25 ապրիլի 2017 - 11:19 AMT
ՀՈԴՎԱԾ
Հույսը ծովից
Ինչպես դասավորվեց մուսալեռցիներին փրկած ռազմանավի ճակատագիրը
1915 թվականի սեպտեմբերի 5-ին ֆրանսիական Միջերկրական ծովի արևելյան մասում նավարկող ֆրանսիական 3-րդ տորմիղի «Գիշեն» մարտանավի անձնակազմը թուրքական ափերին նկատեց հսկայական սպիտակ դրոշներ: Դրոշներից մեկը կարմիր խաչով էր, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեք» անգլալեզու գրությամբ: Նավապետ Ժոզեֆ Բրիսոնը կարգադրեց մակույկներ իջեցնել և հետախուզել իրավիճակը: Ափից դեպի մակույկները լողորդներ նետվեցին, որոնց նավ բարձրացրին:

Պարզվեց, որ լողորդներն ափամերձ գյուղերի հայերն են: Նրանք Բրիսոնին անգլերեն լեզվով գրված նամակ փոխանցեցին՝ օգնություն աղերսելով: «Գիշենը» փրկության հիմնական հույսն էր Հայոց ցեղասպանության տարիներին հայկական դիմադրության ամենահամարձակ ու հաջողված դրվագներից մեկի՝ Մուսա լեռան 53-օրյա լեգենդար պաշտպանության մասնակիցների համար:

«Գիշենի» հայտնվելուց մոտ մեկ ամիս առաջ՝ 1915-ի օգոստոսի 2-ին հազարավոր հայեր Անթաքյայի շրջանից (այժմ Սիրիային սահմանակից Հաթայ գավառ) հրաժարվեցին ենթարկվել բռնագաղթի հրամանին: 4300 մարդ լեռը բարձրացավ և դիրքավորվեց այնտեղ՝ պատրաստվելով դիմադրության: Նրանցից միայն 500 էր մարտիկ, հայերն ունեին մոտ 200-250 հին որսորդական հրացան, 100-130 լավ հունական հրացան և մի քանի «մաուզեր»: Հաջող պաշտպանության մի քանի շաբաթվա ընթացքում մուսալեռցիները հյուծվել էին, սակայն չէին կորցնում հույսն ու մշակում էին փրկության տարբեր պլաններ: Հալեպ սուրհանդակ ուղարկվեց՝ ԱՄՆ հյուպատոսին ուղղված ուղերձով, սակայն նա չհասավ նպատակին: Սեպտեմբերի 2-ից սկսած 3 լողորդ մշտապես հերթապահում էր ափին՝ պատրաստ լինելով լողալով հասնել ացնող ցանկացած նավի:

Դիմադրության մասնակիցներից մեկի հրացանը (Մուսա լեռան պատմության թանգարանի ցուցանմուշներից)

«Գիշենը» ճիշտ ժամանակին հայտնվեց՝ հայերի զինամթերքն արդեն վերջանում էր: Լսելով լողորդներին՝ նավապետ Բրիսենը իր հիացմունքը հայտնեց դիմադրության մասնակիցներին և հեռագրեց նավատորմի նավապետ, ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին: Վերջինս հայերին օգնելու խնդրագիր է ուղարկում վերին ատյաններին: Չսահմանափակվելով հեռագրով՝ Բրիսենը հրամայում է «Գիշենին» կրակ բացել ծովից թուրքական դիրքերի ուղղությամբ: Ֆրանսիական հարվածները ոչնչացնում են թուրքական զինանոցը Քեբուսիե գյուղի եկեղեցում և ստիպում են նահանջել նավակների ուղղությամբ կրակող թուրք զինվորներին: Բրիսենն արճիճ է տալիս հայերին փամփուշտներ ձուլելու համար և խոստանում է հրամանատարության պատասխանը փոխանցել 8 օրից: Որգևորված հայերը շարունակում են հաջողությամբ պաշտպանել իրենց դիրքերը թուրքերի գրոհներից:

Ադմիրալ դյու Ֆուրնեն այդպես էլ կոնկրետ պատասխան չի ստանում հայերին օգնելու վերաբերյալ իր խնդրանքին և որոշում է գործել՝ անձնական պատասխանտվություն ստանձնելով: Սեպտեմբերի 8-ին «Գիշենից» բացի Մուսա լեռան են մոտենում «Դեզեքս» և «Ժաննա Դ՛Արկ» մարտանավերը, ստուգվում են նահանջի բոլոր ուղիներն ու հայերի տարհանման հնարավորությունները, հստակեցնում տարհանման ենթակա մարդկանց քանակը:

Մուսալեռցիների տարհանումը

Սեպտեմբերի 11-ի երեկոյան որոշվեց սկսել տարհանումը, որը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին: Հայերին արգելվեց հագուստից բացի որևէ բան վերցնել: 3000 հայ, հիմնականում կանայք և երեխաներ, տեղավորվեցին «Ֆուդր», «դ'Էստրե», «Գիշեն», «Ծովակալ Շարնե», «Դեզեքս» նավերում: Սեպտեմբերի 13-ին տարհանումը շարունակվել է և ավարտվել է սեպտեմբերի 14-ին: Նավերը հայերին տեղափոխեցին եգիպտական Պորտ Սաիդ, ուր նրանք ժամանեցին սեպտեմբերի կեսին: Ըստ որոշ տվյալների, փրկվեց մոտ 4200 մարդ, մեկ այլ վարկածով՝ 4058 մարդ: «Գիշեն» նավի, որպես Մուսա լեռան ինքնապաշտպանության գլխավոր դերակատարներից մեկի անունը, գրվեց հայոց պատմության դասագրքերում՝ դառնալով փրկված հայերի փրկության խորհրդանիշը:

Ֆրանսիական նավի հետագա ճակատագիրը տխուր դասավորվեց: Հայերի համար նման ճակատագրական դերակատարություն ունեցած նավը համարվում էր անհաջողակ և խիստ քննադատության էր ենթարկվում: 1895-ի հոկտեմբերին Սեն Նազերում հիմնված և 1898-ին շահագործման հանձնված նավը Մուսա լեռան իրադարձություններից 2 տարի անց զինաթափվել է և օգտագործվել որպես ռազմական տրանսպորտ: Այդ որակով էլ «Գիշենը» օգտագործվել է հիմնականում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Որպես մարտանավ այն չէր կիրառվում, քանի որ սպառազինությունը բավարար չէր:

1916-ին նավը Սալոնիկ է տեղափոխել ռուսական էքսպեդիցիոն կորպուսը: 1919-ին մասնակցել է Անտանտայի ներխուժմանը Ռուսաստան Քաղաքացիական պատերազմի ժամանակ: Նավի հրամանատարն էր Ֆրանսիայի կոմունիստների ապագա առաջնորդ Շառլ Տիյոնը: Արդեն 1921-ին մարտանավը դուրս գրվեց և հանվեց շահագործումից:

Մուսա լեռան ինքնապաշտպանության հերոսական պատմության մանրամասն դրվագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net