22 փետրվարի 2017 - 11:23 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայերն ու Կարմիր մոլորակը
Մարսի ուսումասիրության մեջ մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցները
Այսօր ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում է NASA-ի «արտակարգ» մամուլի ասուլիսին, որի ընթացքում խոստացվել են մեծ բացահայտումներ՝ կապված Արեգակնային համակարգից դուրս մոլորակների ուսումնասիրության հետ: Միաժամանակ, ամերիկյան աէրոտիեզերական գործակալության սարքերը շարունակում են հետազոտությունները մեր հարազատ համակարգում՝ առանձնակի կենտրոնանալով Մարսի վրա:

Կարմիր մոլորակի ուսումնասիրությունները երկար տարիների պատմություն ունեն՝ կապված խոշոր հաջողությունների ու կորուստների հետ: Այս ընթացքում բազմաթիվ հայազգի գիտնականներ ու ինժեներներ իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել «երկրորդ Երկրի» գաղտնիքները հասկանալու գործում: Բնականաբար, նրանց բոլորի մասին խոսել գրեթե անհնար է, այդ իսկ պատճառով PanARMENIAN.Net-ն ընտրել է «հայ մարսեցիներից» մի քանիսին:

Ալիս Ջերահյան

NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի թռիչքային համակարգերի ու օգտակար բեռնվածությունների հետազոտության ուղղությամբ առաջատար ինժեներ, ով աշխատում է Պասադենայում՝ Կալիֆորնիա: Ալիսը ծնվել է Բաղդադում ու մեծացել Քուվեյթի Էլ Քուվեյթ քաղաքում: Սկսելով աշխատանքը Ռեակտիվ շարժման լաբորատորիայում՝ Ջերահյանը հետազոտել է Mars Observer նախագծի շարժչակազմի թեստային համակարգը, մշակել «Կասինի», «Գալիլեո», «Վոյաջեր» առաքելությունների տեխնիկական փաստաթղթավորումը, ինչպես նաև մասնակցել Mars Odyssey առաքելությանը, կրկին, որպես թռիչքային համակարգերի գծով ինժեներ:

Զարեհ Գորջիյան

Զարեհը սկսել է աշխատել Ռեակտիվ շարժման լաբորատորիայում 1990թ-ից՝ մասնակցելով բազմաթիվ առաքելությունների կյանքի կոչմանը: Համակարգչային գիտությունների մասնագետը մշակում է անիմացիաներ առաքելությունների համար՝ համակարգչով մոդելավորելով տարբեր իրավիճակներ ու տեխնիկական առանձնահատկություններ, որոնց նախնական ուսումնասիրությունը խիստ կարևոր է առաքելության հաջող կյանքի կոչելու համար:

Արբի Կարապետյան

Կարապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Մարսի վրա ներկայումս աշխատող Curiosity հռչակավոր մարսագնացի առաքելության իրականացման գործում՝ տեխնիկական միջոցների մշակման փուլում: Նոր տեխնոլոգիաների ու մոռեդնիզացման ներդրման ոլորտի պիոներներից է, որոնք թույլ են տվել առավել արդյունավետ դարձնել մեթոդներն ու պրոցեսները, ինչը վերոնշյալ առաքելության հաջողության գլխավոր գրավականն էր: Սեփական խոսքերով՝ հավատում է այն գաղափարին, որ ցանկացած կազմակերպության կարևորագույն ձեռքբերումը մարդիկ են, իսկ հաջողության միակ գրավականը մոտիվացված մարդկանց կողմից անընդհատ ինովացիոն մտածելակերպ դրսևորելն է:

Ավո Մ. Դեմիրճյան

Նախկինում՝ NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից մշակվող նախագծերի տարբեր էլեմենտների մշակման ղեկավար ու կառավարիչ: Հաշվի առնելով այն, որ խոշորագույն այս լաբորատորիան զբաղվում է NASA-ի համար անօդաչու տիեզերանավերի ստեղծմամբ ու սպասարկմամբ, դժվար է թերագնահատել Դեմիրճյանի դերը իրականացված բազում առաքելությունները կյանքի կոչելու գործում:

Գարեն Խանոյան

Գարենը ևս մասնակցել է Curiosity առաքելությանը՝ ավտոնոմ վայրէջքի ու վտանգներից խուսափելու տեխնոլոգիաների մշակման ու իրականացման առումով: Նա համակարգային ինժեներ է, ինչպես նաև դաշտային փորձնական թռիչքներ պլանավորող ու վտանգների հայտնաբերման և կանխարգելման համակարգերի մշակման մասնագետ: Կարմիր մոլորակի հետ կապված ցանկացած առաքելություն սկսվում է հաջող վայրէջքից, հետևաբար, Խանոյանն ու իր գործընկերները կանգնած են Curiosity-ի հիմքերում:

Կարդացեք նաև՝Ժամանակակից հայ գիտնականների ոչ ստանդարտ լուծումները համաշխարհային գիտության մեջ

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net