կապակցությամբ, շնորհավորում եմ նաև New Yorker-ին, որը վերջապես իրոք խորը և ունիվերսալ պատմվածք է հրատարակել: Ինչպես, հավանաբար, համոզվել եք, New Yorker-ում տպագրվող պատմվածքներն արտացոլում են միջին դասի ուրախություններն ու վշտերը…Ես մեծ ակնկալիքներ ունեմ ձեզանից և ձեր աշխատանքից: Դուք ունեք տաղանդ, որը պետք է տաք այս խելահեղ երկրին: Մենք երջանիկ ենք, որ Դուք այստեղ եք»:

Երբ Դովլաթովը ստացավ Վոնեգուտի նամակը, նա արդեն գրել էր «Ժամանակին ապրում էինք լեռներում» պատմվածքը, որտեղ հեգնանքով է պատմում Լենինգրադի հայերի մասին: Ինչպես ավելի ուշ խոստովանել է գրողը, պատմվածքում նա փորձել է ցույց տալ, թե որքան հեռու են համայնքի հայերն իրենց արմատներից ու մշակույթից:

«Մի ժամանակ մենք մառան էինք իջնում: Իսկ հիմա գաստրոնոմ ենք վազում: Լեռներին մենք գերադասեցինք նորակառույց բարձրահարկերը: Մենք նեղացնում ենք կանանց ու խարույկներ վառում մանրահատակի վրա: ԲԱՅՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՊՐՈՒՄ ԷԻՆՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ»: (հատված «Ժամանակին ապրում էինք լեռներում» պատմվածքից):

Դովլաթովն առաջին անգամ տպագրել է «Ժամանակին ապրում էինք լեռներում» պատմվածքը «Կրոկոդիլ» ամսագրում 1968-ին և, ի զարմանս իրեն, բազում արձագանքներ ստացել հայրենակիցներից և բոլորը` վրդովված: Դովլաթովը ստիպված է լինում բացատրական նամակ գրել.

«Թանկագին հայրենակիցներ: Պատմվածքի վերաբերյալ եղան բազմաթիվ արձագանքներ Հայաստանից, բայց ցավոք, ամենևին ոչ խրախուսական: Նամակների հեղինակներն ինձ մեղադրում են հարազատ ժողովրդիս սովորույթների չիմացության և իրականությունն աղավաղելու մեջ: Նախ ուզում եմ ընդգծել, որ իմ պատմվածքում փորձել եմ հեգնանքով պատկերել այն հայերին, ովքեր վաղուց ապրում են Հայաստանից հեռու, օրինակ Լենինգրադում, կորցրել են կապը հայկական ավանդույթների հետ` պահպանելով զուտ ձևական, կեղծ պատկերացումներն իրենց ժողովրդի սովորությունների մասին: Դժվար չէ նկատել, որ պատմվածքը սերտորեն առնչվում է նաև տարաբախտ հեղինակին: Այդպիսով ինձ ուղղված ձեր հանդիմանությունների մեծ մասն ինքս հասցեագրել եմ պատմվածքի հերոսներին»,-պարզաբանել է Դովլաթովը:

Նա նաև չի մոռացել հիշատակել, որ «մենք` հայերս, կարող ենք հպարտանալ մեր երկրով»:

«2750 տարի է անցել այն ժամանակներից, երբ անառիկ բլրի վրա հիմնվեց Էրեբունի ամրոցը: Դարերով է ստեղծվել մեծ հայկական մշակույթը, ձևավորվել ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները, ծանր փորձությունների գնով է թրծվել մեր ազգային նկարագիրը: Ամբողջ աշխարհին են հայտնի իրենց Հայրենիքը փառաբանած հայերի անունները: Մարտիրոս Սարյանի կտավները, Արամ Խաչատրյանի երաժշտությունը, Մարիետա Շահինյանի գրքերը համաշխարհային մշակույթի նվաճումներ են: Խորհրդային գիտության պարծանքն է Վիկտոր Համբարձումյանը: Միամտություն կլիներ կարծել, թե ինչ-որ մեկն ի զորու է վատաբանել հայկական մշակույթը, ստվեր գցել հայ ժողովրդի վրա: Ցավոք, պատմվածքում տեղ են գտել կենցաղի նկարագրության հետ կապված ցավալի անճշտություններ, և ես շնորհակալ եմ բոլորին, ով մատնանշեց դա: Թեև առանձին դեպքերում կարելի է նաև հակադարձել ընթերցողներին: Հայաստանի էկոնոմիկայի և գյուղատնտեսության ԳՀԻ գիտաշխատողները պնդում են, թե հայերը երբեք փափախ չեն կրել, իսկ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակչության խմբագիրները վստահաբար հաստատում են այդ փաստը: Ուզում եմ հիշեցնել հարգելի ընկերներին հետևյալ հայկական ասացվածքը. «Կնոջդ թակելու փոխարեն, հանի փափախդ, թակիր ու նորից դիր»: Եվ մի՞թե ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի կոլետիվին, որոնք գրում են, թե «փլավը հայի համար նույնքան ավանդական ուտեստ է, որքան աղապուրը` չինացու», հայտնի չեն տասնյակ հին հայկական ասացվածքներ և ասույթներ, որտեղ հիշատակվում է այդ ավանդական ուտեստը, օրինակ. «Փլավ կա` ախորժակ չկա, ախորժակ կա` փլավ չկա»,-գրել է Դովլաթովը:

Ըստ Դովլաթովի, սփյուռքահայերը, որքան էլ ձգտեն մոտ լինել հայրենիքին, հեռու են մնում նրանից: Ավանդույթները պահպանելու նրանց ջանքերը հեգնանք են առաջացնում, քանի որ օտարության իրողություններն այլ են` հնարավորություն չեն տալիս «օրեր շարունակ անցկացնել Սևանի ափին կամ ձիավարելով»: Ուստի, ինչպես կարծում է Դովլաթովը, Հայաստանից դուրս ապրող հայերի մոտ հայրենիքի հանդեպ սերը պահպանվում է միայն երգերում:

Հասմիկ Վանցյան/ PanARMENIAN.Net