5 ապրիլի 2017 - 15:47 AMT
ՀՈԴՎԱԾ
Նախագահի 7-րդ մատնահետքն ու ընդդիմության պակասած մանդատները
Ընտրությունների առավել ուշագրավ արդյունքները՝ թվերով
Ապրիլի 2-ին Հայաստանն ընտրեց իր 6-րդ գումարման խորհրդարանը, որում, ինչպես և նախորդ Ազգային ժողովում, գերիշխող դիրք է գրավելու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Վերլուծաբանները դեռ երկար կխոսեն ու կգրեն չաշխատող տեսախցիկների, ընտրակաշառքների ու ընդդիմության արդյունքների մասին: Իսկ մինչև այդ, PAN-ը ներկայացնում է այս ընտրությունների ամենահետաքրքիր, մտահոգիչ և, ինչու ոչ, հուսադրող թվերը:

Ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: 2012 թվականին քվեարկողների թիվը 1,573,053 էր:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, անվավեր է ճանաչվել ընդամենը 6701 քվեաթերթիկ:

2012-ին ձևավորված 2 ընդդիմադիր խմբակցության փոխարեն նոր ԱԺ-ում լինելու է 1-ը, 12 պատգամավորի փոխարեն՝ 9-ը:

Ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայնը ստացել է ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը՝ 45339 ձայն: Ամենաքիչ ձայնը ստացել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Գառնիկ Վարդանյանը՝ 6 ձայն:

6-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 105 պատգամավոր:

Մատնահետքը գրանցող էլեկտրոնային սարքը մոտ 3 րոպե չէր կարողանում գրանցել ՀՀ նախագահին: Ի վերջո, 7-րդ փորձից հետո սարքը գրանցեց Սերժ Սարգսյանի՝ աջ ձեռքի ճկույթի մատնահետքը: