23 փետրվարի 2017 - 13:01 AMT
ՀՈԴՎԱԾ
Ողջույն, մենք այստեղ ենք
NASA-ի «սենսացիոն» հայտնագործությունն ու դրա հետևանքները
Նախորդ տարվա օգոստոսին աստղագետների խումբը նշանակալից հայտնագործություն էր կատարել․ Արեգակին ամենամոտ աստղի՝ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ հայտնաբերվեց Proxima b անունը ստացած էկզոմոլորակը, որը ոչ միայն երկրանման է, այլև տեղակայված է, այսպես կոչված, բնակելիության գոտում։ Մոլորակն ամբողջական պտույտն աստղի՝ կարմիր թզուկի շուրջ կատարում է 11,2 օրում, իսկ այդ երկնային մարմնի նվազագույն զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 1,27-ը։

Ավելի մանրամասն Proxima b-ի մասին կարող եք կարդալ մեր համապատասխան հոդվածում։ Էկզոմոլորակների (այսպես են կոչվում այն մոլորակները, որոնք Արեգակնային համակարգի մաս չեն հանդիսանում, պտտվում են այլ աստղերի շուրջ, կամ ընդհանրապես զուրկ են աստղերից) որոնումները շարունակվում են․ արդեն իսկ հայտնաբերվել են հազարավոր այդպիսի մարմիններ։ Սակայն փետրվարի 22-ի NASA-ի հրավիրած «արտակարգ» մամուլի ասուլիսն ու արված հայտարարությունները իրապես կրում էին սենսացիոն բնույթ։ PanARMENIAN․Net-ը ներկայացնում է նոր հայտնագործությունն ու դրա հետևանքները։

Ի՞նչ է հայտնաբերվել

Երեկ աստղագետները հաստատեցին Երկրից մոտ 40 (իրականում՝ 39) լուսատարի հեռավորության վրա գտնվող աստղի շուրջ պտտվող 7 էկզոմոլորակների առկայությունը։ Բոլոր օբյեկտները չափերով մոտ են Երկրին, իսկ երեքի մակերևույթին կարող է լինել հեղուկ ջուր։ Հեղուկ ջրի առկայությունն, ինքնին, ժամանակակից գիտական պատկերացումների տեսանկյունից հնարավոր կյանքի առաջացման գլխավոր պայմաններից մեկն է։

Վերևում՝ TRAPPIST-1-ի մոլորակներն են, ներքևում՝ Արեգակնային համակարգի (նկարչի պատկերացմամբ)

Գիտնականների կողմից հաստատված էկզոմոլորակները պտտվում են TRAPPIST-1 անունը ստացած կարմիր թզուկի շուրջ՝ Ջրհոսի համաստեղությունում։ Համաձայն աստղերի դասակարգման Հերցշպրուտ-Ռասելի դիագրամի, կարմիր թզուկն իրենից ներկայացնում է փոքր ու համեմատաբար սառը աստղ։ TRAPPIST-1-ի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է մոտ 2550 կելվին (մոտ 2277 աստիճան Ցելսիսուսով), իսկ զանգվածը կազմում է մեր Արեգակի զանգվածի ընդամենը 0,08-ը։ Աստղը պատկանում է M8V սպեկտրալ դասին, իսկ լուսատվությունը հասնում է Արեգակի լուսատվության ընդամենը 0,05 տոկոսին։

TRAPPIST-1 ասղտի պատկերը մոլորակներից մեկից (նկարչի պատկերացմամբ)

Հայտնաբերված յոթ մոլորակները, աստղագիտությունում ընդունված դասակարգման համաձայն, ստացել են TRAPPIST-1b, c, d, e, f, g ու h անվանումները։ Կարևորագույնն այստեղ այն է, որ դրանք, հետազոտողների գնահատմամբ, Երկրի չափերին մոտ չափեր ունեն, իսկ մոլորակների շառավիղը տատանվում է երկրայինի 1,19-ից 0,76-ի միջակայքում։ Դրանցից ամենամոտը՝ TRAPPIST-1b մոլորակը, մայրական աստղից հեռու է ընդամենը 0,011 աստղագիտական միավորով (մեկ աստղագիտական միավորը կազմում է մոտ 150 միլիոն կիլոմետր) ու մեկ պտույտն աստղի շուրջ կատարում է 1,51 օրում։ Ամենահեռավոր աստղը՝ TRAPPIST-1h, հավանաբար մեկ ամբողջական պտույտն աստղի շուրջ կատարում է 20 օրում ու հեռու է նրանից 0,06 աստղագիտական միավորով, սակայն այս մոլորակի ուղեծրային պարամետրերը դեռ պետք է հաստատվեն։

Հետազոտողների գնահատականով, յոթ մոլորակներից նվազագույնը վեցը ենթադրաբար ունեն քարքարոտ կազմ։ Բացի այդ, դրանցից երեքի՝ (TRAPPIST-1c, d ու f) մակերևույթները ստանում են մոտվորապես նույնքան էներգիա, որքան, համապատասխանաբար, Վեներան, Երկիրն ու Մարսը։

Չնայած նրան, որ, հետազոտողների խոսքով, բոլոր յոթ էկզոմոլորակների վրա, զուտ հիպոթետիկ, կարող է գոյություն ունենալ ջուր հեղուկ վիճակում, երկնային մարմիններից որոշներն ունեն դրա համար ավելի անհարմար պայմաններ։ Այսպես, կլիմատիկ մոդելները ցույց են տվել, որ դեռ նախորդ տարի հայտնաբերված TRAPPIST-1b, c ու d մոլորակները, հավանաբար, չափազանց տաք են, հետևաբար՝ նրանց մակերևույթին ջուրը ուղղակի կգոլորշիանա։ Ամենահեռավոր մոլորակն էլ աստղից չափազանց հեռու է ու սառը, ջուրն այնտեղ հեղուկ վիճակում չի կարող մնալ, այլ բյուրեղանալու է։ Ու միայն TRAPPIST-1c, d ու f մոլորակներն են մնում առավել իրատեսական թեկնածու հեղուկ ջրի առկայության առումով։

Ինչպե՞ս է հայտնաբերվել

Բոլոր օբյեկտները գրանցվել են վերերկրային ու տիեզերական աստղադիտակներով, որոնց թվում են Շատ Մեծ Ատղադիտակը (Very Large Telescope, գտնվում է Չիլիում, կառավարվում է Եվրոպական Հարավային Աստղադիտարանի կողմից) ու NASA-ի կողմից դեռ 2003-ին տիեզերք ուղարկված Spitzer տիեզերական աստղադիտակը։

Դիտարկումն իրականացվել է տրանզիտային մեթոդով, երբ մոլորակն անցնում է դիտարկողի ու մայրական աստղի միջև՝ ազդելով աստղի պարամետրերի վրա։ Տրանզիտային մեթոդը նաև թույլ է տվել իմանալ մոլորակների չափերը, կազմն ու ուղեծիրը։

Ի՞նչ է դա տալիս

Մինչ այժմ հայտնաբերված էկզոմոլորակների գերակշիռ մեծամասնությունը գազային հսկաներ են, որոնց վրա հեղուկ ջրի առկայությունն անհնար է։ Երկրատիպ քարե մոլորակներ հայտնաբերվում են բավականին հազվադեպ, իսկ TRAPPIST-1-ի կազմում միանգամից յոթ նման մարմինների առկայությունը վկայում է, որ այս տեսակի մոլորակները բավականին տարածված երևույթ են։

Ջեյմս Ուեբբի աստղադիտակը

Բացի այդ, հայտնագործությունը դարձնում է TRAPPIST-1-ը ապագա հետազոտությունների համար գերակա նպատակ։ Եվրոպական տիեզերական գործակալությունն արդեն NASA-ի հետ համատեղ փնտրում է մոլորակների մթնոլորտը «Հաբլ» ուղեծրային աստղադիտակի միջոցով։ Հաջորդ սերնդի աստղադիտակների շնորհիվ (ինչպիսիք են ԵՏԳ-ի Եվրոպական Չափազանց Մեծ Աստղադիտակն ու Ջեյմս Ուեբի ուղեծրային աստղադիտակը) հնարավոր կլինի այդ մոլորակների վրա փնտրել հեղուկ ջրի, իսկ, գուցե նաև, օրգանական կյանքի առկայության հետքեր։

Վերջում՝ մի փոքր հումոր

Մեկ լուսատարի հեռավորությունը (հեռավորությունը, որ հաղթահարում է լույսը մեկ տարում) կազմում է մոտ 9 տրիլիոն 461 միլիարդ կիլոմետր։ Այդ դեպքում 39 լուսատարին կազմում է մոտ 369 տրիլիոն կիլոմետր, իսկ դա սարսափելի մեծ հեռավորություն է։ Այդուհանդերձ, եթե TRAPPIST-1-ի մոլորակների մեկում կան բանական արարածներ, ապա ներկայումս նրանք ստանում են մեր կողմից 39 տարի առաջ` 1978թ-ին ուղարկված ազդանշանները։

Օրինակ, նրանք տեսնում են, թե ինչպես Ժնևում ավարտվեցին ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև բանակցությունները՝ ստրատեգիական զինատեսակների սահմանափակման շուրջ, հետևում Իրանում իսլամական հեղափոխության ընթացքին։ Երաժշտության բնագավառում նրանք ականատես են դառնում հայկական լեգենդար Bambir խմբի ձևավորմանը, ինչպես նաև՝ Մոսկվայում Boney M խմբի համերգին։ Իսկ կինեմատոգրաֆում ներկա կարող են դառնալ Ռիչարդ Դոների «Սուպերմենի» ու Ալան Պարկերի «Կեսգիշերային ճեպընթաց»-ի պրեմիերաներին։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net