4 ապրիլի 2017 - 14:00 AMT
ՀՈԴՎԱԾ
Ամերիկյան աստվածներ
Ի՞նչ պետք է իմանալ տարվա կարևոր մեդիա իրադարձություններից մեկի մասին
Ապրիլի 30-ին ամերիկյան կաբելային Starz հեռուստաալիքը սկսելու է «Ամերիկյան աստվածներ» (American Gods) նոր հեռուստասերիալի ցուցադրությունը՝ հիմնված հանրահայտ անգլիացի գրող Նիլ Գեյմանի համանուն վեպի վրա։ Հեռուստատեսային նորույթի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին դեռ 2011թ-ին, սակայն, անցնելով իսկական «արտադրական դժոխքի» միջով, այն ի վերջո հանգրվանեց շոուրաներ Բրայան Ֆուլերի մոտ, ով սկզբնաղբյուրի մեծ երկրպագու է։

«Ամերիկյան աստվածներ» ստեղծագործության էկրանավորումը, հաշվի առնելով սկզբնաղբյուրի առանձնահատկություններն ու երկրպագուների բազմամիլիոնանոց բանակի առկայությունը, բարդ ու պատասխանատու գործ է։ Սերիալի դիտմանը անհրաժեշտ է պատրաստվել, այդ իսկ պատճառով PanARMENIAN.Net-ը պատմում է այն մասին, թե ինչ պետք է իմանալ տարվա կարևորագույն մեդիա իրադարձություններից մեկի հետ առնչվելուց առաջ։

Ի՞նչ է «Ամերիկյան աստվածներ»-ը

«Ամերիկյան աստվածներ»-ն անգլիացի գրող Նիլ Գեյմանի չորրորդ արձակ ստեղծագործությունն է, որին նախորդում էին «Բարի գույժերը» (Good Omens, գրված Թերի Փրատչետի հետ համատեղ 1990թ-ին), «Neverwhere»-ը (1996) և «Աստեղային փոշին» (1998):

Նիլ Գեյման

Հեղինակը կարողացել է 2001թ-ին լույս տեսած վեպում օրգանապես միախառնել ամերիկյան մշակույթի էլեմենտները ֆենթեզիի հետ՝ ճյուղավորելով ու համադրելով հին և ժամանակակից դիցաբանությունը։ Ավելին, առասպելական կերպարները՝ Օդինը, Լոքին, Չեռնոբոգը (բալթիական սլավոնների առասպելաբանության չար աստվածը, բոլոր դժբախտությունների պատճառը), Անանսին, Անուբիսը, Հորը և այլոք վեպում զգալի դերակատարում ունեն։

Կադր American Gods սերիալից, Starz, 2017

Բացի այդ, գրքի իրադարձություններին մասնակցում են նաև ժամանակակից աշխարհի առասպելների կերպարները, օրինակ, նույն Գեյմանի «Ավազե մարդը» (The Sandman) կոմիքսներից որոշ հերոսներ։ Գրքի կենտրոնական հերոսը՝ «Ստվերը» ( Shadow Moon) բանտից վաղաժամկետ ազատվելուց հետո հայտնվում է կնոջ՝ Լորայի ու ամենամոտ ընկերոջ՝ Ռոբիի հուղարկավորությանը, ովքեր զոհվել են ավտովթարի ժամանակ։ Հետագայում գլխավոր հերոսը սկսում է առնչվել խորհրդավոր կերպարների հետ՝ բարդ ու խճճված իրադարձությունների ընթացքում ավելի ու ավելի բացահայտելով «ամերիկյան աստվածների» գաղտնիքները։

Կադր American Gods սերիալից, Starz, 2017

2002թ-ին գիրքն արժանացել է Հյուգո և Նեբյուլա մրցանակների՝ «լավագույն վեպ» անվանակարգում և Բրեմ Սթոկերի անվան մրցանակին։

Ինչպե՞ս պատրաստվել սերիալի դիտմանը

Իդեալական տարբերակը ներառում է ոչ միայն վեպի ուշադիր ընթերցումը, քանի որ այն բազում ճյուղերով կապված է Գեյմանի այլ ստեղծագործությունների հետ։ Ամբողջական պատկերացում կազմելու համար ծանոթությունը պետք է սկսել վերևում նշված երեք նախորդող վեպերից (հեղինակի ստեղծագործական առանձնահատկություններին ավելի լավ ծանոթանալու համար), ապա՝ «Ավազե մարդը» կոմիքսների շարքի հետ ծանոթացումից (1989-1996թթ-ի ընթացքում ունեցել է 75 թողարկում)։

Կադր American Gods սերիալից, Starz, 2017

«Ամերիկյան աստվածներ»-ի ընթերցումից հետո կարելի է ծանոթանալ նույն Գեյմանի կարճ պատմվածքների ու բանաստեղծությունների «Փխրուն իրեր․ հեքիաթներ ու պատմություններ» (Fragile Things: Short Fictions and Wonders, 2006) ու «Զգուշացեք, Թրիգերներ են» (Trigger Warning: Short Fictions and Disturbances, 2016) ժողովածուներին և «Անանսիի տղաները» (Anansi Boys, 2005) ֆանտաստիկ վեպին, որի իրադարձությունները ծավալվում են նույն «Ամերիկյան աստվածներ»-ի աշխարհում։

Կադր American Gods սերիալից, Starz, 2017

Բնականաբար, հաշվի առնելով դիցաբանական հարուստ աղբյուրները ու հղումները, որ օգտագործել է հեղինակն իր ստեղծագործությունում, հրաշալի կլինի նաև պատկերացում կազմել գերմանա- սկանդինավյան, բալթիական սլավոնների, Արևմտյան Աֆրիկայի ժողովուրդների, հունական, աքքադա-շումերական, հնդկական, հին եգիպտական դիցաբանության, վուդուի, ժամանակակից «քաղաքային լեգենդների» մասին և այլն։ Պատկերը կարող է ամբողջացվել Գեյմանի«Հյուսիսային դիցաբանություն» (Norse Mythology, 2017) գրքի ընթերցմամբ։

Սերիալը

Համանուն սերիալի առաջին եթերաշրջանը բաղկացած է լինելու 8 էպիզոդներից ու, հավանաբար, չի ներառի ամբողջ վեպը (Starz-ն արդեն հայտարարել է երկրորդ եթերաշրջանին «կանաչ լույս» տալու մասին): Սերիալի հեղինակը Բրայան Ֆուլերն է (Pushing Daisies, Wonderfalls, Dead Like Me և Hannibal կուլտային սերիալների ստեղծողը), ով Գեյմանի ստեղծագործության մեծ երկրպագու է և հրաշալի կարող է զգալ բարդ վեպը կինոյի լեզվով պատմելու համար անհրաժեշտ մոտեցումը:

Բրայան Ֆուլեր

Սերիալի պրոմո-նյութերից արդեն պարզ է դառնում, որ ստեղծողները հավատարիմ են մնացել սկզբնաղբյուրին․ սցենարը Ֆուլերը գրել է Մայքլ Գրինի հետ համատեղ (վերջինս հեղինակել է այս տարվա մայիսին սպասվող ևս մեկ կարևոր մեդիա իրադարձության՝ Ռիդլի Սքոթի Alien: Covenant ֆիլմի սցենարը):

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net