1 մարտի 2017 - 12:40 AMT
ՀՈԴՎԱԾ
Մենք եկել ենք խաղաղությամբ
Երկրի բնական արբանյակի նվաճման վեց կարևորագույն քայլը
Օրերս տիեզերական թռիչքներ իրականացնող SpaceX ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարեց, որ 2018թ-ին իրենք պատրաստ կլինեն դեպի Լուսին ուղարկել երկու զբոսաշրջիկ։ Նախատեսվում է, որ թռիչքը կտևի մոտ մեկ շաբաթ, իսկ Dragon-2 տիեզերանավը, որի միջոցով կկայանա ուղևորությունը, պտտվելու է Երկրի բնական արբանյակի շուրջ ու վերադառնա՝ առանց վայրէջք կատարելու։

Լուսինը միակ տիեզերական մարմինն է Երկրից բացի, որտեղ երբևիցե հայտնվել է մարդ արարածը։ Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ միջև ընթացող, այսպես կոչված, «տիեզերական մրցավազքը» նախորդ դարի 60-70-ականներին կենտրոնացած էր հենց Լուսնի վրա։ Բազմաբնույթ ուղեծրային ու մակերևութային սարքերից բացի գիտնականներին հաջողվեց Լուսին ուղարկել նաև տիեզերագնացների․ մարդկության պատմության մեջ իրականացվել է ընդամենը վեց հաջողված առաքելություն՝ բոլորը լի վտանգներով ու բազում խնդիրներով։ Ու քանի որ տիեզերքի ուսումնասիրությունն աստիճանաբար թևակոխում է նոր փուլ, որի ընթացքում ուրիշ մոլորակներ այցելելու հնարավորություն կունենան ոչ միայն տիեզերագնացներն, այլև սովորական մարդիկ, PanARMENIAN.Net-ը ներկայացնում է թվով վեց բեկումնային իրադարձություններ, որոնց շնորհիվ ներկայումս դա հնարավոր է դառնում։

Apollo 11, 1969թ-ի հուլիսի 21

«Մեկ փոքր քայլ մարդու համար, սակայն ահռելի թռիչք մարդկության համար»։ Այս խոսքերն արտահայտեց Apollo 11 տիեզերանավի հրամանատար Նիլ Արմսթրոնգն՝ առաջին մարդն, ով ոտք դրեց Լուսնի վրա։ Լուսնային մոդուլը վայրէջք էր կատարել Խաղաղության ծով կոչվող տարածքի հարավ-արևմտյան հատվածում՝ Լուսնի մակերույթին մնալով 21 ժամ 36 րոպե 21 վայրկյան։

Հիշատակի թիթեղը՝ լուսնային մոդուլի վայրէջքի աստիճանի հիմքերից մեկին ամրացված

Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինն ընդամենը մեկ անգամ դուրս եկան մոդուլից․ շրջագայությունը տևեց 2 ժամ 31 րոպե 40 վայրկյան։ Նրանք վայրէջքի տեղում թողեցին ԱՄՆ դրոշը, գիտական սարքերի միջոցով հավաքեցին լուսնային գրունտի նմուշներ (21.55 կգ), ինչպես նաև տեղադրեցին հիշատակի մետաղական թիթեղ, որի վրա պատկերված էին Երկրի երկու կիսագնդերը՝ օվկիանոսներով ու մայրցամաքներով՝ առանց պետական սահմանների, իսկ ներքևի հատվածում գրված էր․ «Այստեղ Երկիր մոլորակի մարդիկ առաջին անգամ ոտք դրեցին Լուսնի վրա։ Մեր թվարկության 1969թ-ի հուլիս։ Մենք եկել ենք խաղաղությամբ ողջ մարդկության անունից»։

Apollo 12, 1969թ-ի նոյեմբերի 19

Որոշելով կրկնել հաջողությունը՝ մի քանի ամիս անց NASA-ն Լուսին ուղարկեց տիեզերագնացների երկրորդ խումբը Չարլզ Կոնրադի գլխավորությամբ։ Առաջինը մակերևույթ իջավ հենց Կոնրադը, ու, հիշելով Նիլ Արմսթրոնգի խոսքերն ու հաշվի առնելով սեփական կարճ հասակը, հայտարարեց․ «Գուցե Նիլի համար քայլը փոքր էր, բայց ինձ համար այն մեծ էր»։

Չարլզ Կոնրադը դուրս է գալիս լուսնային մոդուլից

Եւս մեկ քայլ անելուց հետո, ի նկատի ունենալով լուսնային մակերևույթը, Կոնրադն ասաց․ «Օ, այն փափուկ ու նուրբ է»։ Տիեզերագնացները երկու անգամ դուրս եկան մակերևույթ, մի շարք խնդիրների պատճառով կորցրին մոտ 6 կգ լուսնային գրունտ, ինչպես նաև ֆոտոժապավեններից մեկը։

Apollo 14, 1971թ-ի փետրվարի 9

Apollo 13-ի թռիչքն ավարտվեց անհաջողությամբ․ տիեզերագնացները կարողացան փրկվել միայն սեփական հնարամտության շնորհիվ։ Հաջորդ թռիչքը ղեկավարում էր Ալան Շեպարդը, նպատակն էր՝ վայրէջքից հետո հետազոտություններ իրականացնել ավելի լայն սպեկտրով, քան Apollo 12-ի դեպքում էր։

Շեպարդն ԱՄՆ դրոշի մոտ

Առաջինը մակերևույթին ոտք դրեց Շեպարդը՝ ասելով․ «Սա երկար ճանապարհ էր, բայց հիմա մենք այստեղ ենք»։ Առաջին ելքի ընթացքում տեղադրվեցին սարքավորումները ու հավաքվեցին անհրաժեշտ նմուշները, սակայն երկրորդ ելքը, որի ընթացքում նախատեսվում էր նմուշներ հավաքել Քոունի խառնարանից, առաջացավ խնդիր Շեպարդի սաղավարտի հետ։ Տիեզերագնացները՝ Շեպարդն ու Էդգար Միտչելը ստիպված վերադարձան լուսնային մոդուլի մոտ։ Մինչև ներս մտնելը՝ Շեպարդը գրպանից հանեց գոլֆի երեք գնդակ ու, օգտագործելով գործիքներից մեկը, երեք հարված կատարեց։ Միտչելն, իր հերթին, որպես նիզակ նետեց 1,5 մետրանոց երկաթյա ձողը։

Apollo 15, 1971թ-ի օգոստոսի 7

Ամենահաջողված արշավներից մեկը։ Հրամանատար Դեյվիդ Սքոթն ու լուսնային մոդուլը կառավարող Ջեյմս Իրվինը Լուսնի վրա անցկացրին գրեթե երեք օր՝ երեք անգամ դուրս գալով մակերևույթ (18 ժամ 30 րոպե տևողությամբ)։ Այս առաքելության ընթացքում Լուսնի վրա առաջին անգամ օգտագործվեց լուսնային ավտոմեքենան, որով տիեզերագնացներն անցան մոտ 27,9 կմ։

Տիեզերագնացները լուսնային ավտոմեքենայի մոտ

Առաքելության ընթացքում հավաքվեց ու Երկիր տեղափոխվեց լուսնային գրունտի նմուշ մոտ 77 կգ չափով։ Մասնագետներն այն անվանեցին Apollo ծրագրի ընթացքում ամենափայլուն ու հաջողված արշավը։ Բացի այդ, տիեզերանավն առաջին անգամ Լուսին հասցրեց ոչ մեծ արհեստական արբանյակ, իսկ Երկիր վերադառնալու ճանապարհին Ալֆրեդ Ուորդենն առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկավ միջմոլորակային տարածքում։

Apollo 16, 1972թ-ի ապրիլի 27

Այս առաքելությունը նույնիսկ ավելի հաջողված էր, քան նախորդը։ Ջոն Յանգի գլխավորած արշավախումբը վայրէջք կատարեց լեռնային հատվածում՝ Դեկարտ խառնարանից ոչ հեռու՝ կենտրոնանալով գիտական հետազոտությունների վրա։ Կրկին տիեզերագնացներն օգտվում էին լուսնային ավտոմեքենայից, որով անցան 26,9 կմ՝ սահմանելով Լուսնի վրա շարժման արագության ռեկորդ՝ 18 կմ/ժամ։

Երկրի լուսանկարն՝ արված Apollo 16-ի թռիչքի ժամանակ

Ընդհանուր առմամբ, Ջոն Յանգը և լուսնային մոդուլը կառավարող Չարլզ Դյուկը Երկրի արհեստական արբանյակի վրա անցկացրին 71 ժամ՝ երեք անգամ դուրս գալով մակերևույթ (20 ժամ 14 րոպե տևողությամբ)։ Հավաքվեց ու Երկիր բերվեց լուսնային գրունտի նմուշներ՝ 95,7 կգ զանգվածով։

Apollo 17, 1972թ-ի դեկտեմբերի 19

Վերջին առաքելությունը դեպի Լուսին մարդկանց մասնակցությամբ։ 38-ամյա հրամանատար Յուջին Սերնանի գլխավորած անձնակազմում առաջին անգամ ներառվել էր նաև պրոֆեսիոնալ գիտնական, երկրաբան Հարիսոն Շմիտը։

Յուջին Սերնանն ու վայրէջքի մոդուլի կառավարող Ռոնալդ Էվանսը

Մոդուլը վայրէջք կատարեց Տաուրուս – Լիտրով հարթավայրում։ Տիեզերագնացները Լուսնի վրա մնացին երեք օրից ավելի՝ 74 ժամ 59 րոպե 40 վայրկյան, երեք անգամ դուրս գալով մակերևույթ (22 ժամ 3 րոպե 57 վայրկյան տևողությամբ): Նրանց հաջողվեց հավաքել ու Երկիր բերել 110,5 կգ զանգվածով լուսնային գրունտի նմուշներ։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net