10 հունվարի 2017 - 16:28 AMT
ՀՈԴՎԱԾ
Յուրաքանչյուրին` իր կինոն
2017-ի գլխավոր պրեմիերաների տասնյակը
Երկու շաբաթից Ամերիկյան կինոակադեմիան կհրապարակի «Օսկարի» հավակնորդների ցանկը` այդպիսով ամփոփելով 2016 թվականը: Բոլոր խոշոր ստուդիաներն արդեն հասցրել են ամրագրել 2017-ին էկրան բարձրացող իրենց նոր նախագծերի ամսաթվերը: Որոշ կինոֆիլմեր արդեն ավարտված են և վարձույթի են սպասում, մյուսների պարագայում նկարահանումների ամենաթեժ շրջանն է:

Ընդհանուր առմամբ 2017-ին հարյուրավոր ֆիլմեր էկրան կբարձրանան: Ուսումնասիրելով ցանկը` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 2017-ի գլխավոր պրեմիերաների տասնյակը:

«Լռություն» (օրիգ. անվ.` Silence)

Ռեժիսոր` Մարտին Սկորսեզե

Համաշխարհային պրեմիերան` հունվարի 26-ին

17-րդ դարում 2 ճիզվիտ է ժամանում օտարերկրացիների համար փակ Ճապոնիա` ուսուցչին որոնելու: Ծագող արևի երկրում իշխում է սեգունատ Տոկուգավան, որն արգելել է կաթոլիկությունը: Իշխանությունները ցանկանում են մաքրել երկիրը օտար կրոնի ազդեցությունից և հալածում են ճապոնացի քրիստոնյաներին: Մեծն Մարտին Սկորսեզեն մեծ է առաջին հերթին նրանով, որ կարողանում է ֆիլմեր նկարահանել բարդ գլոբալ թեմաներով` ուշադրության կենտրոնում պահելով մարդուն և նրա փոխհարաբերություններն աշխարհի հետ: Հիանալի դերասանական կազմ հավաքելով` վարպետն էկրանավորել է հայտնի ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի համանուն վեպը: Դատելով տեսանյութերից` կինոսերներին էպիկական մասշատբի կտավ է սպասում:

«Տ2. Թրեյնսփոթթինգ» (օրիգ. անվ.` T2: Trainspotting)

Ռեժիսոր` Դեննի Բոյլ

Համաշխարհային պրեմիերան` փետրվարի 2-ին

«Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի հեղինակ, բրիտանացի ռեժիսոր Դեննի Բոյլը 1996-ին էկրանավորել է Իրվին Ուելշի «Ասեղի վրա» հայտնի վեպը: Ֆիլմն անմիջապես պաշտամունքային դարձավ և լավագույն բրիտանական ֆիլմը ճանաչվեց վերջին 60 տարում: Շարունակությունը նկարահանելու գաղափարը Բոյլը փայփայում էր վերջին 2 տասնամյակում, և ահա այն իրականություն դարձավ: Հավաքագրված է օրիգինալ ֆիլմի դերասանական կազմը և, հաշվի առնելով ռեժիսորի վարպետությունը, կարելի է վստահ ասել, որ դա անմոռանալի գործ է լինելու:

«Առողջության դեղը» (օրիգ. անվ.` A Cure for Wellness)

Ռեժիսոր` Գոռ Վերբինսկի

Համաշխարհային պրեմիերան` փետրվարի 16-ին

Տաղանդավոր ռեժիսոր Գոռ Վերբինսկին հայտնի է առաջին հերթին իր «Կարիբյան ծովի ծովահենները» եռապատումով, որի 5-րդ մասը էկրան կբարձրանա 2017-ին: Սակայն, տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում. 2002-ին Վերբինսկին զարմացրեց կինոհանդիսատեսին ճապոնական «Զանգը» սարսափ ֆիլմի հաջող ռեմեյքով, քանի որ նրան հաջողվեց տարիքային «մանկական» վարկանիշի շրջանակում բավականին սարսափելի կինո նկարահանել: Այժմ հեղինակը վերադառնում է ակունքներին` «Առողջության դեղը» հոգեբանական թրիլերը ոչ պակաս սարսափելի տեսարաններ է խոստանում:

«Լոգան» (օրիգ. անվ.` Logan)

Ռեժիսոր` Ջեյմս Մենգոլդ

Համաշխարհային պրեմիերան` մարտի 2-ին

Ռոսոմախայի (Իքս մարդկանց թիմի անդամներից մեկը) մասին առանձին ֆիլմերի հանդեպ պրոդյուսերների վերաբերմունքը միանշանակ չէ: Շարքի առաջին ֆիլմը արժանացավ քննադատների և կինոդիտողի ջախջախիչ քննադատության, իսկ երկրորդը, որի գործողությունները ծավալվում են Ճապոնիայում, բավականին սառը ընդունվեց: Միևնույն ժամանակ Հյու Ջեքմանը հայտարարել է, որ այլևս չի կատարի Լոգանի դերը, ուստի երրորդ ֆիլմը կարելի է համարել ստուդիայի վերջին շանսը: Տարեց Ռոսոմախայի պատմությունը ներկայացված է բավականին մռայլ գույներով, առանց մեծ ծավալի, ինչը վկայում է, որ հեղինակները հաշվի են առել իրենց նախկին սխալներին:

«Քոնգ. Գանգի կղզին» (օրիգ. անվ.` Kong: Skull Island)

Ռեժիսոր` Ջորդան Վոտ Ռոբերտս

Համաշխարհային պրեմիերան` մարտի 9-ին

Universal ստուդիայի ընդերքում վաղուց էր հասունացել Փիթեր Ջեքսոնի աղմուկ հանած բլոկբասթերի շարունակությունը նկարահանելու գաղափարը, սակայն միայն 2016-ին նախագծին կանաչ լույս տրվեց: Երիտասարդ և տաղանդավոր Վոտ Ռոբերտսը որոշել է վերաիմաստավորել օրիգինալ ստեղծագործությունը` որպես հիմք ընդունելով 1976-ի ֆիլմը: «Գանգի կղզիում» իրադարձությունները ծավալվում են հենց այդ պատմական շրջանում, ահա թե ինչու որոշ տեսարաններ ոչ թե հսկայական գորիլայի մասնակցությամբ ֆանտաստիկա են հիշեցնում, այլ Վիետնամի պատերազմի մասին պատմող ֆիլմ: Եթե ֆիլմը հաջող լինի, իր հերթին է սպասում «Գոձիլան ընդդեմ Քինգ Քոնգի» ֆիլմը:

«Գալակտիկայի պաշտպանները. Մաս 2» (օրիգ. անվ.` Guardians of the Galaxy Vol. 2)

Ռեժիսոր` Ջեյմս Հանն

Համաշխարհային պրեմիերան` մայիսի 4-ին

15-րդ ֆիլմը Marvel կինոտիեզերքում խելահեղ, և միաժամանակ, չափազանց ծիծաղելի պատմություն է խոստանում: Չէ որ, ինչպես առաջին ֆիլմի դեպքում, այս անգամ ևս ղեկի մոտ է Ջեյմս Հաննը, որը հիանալի է կարողանում աշխատել գրական սկզբնաղբյուրի հետ: Առաջին ֆիլմի ավարտից երկու ամիս անց, Գալակտիկայի պաշտպանները շարունակում են ճամփորդել տիեզերքով և պայքարել նոր գտած ընտանիքի համար` միաժամանակ օգնելով գլխավոր հերոս Փիթեր Քվիլլին (Աստղային լորդ) ավելին իմանալ իր իրական ծագման մասին:

«Օտարը. Պատգամ» (օրիգ. անվ.` Alien: Covenant)

Ռեժիսոր` Ռիդլի Սքոթ

Համաշխարհային պրեմիերան` մայիսի 19-ին

«Վազիր»` սա է Ռիդլի Սքոթի նոր տիեզերական հորրորի կարգախոսը: Ոչ միանշանակ «Պրոմեթևսից» հետո լեգենդար ռեժիսորը որոշել է կանգ չառնել ձեռք բերվածի վրա և նկարահանել է, իր իսկ խոսքերով, վերջին տարիների ամենաարյունոտ ու ահասարսուռ ֆիլմերից մեկը: Դատելով թրեյլերից` դա նրան հաջողվել է: Ի վերջո, նոր ֆիլմում, ի տարբերություն առաջինի, կրկին կհայտնվի ֆիլմաշարի գլխավոր կերպարը` օտարականը:

«Դյունկերկ» (օրիգ. անվ.` Dunkirk)

Ռեժիսոր` Քրիստոֆեր Նոլան

Համաշխարհային պրեմիերան` հուլիսի 20-ին

«Սզկբի» և «Մութ ասպետի» հեղինակ Քրիսթոֆեր Նոլանը փորձում է ուժերը իրեն ոչ հատուկ ռազմական դրամայի ժանրում: Լայնածավալ ու հավակնոտ «Դյունկերկի» գործողությունները ծավալվում են 1940-ականներին Ֆրանսիայում: Ֆիլմը կպատմի ավելի քան 300 000 անգլիացի, բելգիացի և ֆրանսիացի զինվորների փրկության մասին Դյունկերկի գործողության ժամանակ, որը ստացել է «Դինամո» գործողություն անվանումը և տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում:

«Սայրով վազողը 2049» (օրիգ. անվ.` Blade Runner 2049)

Ռեժիսոր` Դենի Վիլնյով

Համաշխարհային պրեմիերան` հոկտեմբերի 5-ին

Հավանաբար, սա վերջին տասնամյակների ամենասպասված պրեմիերանից մեկն է: 1982թ. պաշտամունքային դարձած կինոֆիլմի անմիջական շարունակությունը պահպանել է օրիգինալի ոճը, որը դարձավ կիբերպանկ ժանրի հիմնադիրը կինեմատոգրաֆում: «Սայրով վազողի» հեղինակ Ռիդլի Սքոթը զիջել է ռեժիսորի տեղը տաղանդավոր կանադացի Դենի Վիլնյովին, որի հաշվին արդեն 6 հիանալի կինոնկար կա: Ուստի, հավանաբար, առաջին ֆիլմի երկրպագուները գոհ կլինեն շարունակությունից:

«Աստղային պատերազմներ. Էպիզոդ VIII» (օրիգ. անվ.` Star Wars. Episode VIII)

Ռեժիսոր` Ռայան Ջոնսոն

Համաշխարհային պրեմիերան` դեկտեմբերի 14-ին

Հայտնի սագայի 8-րդ մասը կշարունակի Ռեյ անունով աղջկա պատմությունը, որն առաջին անգամ էկրաններին հայտնվեց 2015-ին «Ուժն արթնանում է» ֆիլմում: «Ժամանակի օղակի» հեղինակ Ռայան Ջոնսոնը բազմիցս է հայտարարել, որ կինոաշխարհի մեծ երկրպագուն է և որ հաշվի կառնվեն բոլոր թերությունները, որոնք ի հայտ եկան 7-րդ մասում: Անկասկած, մեզ հերթական գրավիչ արկածն է սպասում, գլխավորն այն է, որ 8-րդ ֆիլմը հին եռապատումի ազատ ռեմեյքը չէ, ինչպես դա տեղի ունեցավ «Ուժն արթնանում է» ֆիլմի դեպքում:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net