2 հունիսի 2017 - 13:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Չելյաբինցի «մուժիկ» Դորնը
Ով է նա և ինչու չի կարելի բաց թողնել երգչի երևանյան համերգը
Հայտնի ուկրաինացի երգիչ Իվան Դորնը հունիսի 3-ին համերգով հանդես կգա Երևանում: #Randorn հեշթեգով բաց համերգը նրա համանուն ալբոմի մոտիվներով, որը թողարկվել է 2014-ին, տեղի կունենա Dalma Garden Mall-ի տարածքում: PAN-ը հավաքել է երգչի կյանքի առավել հետաքրքրական դրվագները և պատմում է, թե ինչու չի կարելի բաց թողնել նրա երևանյան համերգը:

Չելյաբինցի «մուժիկ» Դորնը

«Հավանաբար, ես հաճախ եմ նեղացնում մարդկանց: Նախկինում դա ավելի հազվադեպ էր պատահում: Հիմա ես արդեն այդքան հանդուրժող չեմ, սկսել եմ ավելի հաճախ ճշմարտությունը մարդկանց երեսին ասել»:

Դորնը ծնվել է Չելյաբինսկում, իսկ 2 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ուկրաինա: Հիշելով Իվանի ծագման մասին, ընկերները հաճախ են նրան Իվան Դուլին անվանում՝ հումորային «Մեր Russia»-ի հերոսի անունով:

28-ամյա ուկրաինացի երգիչը, դիջեյն ու հեռուստահաղորդավարը մանկուց է հասկացել, որ երգն է իր կոչումը: Առաջին անգամ փոքրիկ Դորնը, այն ժամանակ դեռ՝ Երյոմինը (հոր ազգանունով, Դորն նա դարձավ ավելի ուշ՝ վերցնելով մոր ազգանունը, երբ հայրը լքեց ընտանիքը) բեմ է դուրս եկել 6 տարեկանում: Դորնը երաժշտական կրթություն է ստացել (դաշնամուր), նա բազմաթիվ երաժշտական մրցույթների հաղթող է և դափնեկիր, այդ թվում. մոսկովյան «Վառիր քո աստղը» մրցույթի 1-ին տեղ, «Ղրիմի մարգարիտը»՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակ, 2001թ. «Սևծովյան խաղերի» 3-րդ տեղ, 2005-ին՝ նույն մրցույթի 2-րդ մրցանակային տեղ: Դորնը մանկուց նաև շատ սպորտային է եղել, զբաղվել է մեծ թենիսով, ֆուտբոլով, լողով, թեթև աթլետիկայով, պարահանդեսային պարերով, նույնիսկ շաշկիով ու շախմատով:

«Պետք չէ ամաչել»

«Երաժշտությունն աշխարհում ամենաբուռն զարգացող ինդուստրիան է՝ բժշկության և ռազմական ոլորտների հետ մեկտեղ: Երաժշտությունն այդքան արագ է զարգանում, որովհետև չունի սահման ու շրջանակ, կարող ես անել ինչ ուզես: Սահմանափակումներ լինում են այն դեպքում, երբ երաժշտությունը հակասում է իմ ճաշակին, երբ զգում եմ, որ դա իմը չէ, ինձ այն դուր չի գալիս»:

Դորնը շոու բիզնես մտավ որպես ուկրաինական M1 ալիքի հեռուստահաղորդավար, ոչ թե երգիչ: Իսկ երաժշտությամբ պատահաբար է սկսել զբաղվել, որքան էլ տարօրինակ հնչի: 2007-ին Jamiroquai-ի համերգին Դորնը ծանոթացավ «Նորմալների զույգը» նախագծում իր ապագա գործընկերուհու՝ Աննա Դոբրիդնևայի հետ: Նախագիծը 2 տարվա կյանք ունեցավ, որից հետո Դորնը որոշեց չերկարացնել պայմանագիրն ու 2010-ին մենակատարի կարիերա սկսեց՝ արմատապես փոխելովիմիջն ու երաժշտության ուղղվածությունը: Հենց այդ ժամանակ էր, որ երիտասարդ երգիչը պարզ ու հասկանալի երգերով «յուրային տղայից» փոխակերպվեց օրիգինալ հիթերով ու հաճախ անընկալելի տեքստերով «տարօրինակ նորարարի»: Դորնի երգերը ճանաչում ստացան, այդ թվում «Ստիցամենը», «Բիգուդին», «Հյուսիսափայլը», «Առավել ևս»-ը և մյուսները:

Նա հայտնի դարձավ «Ստիցամեն» ոչ այնքան հասկանալի անվանում ունեցող հիթով, որը դուրս եկավ Ուկրաինայի և Ռուսաստանի սահմաններից և հնչում էր յուրաքանչյուր դինամիկից նույնիսկ Հայաստանում: Ի դեպ, ակումբային սլենգով «ստիցամեն» են կոչում այն տղային, որն առաջինն է դուրս գալիս պարահրապարակի կենտրոն և հորդորում է հյուրերին միանալ իրեն, երբ բոլորը դեռ ամաչում են պարել երեկույթի սկզբում: Դորնը 3 ստուդիական ալբոմ ունի՝ Co'n'dorn, Randorn-ն ու Open-ը, և 1 համերգային Jazzy Funky Dorn ալբոմը:

Սկանդալային Դորնը

«Քննադատությանը վերաբերվում եմ, պատկերավոր ասած, ինչպես վեր պարզած միջնամատին»:

Դորնը միշտ դրական արձագանքներ է ստացել: Ըստ հեղինակավոր ԶԼՄ-ների մի շարք մեկնաբանների, Դորնը շահեկան դիրք ունի «տեղական փոփ բեմի մշտական գավառական» ֆոնին, նրան են պատկանում «համաշխարհային միտումներին ամենահամարժեք, ամենահիշվող և ամենահետաքրքիր ռուսալեզու փոփ երգերը»:

Նոր անգլալեզու Open the Dorn ալբոմի վրա աշխատելիս, որը ձայնագրվել է Ամերիկայում 3 ամսում, Դորնը փոխեց իմիջը՝ սափրելով գլուխն ու մորուք թողնելով: Ալբոմի ձայնագրությունից հետո, 2017-ի ապրիլին Դորնը «առանց գրաքննության» ամենասկանդալային հարցազրույցը տվեց ռուսաստանցի լրագրող Յուրի Դուդին: Երգչի հարցազրույցից առանձին արտահայտություններ մեծ աղմուկ բարձրացրին. Դորնը ասել էր, թե Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմն ուղղակի «վեճ է», իսկ 2014-ի «Նոր ալիքում» Ուկրաինայի զինանշանով շապիկը, որը նա կրում էր «Պինգվինի պարը» երգի կատարման ժամանակ, ստիպված էր հագել, որ «հագուստի պատճառով ոչ ոք «չհոտի»:

Արձագանքը կայծակնային էր. երգչի դեմ քննադատության ու վրդովմունքի ալիք բարձրացավ, իսկ սոցցանցերի օգտատերերը «թաղեցին» նրա կարիերան:

Մայիսի 31-ին Դորնը տեսաուղերձ հրապարակեց բանաստեղծության տեսքով՝ հասցեագրված բոլոր նրանց, ով քննադատել էր իրեն ՌԴ և Ուկրաինայի հակամարտության մասին խոսքերի համար: «Ազատ մարդ եմ՝ անտեսեցի լրատվական պատի հետևում կքած ճորտին»:

Դորնը պարզաբանել է, որ երաժիշտ է մնում և մտադիր չէ հանձնվել: Բանաստեղծության վերջում երգիչը հավելել է, որ իր ուկրաինական անձնագիրը միշտ իր հետ է:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net