13 մայիսի 2017 - 14:06 AMT
ՀՈԴՎԱԾ
Պուլիցերյան լուսանկարներ
Քլինթոն-Լևինսկի սկանդալը
Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

Լուսանկարիչներ Ռոբերտ Բուկատին և Դեն Լոն Պուլիցերյան մրցանակի են արժանացել 1999-ին Associated Press-ում աշխատելիս: Նրանք մրցանակի են արժանացել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և հայցորդ Մոնիկա Լևինսկու սիրավեպի ժամանակաշրջանում արված առանցքային դեմքերի և իրադարձությունների լուսանկարների շարքի համար: Քլինթոն-Լևինսկի սկանդալը ծագեց 1998-ին, երբ հայտնի դարձավ ԱՄՆ 49-ամյա նախագահ Բիլ Քլինթոնի և Սպիտակ տան 22-ամյա աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու միջև սեռական հարաբերությունների մասին: Նրանց հարաբերությունները տևել են 1995-ի նոյեմբերից մինչև 1997-ի մարտ: 1996-ի ապրիլին Լևինսկուն Սպիտակ տնից տեղափոխեցին Պենտագոն, քանի որ նրա վերադասը սկսեց հասկանալ, որ Մոնիկան չափազանց շատ ժամանակ է անցկացնում նախագահի հետ:

© J. Scott Applewhite / Associated Press

Նախագահի հետ հարաբերությունների մասին Մոնիկան պատմել է իր ընկերուհի և աշխատակցուհի Լինդա Թրիփին, իսկ 1997-ի սեպտեմբերից Թրիփը գաղտնի ձայնագրել է Մոնիկայի հետ հեռախոսազրույցները, որոնք առնչվում էին Քլինթոնի հետ սիրավեպին: Ավելի ուշ նա այդ ձայնագրությունները փոխանցել է Քենեթ Սթարին, որը հետաքննում էր այդ գործի հանգամանքները:

Սկզբից և Լևինսկին, և Քլինթոնը ժխտում էին իրենց կապը, թեև երդում էին տվել ճշմարտությունն ասելու, հետո ընդունեցին մեղքն անհերքելի ապացույցների ճնշման տակ, ինչն առիթ տվեց մեղադրելու Քլինթոնին կեղծ վկայություն տալու մեջ և արդյունքում հասցրեց իմփիչմենթի:

Հիլարի Քլինթոնն աջակցում էր ամուսնուն ամբողջ սկանդալային պատմության ընթացքում: Հունվարի 27-ին , NBC-ի Today ծրագրում նա ասել է. «Այստեղ ամեն ցանկացողի համար մեծ պատմություն կա՝ գտնելու, գրելու և բացատրելու այն մեծ աջակողմյան դավադրութունը, որը կար ամուսնուս դեմ այն օրվանից ի վեր, երբ նա հայտարարեց, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին»:

© Susan Walsh / Associated Press

1999-ի հունվարից փետրվարի ընթացքում Քլինթոնի իմփիչմենթի գործը քննարկել է ԱՄՆ Սենատը: Նախագահի հրաժարականի համար պահանջվում էր սենատորների 2/3-ի ձայները (100-ից 67-ի), սակայն կեղծ վկայություն տալու մեղադրանքը մերժվեց 55 ձայնով 45-ի դեմ: Այդպիսով, իմփիչմենթը մերժվեց, Քլինթոնը շարունակեց պաշտոնավարել մինչև նախագահության ժամկետի ավարտը՝ 2001-ի հունվարի 29-ը:

Հայտնվելով քաղաքական սկանդալի կենտրոնում, Մոնիկան բազմաթիվ հարցազրույցներ է տվել, որոնք 70 մլն ամերիկացի է դիտել, իսկ 1999-ին նա հրատարակեց իր կենսագրությունը՝ Monica's Story-ն: Ընդհանուր առմամբ նա մոտ 1.5 մլն դոլար վաստակեց, որի մեծ մասը գնաց իրավաբանական ծառայությունների դիմաց վճարներին:

Մոնիկայի խոստովանությամբ, իր անձի հանդեպ մամուլի սևեռուն ուշադրության շրջանը նա կարողացել է վերապրել գործելու շնորհիվ:

2005-ին, տեսնելով, որ նա դեռ երկար չի կարողանա հանգիստ կյանքով ապրել ԱՄՆ-ում, Մոնիկան տեղափոխվում է Լոնդոն և սովորում Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում՝ հաջողությամբ ատենախոսություն պաշտպանելով 2006-ի դեկտեմբերին: 2014-ի մայիսին, 10 տարի լռելուց հետո, Մոնիկան էսսե է հրապարակում Vanity Fair ամսագրում, որը վերնագրված էր «Ամոթն ու վերապրումը»: Էսսեում նա խոստովանել է, որ խորապես ափսոսում է իր և նախագահի միջև կատարվածի համար:

© Roberto Borea / Associated Press

Լևինսկին նշել է, որ պահեր են եղել, երբ իրեն թվացել է, թե իր հասցեին ծաղրանքները կասեցնելու միակ միջոցը ինքնասպանությունն է: Սակայն, նա իր մեջ ուժ է գտել ապրելու: Մոնիկա Լևինսկին կոչ է արել բոլորին չմասնակցել համացանցային հալածանքներին՝ կարեկից լինելով այլոց հանդեպ:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net