PAN-ը պատմում է, թե ինչ է արել Բաբայանն Արցախյան ազատամարտի տարիներին և դրանից հետո. մահափորձ ԼՂՀ նախագահի դեմ, 4.5 տարվա ազատազրկում, ներում, կուսակցության հիմնում ու գրեթե 10 տարվա բացակայություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծնվել է Ստեփանակերտում 1965 թվականին: Նա ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներից է. 1992-1993 թթ. Ղարաբաղի զինված ջոկատների ղեկավարներից մեկն էր: Մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության մշակմանը և իրագործմանը: Այնուհետև՝ 1993 թ. նոյեմբերից մինչև 1999 թ. դեկտեմբերը, եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար:
Հատկանշական է, որ 1994 թ. Բիշկեկի արձանագրության ՝ ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի տակ դրված է հենց Սամվել Բաբայանի ստորագրությունը:
1998-99 թվականներից, սակայն, սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ ԼՂՀ քաղաքական և ռազմական ղեկավարության հարաբերությունները, մեղմ ասած, լարված են: Արդյունքում 1999-ի դեկտեմբերին Բաբայանը հրաժարական տվեց:
3 ամիս անց՝ 2000-ի մարտի 22-ին, Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացվեց, որի հետևանքով վերջինս հրազենային վիրավորում ստացավ: Իրավապահ մարմինները հայտարարեցին, որ մահափորձի պատվիրատուն Սամվել Բաբայանն է:
2001 թ. փետրվարի 26-ին Սամվել Բաբայանի գործով մեղադրական վճիռ կայացվեց, որով նախատեսվում էր ունեցվածքի բռնագրավում և 14 տարի ազատազրկում: Բաբայանը նաև զրկվեց «Արցախի հերոս» կոչումից և «Ոսկե արծիվ» շքանշանից: 2004 թ. սեպտեմբերի 17-ին, սակայն, Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանին ներում շնորհելու մասին հրաման ստորագրեց:
2004-ին բանտից ազատվելուց հետո Բաբայանը ԼՂՀ-ից տեղափոխվեց ՀՀ, ստեղծեց «Դաշինք» կուսակցությունը, որն արդեն 2007-ին գործակցում էր Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդ», ինչպես նաև՝ Ռամկավար ազատական կուսակցությունների հետ: Բաբայանը ծրագրել էր միավորել այս 3 կուսակցությունը, որպեսզի դրանց հենքի վրա նոր՝ ուժեղ կուսակցություն ձևավորվի: Դա ժամանակին համարվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագիծը:
Վերջին պահին, սակայն, ծրագիրը տապալվեց. Բաբայանն առանց որևէ բացատրության հանել էր իր թեկնածությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հայաստանյան բանկերից մեկում գրավ է դրել իր, Ալբերտ Բազեյանի և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները, վերցրել այդ գումարը և անհետացել: Տեղեկություններ կային, որ նա մեկնել է Մոսկվա:
Մինչև 2015-ի գարունը լեգենդար «Իժոյից»՝ նույն ինքը՝ Սամվել Բաբայանից, որին ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը 4.5 տարի փակված պահեց Շուշիի բանտում՝ իր դեմ մահափորձ իրականացնելու համար, հետո ներում շնորհեց, որևէ տեղեկություն չկար:
2015-ի մարտին սկսեցին լուրեր շրջանառվել, թե Սամվել Բաբայանը պատրաստվում է միջամտել մայիսի 3-ին Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ աջակցելով Արցախյան «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցությանը: Սակայն լուրերը չհաստատվեցին:
Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի մայիսին, Բաբայանը հայտարարեց, որ ՌԴ-ից վերադարձել է Հայաստան և մեկնելու է Արցախ: Ստեփանակերտում նրան դիմավորեցին համակիրների հանրահավաքով ու երթով: ՌԴ-ում գտնվելը նա բացատրել էր անձնական պատճառներով:
Հաջորդ օրը ԼՂ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, որը և կազմակերպել էր դիմավորման արարողությունը Ստեփանակերտի մուտքի մոտ, բռնի տարվել և ծեծի էր ենթարկվել:
Ղարաբաղում Բաբայանը մի քանի հարցազրույց տվեց, որոնք որոշների կողմից գնահատվեցին, որպես պարտվողական: Այնուհետև նա կրկին հասարակության տեսադաշտից դուրս էր:
2017-ին արդեն «Իժոն» հայտարարեց ՀՀ ԱԺ ընտրություններում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին աջակցելու մասին: Դրան հաջորդեցին Ջրառատի դեպքերը, որոնցից հետո Բաբայանն ասել էր՝ «եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու»: Որոշ լրատվամիջոցներ սա որպես «Սասնա ծռեր-2»-ի նախազգուշացում էին ներկայացրել:
Այնուհետև՝ մարտի 22-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
ԱԱԾ-ի համաձայն՝ կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են ՊԲ նախկին հրամանատար Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։