26 դեկտեմբերի 2016 - 12:44 AMT
ՀՈԴՎԱԾ
Բուռն 2016-ը
Տարվա ամենակարևոր քաղաքական և հասարակական իրադարձությունները
2016 թվականը քաղաքական առումով խիստ բուռն տարի էր Հայաստանի համար․ այն առաջին հերթին կհիշվի ապրիլյան պատերազմով, «Սասնա ծռերով» ու նոր կառավարության ձևավորմամբ։ PAN-ը ներկայացնում է անցնող տարվա այլ նշանակալի իրադարձությունների ամփոփ պատկերը։

Ապրիլյան պատերազմը

Ապրիլի լույս 2-ի գիշերը Ադրբեջանն Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով լայնածավալ ու հարձակողական գործողություններ սկսեց, որոնք աննախադեպ էին 1994 թ․ հաստատված հրադադարից հետո։ Ադրբեջանական հարձակումը տեղի ունեցավ հենց նախորդ օրը Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովը հազիվ ավարտված, որին մասնակցում էին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները։ Քառօրյա ինտենսիվ մարտերը, որոնց ընթացքում հակառակորդը նաև հրթիռահրետանային հարվածներ հասցրեց Արցախի մի շարք խաղաղ բնակավայրերին և ռազմական հանցագործություններ կատարեց, ավարտվեցին ապրիլի 5-ին Մոսկվայում ՀՀ և ԱՀ ԳՇ պետերի միջև ձեռք բերված բանավոր համաձայնությամբ (պատերազմական գործողությունների ամփոփ պատկերը կարող եք տեսնել PAN-ի ինտերակտիվ քարտեզում

Ապրիլյան պատերազմի հետևանքով կրկին ընդգծվեց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը միջազգային հասցեական և համարժեք արձագանքի հարցը։ Դեռևս ապրիլի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին ուղղված նման կոչով հանդես եկավ ՀՀ ԱԺ-ն։ Մինչդեռ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ իրենց մանդատի մեջ ներառված չի եղել հետաքննել, թե ով է սկսել առաջինը, կամ ով է պատասխանատուն։ Փոխարենը համանախագահները հայտնեցին մարդու իրավունքների խախտման վերաբերյալ իրենց «խիստ մտահոգությունն ու անհանգստությունը»։ Պատերազմի ընթացքում և հետո Հայաստանում խիստ արդիական դարձավ նաև ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի լայնածավալ վաճառքի խնդիրը։ Սակայն ռուսական կողմն ամենևին չշտապեց հանգստացնել հայ հասարակությանը, փոխարենը Բաքու այցելած ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ պայմանագրերի կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ որպես իր ռազմավարական գործընկերոջ։

Ապրիլյան պատերազմը փորձաքար դարձավ նաև ՀԱՊԿ և ԵՏՄ շրջանակներում Հայաստանի և այլ անդամ պետությունների միջև հարաբերությունների համար։ Նախ Բելառուսի ԱԳՆ պատերազմի առաջին օրը գրեթե ուղղակիորեն միակողմանի աջակցություն հայտնեց Ադրբեջանին, ապա ապրիլի 8-ին Երևանում նախատեսված՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքը Ղազախստանի նախաձեռնությամբ տեղափոխվեց Մոսկվա՝ «Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին չաջակցելու» մեկնաբանությամբ։ Շրջանառվող վարկածների համաձայն՝ դարձյալ նույն պատճառներով հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի օրակարգից հանվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն այն դեպքում, երբ այդ պաշտոնը ստանձնելու հերթը Հայաստանի ներկայացուցչինն է։

Ապրիլյան պատերազմը Հայաստանում համընդհանուր հասարակական համախմբման և ճգնաժամը միասնաբար հաղթահարելու մեծ ալիք առաջ բերեց, և այդ ֆոնին ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Առաջին նախագահի նախաձեռնությամբ և նրա տանը կայացած հանդիպմանն անդրադարձել են բանակցային գործընթացում սպասվող զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը։ Մայիսին նման հանդիպում կայացավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջև։

«Սասնա ծռեր»․ չլուծված ճգնաժամ

Տարվա գլխավոր ներքաղաքական ու ներհասարակական ճգնաժամն անշուշտ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ «Սասնա ծռեր» խմբավորման զինված անդամների կողմից ոստիկանական զորամասի գրավումը և մինչև հուլիսի 31-ը տևած՝ իրավիճակի հանգուցալուծման ծանր ընթացքը իրավական, քաղաքական ու հասարակական հակադիր գնահատականների և դիրքորոշումների լայն ալիք առաջացրեց։ Իրավիճակն ավելի շիկացավ երկու ոստիկանի զոհվելու, զորամասի շրջակա փողոցներում ոստիկանության և զինված խմբավորմանն աջակցող ցուցարարների միջև բախումների, տարբեր քաղաքացիների և ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ ոստիկանության կողմից կիրառված բռնությունների փաստերով։

Հուլիսյան իրավիճակը սուր կերպով ընդգծեց, որ բաց են մնում ՊՊԾ գնդի գրավման կազմակերպիչների ներկայացմամբ դրա հիմնական պատճառների՝ երկրում քաղաքական ու սոցիալական արմատական փոփոխությունների, ինչպես նաև Արցախյան խնդրի կարգավորման շուրջ խնդիրները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սասնա ծռերի» հիմնականում դրական ընկալումը «դեղին քարտ» որակեց գործող իշխանությունների համար։ Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին, կոչ անելով «դատապարտել ահաբեկչության դրսևորումները», ընդգծեց, որ եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։

Կառավարության փոփոխությունը․ նոր դեմքեր, նոր սպասումներ

Հասարակության բևեռացվածության և դրա հետևանքով կարևորագույն հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ միասնականության բացակայությանը հղում տալով՝ սեպտեմբերի 8-ին հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը իր նախկին փորձառությունից հայտնի «դրայվով» աշխատելու և իրավիճակը բարելավելու որոշակի սպասումներ առաջ բերեց։ Նախևառաջ զգալի փոփոխություններ կրեց Կարապետյանի գլխավորած կառավարության կազմը, ապա ներկայացվեց նոր կառավարության ծրագիրը (Կ․ Կարապետյանի 100 օրվա վարչապետության ամփոփ պատկերին կարող եք ծանոթանալ այստեղ)։ Նոր կառավարության կազմի փոփոխությունների ամենաինտրիգային սպասումները կապված էին արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ․ արդյունքում «երկարակյաց լռակյաց» Էդվարդ Նալբանդյանը պահպանեց իր պաշտոնը, իսկ Սեյրան Օհանյանին ՊՆ պաշտոնում փոխարինեց Վիգեն Սարգսյանը։

Ռազմաքաղաքական խնդիրներ․ միացյալ զորախմբից մինչև ազգ-բանակ

Պաշտպանության նոր նախարարի անունը դեռևս հասցրել է զուգորդվել հիմնականում «ազգ-բանակ» գաղափարախոսության և «1000 դրամի» օրենք անունը ստացած աղմկահարույց նախաձեռնության հետ։ Վիգեն Սարգսյանը ՌԴ-ի իր պաշտոնակցի հետ նոյեմբերի 30-ին ստորագրեց նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը ՀՀ ինքնիշխանության սահմանափակման վերաբերյալ որոշակի հանրային մտավախություններ առաջացրեց։ Նախքան այդ՝ հունիսի 30-ին, ԱԺ կողմից վավերացվեց նաև ՀՀ և ՌԴ կողմից ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ևս ոչ միանշանակ ընդունվեց։

ՏԻՄ ընտրություններ և ներքաղաքական նոր դասավորումներ

Սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի շարք համայնքերում անցկացված ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ անցան նախորդ տարիներից եկող բոլոր «ավանդույթների» պահպանմամբ, իսկ դրանց հետ կապված փոփոխությունների նոր սպասումները միայն մասամբ իրականացան։ Արդյունքում, օրինակ, Նոր Կյանք գյուղում հաղթեց նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը, Ծաղկահովիտ համայնքում պարտվեց «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, իսկ Էջմիածնում կրակոցներով ու ծեծկռտուքով ուղեկցված ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետը։ ՏԻՄ ընտրությունների ամենամեծ ինտրիգը գրանցվեց Վանաձորում, որտեղ մանդատների մեծամասնություն չապահոված ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչը քաղաքապետ դարձավ ավագանու սկանդալային նիստի արդյունքում։

Քաղաքական տարին հետաքրքիր էր նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական ու ներկուսակցական նոր զարգացումներով, ինչպես նաև նոր Ընտրական օրենսգրքի ընդունմամբ։ Առավել ուշագրավ իրադարձություններից նշենք դեռևս փետրվարին ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև քաղաքական գործակցության համաձայնագրով փաստացի կոալիցիոն համագործակցության հաստատումը, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ստեղծումը, ՀՀԿ համագումարը, ՀԱԿ-ի համագումարը և Լևոն Տեր-Պետրոսյանի աղմկահարույց ելույթը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին հայտարարությունը, ինչպես նաև նոր Սահմանադրության համաձայն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի աշխատելու վերաբերյալ սպասողական ենթադրությունները, որոնք չսպառվեցին նաև անձամբ գործող նախագահի կողմից դրանք մեկնաբանելուց հետո։

Ֆրանցիսկոս պապ. տարվա ամենասպասված հյուրը

Անցնող տարվա ամենասպասված հյուրը թերևս Հռոմի Ֆրանցիսկոս պապն էր, որը «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով հունիսի 24-26-ը Հայաստանում էր: Պապի այցը հիշարժան է մի շարք խորհրդանշական ու տպավորիչ դրվագներով: Աշխարհում որպես բաց, անմիջական վարվելակերպով ու չկաղապարված մտածողությամբ ազդեցիկ գործիչ հայտնի Ֆրանցիսկոս պապի այցը նաև լայն քննարկումների առիթ դարձավ հոգևորականի և ընդհանրապես հանրային գործչի կերպարի ու ընկալումների վերաբերյալ:

Ֆրանցիսկոս պապը նաև ուշագրավ հայտարարություններ արեց Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների ու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Նախագահական պալատում ելույթ ունենալիս, շեղվելով նախապես պատրաստված «զգուշավոր դիվանագիտական» ելույթի տեքստից, Պապն ավելացրեց նաև «ցեղասպանություն» եզրույթը՝ վերահաստատելով մեկ տարի առաջ Վատիկանում արտահայտած իր հստակ դիրքորոշումը: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած էկումենիկ արարողության ժամանակ էլ ասաց. «Թող հայ և թուրք ժողովրդների հաշտության ուղին կրկին կյանքի կոչվի, և խաղաղություն հաստատվի Ղարաբաղում»: Իսկ արդեն Հայաստանից Հռոմ մեկնելիս ինքնաթիռում Ֆրանցիսկոս պապը նշեց. «Ադրբեջանցիներին կասեմ, որ մի կտոր հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում»։

«Ավրորա». տարվա գլոբալ նախաձեռնությունը

Համաշխարհային նախաձեռնությունների ասպարեզում Հայաստանը ներկայացնող ամենակարևոր իրադարձությունն անշուշտ «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակի շնորհման արարողությունն էր: Հայկական արմատներով գլոբալ մրցանակի տեսլականը յուրահատուկ է՝ ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում. շարժում, որի ակունքներում Հայոց ցեղասպանությունը վերապրածներին օգնության ձեռք մեկնած մարդասերներն են: Դասեր քաղել անցյալից, անդրադառնալ ներկային՝ մրցանակը շնորհելով ժամանակակից մարդասերներին, և երախտագիտության նախագծերի միջոցով կերտել լավ ապագա՝ սա է նախաձեռնության հիմնարար նպատակը: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը առաջին «Ավրորա»-ն շնորհվեց Բուրունդիում պատերազմների, սովի ու հիվանդությունների ճիրաններից մարդկային կյանքեր փրկող Մարգարիտ Բարանկիցեին: