1 մարտի 2017 - 14:48 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
«Գիշերը պիցցա բերեցին, պարզվեց՝ «Հաց բերողի» ընկերն էր»
Ովքեր են նստացույց անում Արթուր Սարգսյանի համար
Ազատության հրապարակում նստացույց է՝ «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով: PAN-ը զրուցել է երևանյան ցուրտ գիշերները Արթուր Սարգսյանի ազատության համար փողոցում լուսացնող ցուցարարների հետ:

Մարտի լույս 1-ի գիշերն Ազատության հրապարակում անցկացրեց 16 մարդ, մեծ մասը՝ ուսանողներ և աշակերտներ:

16-ամյա Նարեկ Ստեփանյանը հարցին՝ ինչու է որոշել միանալ ցուցարարներին, ասում է. «Անհնար է չգնահատել Արթուրի քայլը, անարդար է, որ նրան ձերբակալել են»:

«Ծնողներս, իհարկե, դեմ են, որ այստեղ եմ, - խոստովանում է նա, - բայց այդպես որոշեցի»:

Ցուցարարների թվում են «Սասնա ծռերի» անդամ, հուլիսի լույս 26-ի գիշերը վիրավորված Հովհաննես Հարությունյանի քույրերը՝Հասմիկն ու Թամարհան:

«Մեր գլխավոր պահանջն Արթուրին անհապաղ ազատ արձակելն է: Նա վիրավորվել է դեռ Արցախյան ազատամարտի ընթացքում, հիվանդ է: Արթուրին ձերբակալելու իրավունք, առհասարակ, չունեին՝ պայմանները, որոնցում նա գտնվում է, իրեն հակացուցված են», - ասում է Թամարան: «Մենք գնացինք այդ քայլի, քանի որ ուրիշ ելք չունեինք»:

Հասմիկ Հարությունյանը 32 տարեկան է, ամուսնացած է, 3 երեխա ունի: Նա հունվարին է վերադարձել Մոսկվայից՝ հեռու մնալ չէր կարող:

«Ինձ այն մտքի վրա բռնեցրի, որ ընտանիքիս սկսել եմ քիչ ուշադրություն դարձնել, երեխաներով քիչ եմ զբաղվում, տան գործերը չէի կարողանում անել... բոլոր մտքերս այստեղ էին. շատ անարդար է: Եվ վերադարձա, որ գոնե մի բանով օգնեմ»:

«Մենք շարունակելու ենք բողոքը, մինչև մեզ չլսեն, սկզբի համար՝ Արթուրին ազատ չարձակեն: Նրան հասցրել են մի վիճակի, որ ձերբակալված, վատառողջ լինելով, հացադուլ է անում: Չի կարելի հացից զրկել «Հաց բերողին», - ասում է Հասմիկը:

«Ի դեպ, գիշերը մեզ մի մարդ պիցցա բերեց: Մենք հարցրիք՝ ով է, պարզվեց՝ Արթուրի ընկերն է», - հավելում է նա:

Ցուցարարները պատմում են, որ անցորդները հետաքրքրվում են, ինչ են նրանք այնտեղ անում: Ոմանք անտարբեր անցնում են, ոմանք աջակցություն հայտնում, մի կին վերմակներ է բերել:

«Ցուրտ է, բայց ի՞նչ անենք: Գիշերը սրճարաններից մեկի աշխատակցին խնդրեցինք օգտվել էլեկտրականությունից ու տաքացուցիչ միացնել: Ոստիկանները մոտեցան ու ասացին՝ «հենց ձեզ չի կարելի»: Բայց ոչինչ, մենք չենք գնա, մինչև Արթուրին չազատեն», - նշում է Հասմիկը:

26-ամյա Տիգրան Բարսեղյանի խոսքով՝ մարտի լույս 1-ի գիշերը հրապարակում 16 մարդ է անցկացրել. «Ամեն դեպքում, մենք ամեն օրշատանում ենք», - նշում է նա:

Հարցը, թե արդյոք նստացույցն անելանելի վիճակից դրդված քայլ է, Տիգրանի մոտ վրդովմունք առաջացրեց:

«Եթե անելանելի վիճակ լիներ, այստեղ չէին լինի: Մենք համոզված ենք, որ Արթուրը պիտի ազատ արձակվի: Ու դա միայն սկիզբն է: Գլոբալ առումով, ուզում ենք ռեժիմի փոփոխություն, իշխանություն է պետք, որը կլսի ժողովրդի ձայնը: Իշխանություն, որը կանի ամեն ինչ, որ մարդիկ Հայաստանից չհեռանան, այստեղ մնան... Ուզում ենք, որ Հայաստանում հնարավոր լինի աշխատել ու ստացած աշխատավարձով ընտանիք պահել» - ասում է նա:

Տիգրանը շեշտում է, որ չէր կարող չգալ նստացույցի, քանի որ ՊՊԾ գնդի շուրջ ճգնաժամի օրերին «սեփական աչքերով տեսել է՝ ինչ էր կատարվում Խորենացի փողոցում»:

Ցուցարարները նստած են օպերային թատրոնի շենքի պատի տակ: Ոստիկանները պահանջել են նրանցից հավաքել պահանջներով պաստառները, իսկ փետրվարի 28-ին, առանց որևէ բացատրության, գրանցել բոլորի անուն-ազգանունները:

«Մենք անընդհատ ոստիկանների հսկողության տակ ենք: Նրանք պնդում են, որ դա «մեր անվտանգության համար է», - ասում է ցուցարարներից Էլեն Կարագուլյանը:

16 ցուցարարն ընդամենը 3 քնապարկ ունեն: Ակցիայի նախաձեռնողը, ասում են, Շահեն Հարությունյանն է, 2015 թվականի «Անոնիմուսների երթից» հետո ձերբակալված ու դատապարտված Շանթ Հարությունյանի որդուին:

«Ինձ զարմացնում է՝ ինչու՞, օրինակ, դուք չեք միանում: Ինչու՞ բոլորը մեզ չեն միանում», - ասում է ցուցարարներից մեկը:

Նրանք բոլորը միակարծիք են՝ իրենց պահանջն արդար է ու ճշմարիտ՝ Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվի:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net
ՖՈՏՈՇԱՐՔ