30 մայիսի 2017 - 16:24 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Չծերացող Ազնավուրը
Ինչպես է անցել «Լա Բոհեմը» բալետի երևանյան պրեմիերան
Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը յուրահատուկ նվեր ստացավ իր ծննդյան 93-ամյակի կապակցությամբ՝ իր երգերի մոտիվներով «Լա Բոհեմ» բալետի բեմադրությունը:

PanARMENIAN.Net-ը պատմում է, թե ինչպես երևանյան հանդիսատեսն ընդունեց «Բոհեմը», որի պրեմիերային Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում ներկա էր լեգենդար Շառլ Ազնավուրը:

Բեմադրությանը սպասելիս

Հանդիսատեսը սկսեց զբաղեցնել տեղերը մեկնարկից մի ժամ առաջ: Այստեղ էին բոլորը՝ դիվանագետներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ, «Ավրորա» մրցանակաբաշխության մասնակիցներ, երևանցիներ, որոնք չէին կարող բաց թողնել այդպիսի գեղեցիկ իրադարձությունը:

http://media.pn.am/media/issue/240/799/textphoto/photo_240799_3f4d58698.jpg

«Բոհեմի» բեմադրության հեղինակ Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը պրեմիերայից առաջ խոստովանեց, որ շատ է հուզված: Նա պատմեց, որ այն 12 երգը, որոնք ընդգրկվել են բեմականացման մեջ, ընտրել է ինքը՝ շանսոնյեն:

«Ամբողջ ընթացքում սերտ կապի մեջ էինք Ազնավուրի հետ, ամեն ինչ նրա հետ ենք համաձայնեցրել: Դա շատ պատասխանատու գործ է՝ ներկայացնել բալետային բեմադրություն, նվիրված նրան: Երբ ծնվել եմ, Շառլն արդեն երգում էր, դա հրաշք է: Նրա երգերը ճեղքել են ժամանակը, դրանք ժամանակից դուրս են»,- ասաց նա:

Խառատյանը նաև հայտնեց, որ 2017-ի աշնանը նախատեսում են սկսել աշխատել բալետի 2-րդ մասի վրա, որը կկոչվի «Շերբուրյան հովանոցներ»:

Մենակատարներից Գարեգին Բաբելյանն իր հերթին պատմեց, որ աշխատանքը շատ երկար էր, դժվար, բայց միաժամանակ շատ հետաքրքիր:

«Ինքս գնահատական չեմ տա, թե ինչպես է ստացվել, բայց հուսով եմ, որ մաեստրոն կգնահատի մեր փոքրիկ նվերը»,- ասաց նա:

Ազնավուրը դահլիճում

Դահլիճն արդեն լեփ-լեցուն էր: Մարդիկ զրուցում էին և լուսանկարվում: Հանկարծ զրույցների աղմուկն ու իրարանցումը դադարեց, հնչեցին բարձր ծափահարություններ՝ օթյակում հայտնվեց Ազնավուրը:

93-ամյա շանսոնյեն եկել էր նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Արմեն Ամիրյանի, ինչպես նաև օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ընկերակցությամբ: Ազնավուրն ի պատասխան ևս ծափահարեց հանդիսատեսին, սակայն օվացիան չէր դադարում: Դահլիճում չկար գոնե մեկը, ով չէր համակրում ցածրահասակ այդ մեծ արվեստագետին: Բոլորը հասկանում էին, որ մեկ դահլիճում են լեգենդի հետ:

Երաժշտագետը, որը 40-ականների Փարիզում գրել էր, որ «խենթ է պետք լինել այդպիսի արտաքինով ու ձայնով հանրության առջև ներկայանալու համար», այսօր Երևանում ծիծաղի առարկա կդառնար: Այն, որ Ազնավուրը կնվաճի աշխարհը, առաջիններից մեկը կանխատեսել է Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը: «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև հուզել գիտեք»: Ազնավուրի ներկայությունը հուզիչ էր ոչ միայն բալետի արտիստների, այլ նաև հանդիսատեսի համար: Ծափահարությունները դադարեցին միայն այն ժամանակ, երբ լույսը դահլիճում մարեց:

Երևանյան «Բոհեմն» ու Շառլի չծերացող ձայնը

Բալետային բեմադրությունն իրականացվել է շանսոնյեի 12 երգի հիման վրա: Ինչպես նշեց բեմադրիչը, իր առջև խնդիր էր դրված ներկայացնել Ազնավուրի Փարիզն ու նրա երիտասարդ տարիները:

Բալետը սկսվեց Je m'voyais déjà («Ես ինձ արդեն տեսել եմ») երգով: Հանդիսատեսը տեղափոխվեց Ազնավուրի երիտասարդություն՝ պատկերացնելով Ֆրանսիայի մայրաքաղաքն այնպիսին, ինչպիսին էր այն Ազնավուրի համար: Բեմադրությանը մասնակցում էր 20 արտիստ՝ 10 կին և 10 տղամարդ: Երգերից յուրաքանչյուրը մի առանձին պատմություն էր պատմում: Ուշադիր հանդիսատեսը կարող էր տեսնել Ազնավուրի ծանոթությունը ֆրասիական երգի լեգենդ Էդիտ Պիաֆի հետ: Ինչպես պատմել է մաեստրոն, Պիաֆի շնորհիվ նա ճանաչեց իրական Ֆրանսիան:

Բալետի առանձին էպիզոդներ ներկայացնում էին շանսոնյեի անցած ուղու դժվարությունները, բեմադրությունը չէր շրջանցել նաև Ազնավուրի հարաբերությունները կանանց հետ:

«Ամուրու իմ կյանքը լի էր անցողիկ ու խելահեղ սիրային պատմություններով: Կանայք ինձ սիրում էին, խաբում, պաշտում կամ մերժում: Ես ինձ ոչ տառապյալ եմ համարում, ոչ էլ սուրբ: Ես լքում էի արտասված մի կնոջ՝ մյուսի գիրկն ընկելու համար: Խորը և անկեղծ զգացմունքներին ես գերադասում էի կարճատև սիրավեպերը: Ես խաբում էի ու խաբվում: C’est la vie… Այդպիսին է կյանքը... »,- ժամանակին ասել է Ազնավուրն ու նշել, որ իր երգերից ոչ մեկը նվիրված չէ կոնկրետ մի կնոջ:

Բեմադրության մեջ ընդգրկվել են նաև նրա հետևյալ երգերը՝ Lamour cest comme un jour, Les Comédiens , For me fomidable, Donne tes seize ans, Sa jeunesse, Pour fair une jam, La palais de nos chimeres, Les deux guitares, Hier encore, Je tattends и La boheme:

Ազնավուրի կենսախինդ ու ոգեշնչող երաժշտությունը համակում էր հանդիսատեսին: Շանսոնյեն միշտ համարել է, որ երբեք չի եղել նորաձև երգիչ: «Լավ է հայտնի, որքան արագ են հնանում նորաձև իրերը: Իսկ երգն ապրում է անդադար՝ նույնքան երկար, որքան մարդը», - մի առիթով ասել էր երգիչը:

Ըստ Խառատյանի, երիտասարդ տարիներին շանսոնյեն ավելի եռանդով էր կատարում իր ընտրած երգերը: «Տարիների հետ Ազնավուրն ավելի խոհական է դարձել»,- կարծում է արտիստը:

«Հավերժական սեր»

Երբ հնչեց «Բոհեմի» վերջին երգը և դերասանները դուրս եկան խոնարհվելու, հանդիսատեսը չէր կարողանում հավատալ, որ արդեն 40 րոպեն անցել է և բեմադրությունն ավարտվել է: Հանդիսատեսը հոտնկայս էր ծափահարում: Ոտքի ելավ նաև Ազնավուրը և միացավ ծափողջույններին:

Օվացիաները չէին դադարում, բոլորը շրջվել էին դեպի շանսոնյեն ու փորձում էին ծափահարությունների միջոցով արտահայտել այն ամենը, ինչ կար նրանց սրտում: Չէ որ հայ ժողովրդի համար Ազնավուրը վաղուց արդեն այն մարդն է, որի ամեն մի այց տոնի է վերածվում: Հայաստանի համար Շառլի անունը հպարտություն է ու երջանկություն, որ նա կա:

Ակնկալվում է, որ երևանյան «Բոհեմը» կընդգրկվի Երևանի օպերային թատրոնի մշտական խաղացանկում և կներկայացվի նաև արտերկրում: Բեմադրության հեղինակն ասել է, որ արդեն կա հետաքրքրություն բեմադրության հանդեպ: Նշանակում է, Ազնավուրը նաև բալետի միջոցով կխոսի աշխարհի հետ:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան / PAN Photo
ՖՈՏՈՇԱՐՔ