30 մայիսի 2017 - 16:10 AMT
ՀՈԴՎԱԾ
Մորուք, օրգաններ ու ձմերուկի կլեպ
Ինչ տարօրինակ ապրանք է արտահանում Հայաստանը
Հայկական ArmEc Trading ընկերությունն էկվադորյան բանան է արտահանում Ղազախստան:

Այդ մասին ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը հայտնել է EADaily լրատվամիջոցին: PAN-ին հետաքրքրեց՝ էլ ինչ անսպասելի ու տարօրինակ ապրանքներ են արտահանվում Հայաստանից:

Մաքսային ծառայության հրապարակվող տեղեկանքներում մանրամասն նկարագրվում է, ապրանքային ինչ ենթախմբից որքան ապրանք է արտահանվում ՀՀ-ից ու որտեղ: Օրինակ, 2015-ին ՀՀ-ից, որը երբեք բրնձագործության կենտրոն չի եղել, արտահանվել կամ, հավանաբար, վերաարտահանվել է 120 կգ բրինձ: 2016-ին արտահանել կամ, կրկին, վերաարտահանել ենք 36 կգ կակաո-փոշի: Նույն տարում Հայաստանը մրգերի՝ ձմերուկի, սեխի ու ցիտրուսայինների կլեպի փոքր խմբաքանակ է արտահանել:

2016-ին ՀՀ-ից է արտահանվել չնչին քանակի՝ մոտ $100-ի, «գեղձ և այլ օրգան՝ օրգանաբուժության համար» խմբի ապրանք: Դրանք արտահանվել են Բելգիա ու Ավստրիա: Միաժամանակ արտահանվել է 18.2 տոննա արյուն, հակաշիճուկ ու աճեցված մանրէներ՝ $5.8 մլն մաքսային արժեքով:

Տարօրինակ ապրանքներ է ՀՀ-ն արտահանում նաև Վրաստան: 2016-ին այնտեղ էինք արտահանել կամ վերաարտահանել $6.1 մլն-ի 24.7 մլն խորանարդ մետր գազ (գործարքի մասին նախկինում պատմել ենք): Դրանից 1 տարի առաջ՝ 2015-ին, Վրաստան է արտահանվել 6 հատ մակույկ:

ԵՏՄ-ին միանալուց հետո ՀՀ-ից սկսեցին նաև մարդատար մեքենաներ վերաարտահանվել: 2015-ին դրանց թիվը 120 էր, 2016-ին վերաարտահանման ծավալը կազմել է արդեն 1800 մարդատար ավտոմեքենա: Նույն տարում ՀՀ-ն արտահանել է նաև $16 մլն-ի ժամացույցի կորպուսներ, 986 կգ մկրատ, ու 374 կմ «կայծակ» ճարմանդ, նույն ինքը՝ ժողովրդի լեզվով ասած «զմեյկա» տիպի շղթա: Իսկ 2015-ին ՀՀ-ն 3.5 կգ դնովի մորուք, թարթիչներ ու նմանատիպ պարագաներ է արտահանել:

Կարդացեք նաև. Հայաստանը՝ զավեշտալի, զայրացնող, տխրեցնող ու զվարճացնող թվերով

Երկրներ ու ապրանքներ, որոնք ձևավորել են ՀՀ արտահանումը 2016-ին

ՀՀ-ն զենք է արտահանել Կոնգո